ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-339-14.06.2018-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 
 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Խոսրով Հարությունյանի, Հակոբ Հակոբյանի, Վահան Հարությունյանի եւ Արկադի Համբարձումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի տնտեսագիտական փորձաքննության վարչությունում:  

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի եւ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի պահանջներին:

2. Նախագծի ընդունման անհրաժեշտությունը, ըստ Նախագծի հեղինակների, պայմանավորված է  բազմակի օգտագործման տարայի օտարման մասով ԱԱՀ-ի վճարումից ազատման արտոնությունը, բացի նման տարա արտադրողից, նաեւ այդ տարան օգտագործող եւ շշալցված արտադրանք արտադրող կամ իրացնող տնտեսվարողների վրա եւս տարածելու հանգամանքն ամրագրելու մեջ, քանի որ գործող իրավակարգավորումներով երկու տեսակի ԱԱՀ վճարող կազմակերպություններից մեկը նույն ապրանքի իրացման արժեքից ԱԱՀ հաշվարկում, իսկ հետո նաեւ հաշվանցում է, իսկ մյուսը` ոչ:

Ընդհանուր առմամբ, տվյալ խնդրի առկայությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ հարկային այս արտոնությունից օգտվելու համար բազմակի օգտագործման տարա օգտագործող եւ շշալցված արտադրանք արտադրող կամ իրացնող տնտեսվարողները պարտավոր են ունենալ համապատասխան փաստաթղթեր` բազմակի օգտագործման տարայի վերադարձը հավաստելու նպատակով, ինչն էլ գործնականում գրեթե անհնարին է իրականացնել: Մյուս կողմից, բազմակի օգտագործման տարա արտադրող, ինչպես նաեւ այն օգտագործող եւ շշալցված արտադրանքի արտադրության եւ իրացման ամբողջ շղթայում այս արտոնությունը նախատեսված է ընդամենը մեկ օղակի համար (Նախագծով էլ առաջարկվում է ներմուծել երկրորդ օղակը), սակայն ամբողջ շղթան, միեւնույն է, չի օգտվում տվյալ արտոնությունից, ուստի այս շղթայի մյուս օղակներում անխուսափելիորեն առաջանում է արդեն իսկ վճարված ԱԱՀ-ի գումարների ծախսագրման խնդիր, ինչն էլ, բնականաբար, չի կարող նպաստել այդ գումարները ծախսագրող սուբյեկտների արտադրանքի գնի նվազմանը: Այսինքն, հարկային տվյալ արտոնությունը նաեւ բազմակի օգտագործման տարա օգտագործող եւ շշալցված արտադրանք արտադրող կամ իրացնող տնտեսվարողների վրա տարածելու դեպքում (ինչը, թեեւ արդարացի մոտեցում է), այդուհանդերձ, չի լուծում տվյալ խնդիրը նշված շղթայի մյուս սուբյեկտների կտրվածքով:  

ՀՀ ԱԺ  աշխատակազմի տնտեսագիտական
փորձաքննության վարչության պետ`                                Ա. ԹԱՄԱԶՅԱՆ   

21.06.2018թ.