ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-373-26.09.2018-ՊԻՄԻ-011/0) եւ ««Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-3731 -26.09.2018-ՊԻՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի եւ Կարինե Աճեմյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ ««Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Առաջարկում ենք նախագծերի վերնագրերի «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերն փոխարինել «օրենքում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. ««Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում առաջարկում ենք նախատեսել նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պետական պահպանության ժամանակահատվածին վերաբերող դրույթ (օրինակ՝ նրա կաթողիկոսական ձեռնադրման պահից՝ մինչեւ գահակալության ավարտը ): Բացի այդ՝ առաջարկում ենք նկատի ունենալ, որ նույն նախագծի 3-րդ հոդվածում չնախատեսելու դեպքում, որ նախագիծը տարածվում է նաեւ օրենքն ընդունելու պահին գահակալող կաթողիկոսի վրա, նախագիծը վերջինիս վրա չի տարածվի:

3. ««Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածը «ապրիլի 14-ի» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «ՀՕ-72-Ն» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. ««Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածից բխում է համապատասխան օրենքում մի շարք փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը: Մասնավորապես՝ 19-րդ հոդվածի 2-րդ մասի «3-րդ եւ 4-րդ կետերով» բառերն առաջարկում ենք փոխարինել «3-րդ, 3.1-րդ եւ 4-րդ կետերով» բառերով, իսկ 4-րդ մասի «3-րդ կամ 4-րդ կետերով» բառերը՝ «3-րդ, 3.1-րդ կամ 4-րդ կետերով» բառերով:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ա. Մկրտչյան (հեռ. 011-513-360)