ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-379-1.10.2018-ՊԻՄԻ-011/0) եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-3791 -1.10.2018-ՊԻՄԻ-011/0) օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Էդուարդ Շարմազանովի, Ջեմմա Բաղդասարյանի եւ Միհրան Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. ««Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերնագրի «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն հիմքով առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

2. ««Երեխայի իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 18-րդ հոդվածում լրացվում է նոր մաս, համաձայն որի՝ երեխաների ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը կամ քարոզչությունն արգելվում է: Միեւնույն ժամանակ, «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասն արդեն իսկ սահմանում է նույնաբնույթ կարգավորում, համաձայն որի՝ արգելվում է երեխայի առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող, բռնության եւ դաժանության պաշտամունք քարոզող, մարդկային արժանապատվությունը նսեմացնող, ընտանիքը վարկաբեկող, իրավախախտումներին նպաստող զանգվածային տեղեկատվության եւ գրականության տարածումը: Ուստի՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասը ՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել «Երեխաների ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը կամ քարոզչությունն արգելվում է» նախադասությունը եւ Նախագիծը լրացնել նոր հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված - . «Երեխայի իրավունքների մասին» 1996 թվականի մայիսի 29-ի թիվ ՀՕ-59 օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասում «տարածումը» բառից հետո լրացնել «կամ քարոզչությունը» բառերը:»:

Միաժամանակ, որպես այլընտրանք, նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, ինչպես նաեւ 16-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտում նորմի կիրառման համար թվարկված բոլոր պայմանների առկայությունը պարտադիր է, եթե իրավական ակտում` նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն «եւ» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, կամ նշված նորմի կիրառումը պայմանավորված է միայն ստորակետերով բաժանված պայմաններով, կամ նշված նորմի կիրառումը պայմանավորված է ստորակետերով եւ «եւ» կամ «ու» շաղկապով բաժանված պայմաններով, առաջարկում ենք «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասը խմբագրել համապատասխանաբար՝ Նախագծի «Երեխաների ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացմանը սպառնացող տեղեկատվություն տարածելը կամ քարոզչությունն արգելվում է:» բառերը փոխարինել «Արգելվում է երեխայի հոգեւոր կամ մտավոր կամ ֆիզիկական զարգացմանը սպառնացող կամ դաստիարակության վրա բացասական ազդեցություն ունեցող կամ բռնության եւ դաժանության պաշտամունք քարոզող կամ մարդկային արժանապատվությունը նսեմացնող կամ ընտանիքը վարկաբեկող կամ իրավախախտումներին նպաստող տեղեկատվության կամ գրականության տարածումը կամ քարոզչությունը:» բառերով:

4. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջը, համաձայն որի՝ հոդվածների վերնագրերը պետք է համապատասխանեն հոդվածների բովանդակությանը, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացումը «Երեխայի իրավունքների մասին» օրենքի 18-րդ հոդվածում կատարելու փոխարեն, նախատեսել որպես առանձին հոդված:

5. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի1-ին հոդվածի «1985 թվականի դեկտեմբերի 6-ի» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը:

6. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

7. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքի» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

8. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացվող 178.2-րդ հոդվածի վերնագրում «տարածելը» բառից հետո առաջարկում ենք լրացնել «կամ քարոզչությունը» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 8-րդ մասը:

9. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 2-րդ հոդվածի «հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը:

10. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի 1-ին հոդվածով վարչական նոր իրավախախտում նախատեսելն անհրաժեշտություն է առաջացնում լրացումներ կատարել նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասում եւ 2-րդ մասի 1-ին կետում:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ`   Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                          Լ. Մակարյան (հեռ. 011-513-425)

ՏԵՂԵԿԱՆՔ

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                          Լ. Մակարյան (հեռ. 011-513-425)