ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-378-1.10.2018-ՊԱ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերնագրի «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքում» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:Նույն հիմքով առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից «Հայաստանի Հանրապետության» բառերը հանել:

2. Նախագծի 1-ին հոդվածի «(այսուհետ՝ Օրենք)» բառերն առաջարկում ենք հանել, քանի որ Նախագծում համապատասխան օրենքին հղում այլեւս չի կատարվում:

3. Նախագծի 1-ին հոդվածում «նոր «է.1) կետով»» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր՝ է.1-րդ կետով» բառերով:

4. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «նմուշի» բառը, քանի որ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում չի կիրառվում «միջազգային նմուշի վարորդական իրավունք» եզրույթը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը :

5. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «անվավեր դարձնելու» բառերը փոխարինել «անվավեր ճանաչելու» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասը:

6. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք երրորդ եւ չորրորդ «վարորդական» բառերից հետո լրացնել «իրավունքի» բառերը կամ «վարորդական» բառերից հետո հանել «իրավունքի» բառերը՝ նախատեսվող դրույթի եզրույթային միասնականությունն ապահովելու նպատակով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը:

7. Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «, 1968 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհային երթեւեկության մասին» կոնվենցիայով եւ դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող» բառերը, քանի որ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասն արդեն իսկ սահմանում է, որ, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են այդ օրենքով, ապա գործում են պայմանագրի նորմերը: Սույն առաջարկը բխում է նաեւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջներից:

8. Հիմք ընդունելով «Նո րմատիվ իրավական ակտերի մասին»օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Նախագծի շրջանակներում առաջարկում ենք սահմանել «վարորդական վկայական», «ազգային վարորդական վկայական», «միջազգային վարորդական վկայական» հասկացությունները, որոնք սահմանված չեն «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում :

9. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքով սահմանված օրենսդրական տեխնիկայի կանոնները՝ առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով լրացվող «է.1» կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«է.1)սահմանված կարգով տալիս է ազգային եւ/կամ միջազգային վարորդական վկայական՝ առանց զրկելու կամ դակելու կամ վնասելու կամ անվավեր ճանաչելու արդեն իսկ առկա վարորդական վկայականը՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.»:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                         Մ. Վասիլյան (հեռ. 011-513-616)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծով առաջարկվում է «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում նախատեսել իմպերատիվ նորմ, համաձայն որի՝ վարորդական վկայականի տրամադրումը հիմք չհանդիսանա արդեն իսկ առկա վկայականից զրկելու, դակելու, վնասելու կամ անվավեր ճանաչելու համար, ինչի արդյունքում առաջարկում ենք Վարչական իրավախատումների վերաբերյալ օրենսգրքում նախատեսել Նախագծով առաջարկվող կարգավորման խախտման համար պատասխանատվություն:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                      Մ. Վասիլյան (հեռ. 011-513-616)