ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-381-2.10.2018-ՊԻՄԻ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի «1998 թվականի մայիսի 05-ի» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածի մասերն առաջարկում ենք համարակալել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ եւ 4-րդ մասերում «Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքի» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում «Բանկերի մասին» բառերն առաջարկում ենք փոխարինել «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» բառերով՝ ճիշտ նշելու համար համապատասխան օրենքի վերնագիրը:

5. Նախագծի 1-ին հոդվածում «1.1-ին կետերով» բառերը փոխարինել «1.1-ին մասերով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:

6. Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը , ինչպես նաեւ հաշվի առնելով, որ «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասում խոսք է գնում «գործունեության» եւ «գործառնությունների» մասին, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածում «2-13-րդ կետերով կամ 2-րդ մասով նախատեսված գործարքի գինը երեք միլիոն հայկական դրամը չգերազանցելու դեպքում» բառերը փոխարինել «2-ից 13-րդ կետերով կամ 2-րդ մասով նախատեսված դեպքերում գումարը երեք միլիոն հայկական դրամը չգերազանցելու» բառերով:

7. Նախագծի 2-րդ հոդվածի «հրապարակման օրվան հաջորդող օրը» բառերն առաջարկում ենք փոխարինել «հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                       Լ. Մակարյան (հեռ. 011-513-425)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`  Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

                        Լ. Մակարյան (հեռ. 011-513-425)