ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-398-17.10.2018-ՏՏԳԲ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերնագրի «Հայաստանի Հանրապետության օրենքում» բառերն առաջարկում ենք փոխարինել «օրենքում» բառով, իսկ 1-ին հոդվածի «Հայաստանի Հանրապետության» բառերը՝ հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

2. «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ բացառիկ դեպքերում (բնակչության, վայրի եւ ընտանի կենդանիների համաճարակային հիվանդություններ, անասնապահության զարգացմանը վտանգի սպառնում, էկոլոգիական հավասարակշռության խախտման վտանգ) անցկացվում են վայրի կենդանիների առանձին տեսակների քանակը կարգավորող միջոցառումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Միեւնույն ժամանակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը (այսուհետ՝ ՎԻՎՕ) պատասխանատվություն է սահմանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար (92-րդ հոդված): Հետեւաբար՝ ՎԻՎՕ-ով օրենսդիրն արդեն նախատեսել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելիչ կարգավորումներ, իսկ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող դրույթի նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ կենդանիների քանակը կարգավորող միջոցառումները սահմանվում են Կառավարության որոշմամբ, իսկ կենդանական օբյեկտների պաշտպանության նպատակով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված են արգելող իմպերատիվ դրույթներ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

Գ. Տոնոյան (հեռ. 011-513-675)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

Գ. Տոնոյան (հեռ. 011-513-675)