ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-400-18.10.2018-ՊԻՄԻ-011/0) օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի «2004 թվականի նոյեմբերի 9-ի» եւ «ՀՕ-123-Ն» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասը:

2. Նախագծի 1-ին հոդվածի «ավելացնել» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացնել» բառով, իսկ «հետեւյալ բովանդակությամբ» բառերը՝ հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

3. Նախագծի 1-ին հոդվածի «դ) կետից հետո ավելացնել նոր ե) կետ հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասը լրացնել նոր՝ «ե» կետով» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Սահմանադրության 35-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն: … Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը եւ տղամարդն ունեն հավասար իրավունքներ:

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ամուսնության կնքման համար անհրաժեշտ են ամուսնացող տղամարդու եւ կնոջ փոխադարձ կամավոր համաձայնությունը եւ նրանց ամուսնական` տասնութ տարեկան տարիքի հասնելը…

Վերոհիշյալ դրույթներից բխում է, որ ամուսնություն կարող է դիտարկվել միայն տղամարդու եւ կնոջ միությունը, ուստի Նախագծի նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ` Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Գ. Մելոյան (հեռ. 011-513-391)