ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-003-16.01.2019-ՊԻ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
 


 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

Նախագծի 2-րդ հոդվածի համաձայն՝ «Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքն ունի հետադարձ ուժ, որը տարածվում է 2004 թվականից՝ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը՝ հարուցված քրեական գործերով մեղադրյալների (ամբաստանյալների) եւ դատապարտյալների վրա:»: Սահմանադրության 73-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը բարելավող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտով : Քննարկվող կարգավորումից հետեւում է, որ Նախագծով նախատեսված՝ անձի վիճակը բարելավող կարգավորմանըտրվում է հետադարձ ուժ եւ այն տարածվում է միայն հարուցված քրեական գործերով մեղադրյալների (ամբաստանյալների) եւ դատապարտյալների վրա: Մինչդեռ՝ Քրեական օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ն մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը եւ պատժելիությունը որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով: Միաժամանակ՝ Քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ արարքի հանցավորությունը վերացնող, պատիժը մեղմացնող կամ հանցանք կատարած անձի վիճակն այլ կերպ բարելավող օրենքը հետադարձ ուժ ունի, այսինքն՝ տարածվում է մինչեւ այդ օրենքն ուժի մեջ մտնելը համապատասխան արարք կատարած անձանց նկատմամբ: Ստացվում է, որ անգամ նախատեսվող փոփոխությունն ուժի մեջ մտնելուց հետոդատարանները վերջնական պատժաչափըհաշվակցելիս պետք է առաջնորդվեն արարքը կատարելու պահին գործող օրենքով, եւ եթե պատժաչափը հաշվակցելուպահին գործող օրենքն ավելի մեղմ է, քան արարքը կատարելու պահին գործող օրենքը, ապա՝ նոր՝ ավելի մեղմ օրենքով: Առաջարկում ենք հետադարձ ուժը տարածել ոչ միայն 2004թվականից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրը հարուցված քրեական գործերով մեղադրյալների (ամբաստանյալների) եւ դատապարտյալների վրա , այլ նաեւ այն անձանց վրա, որոնց նկատմամբ թեեւ առկա չէ հարուցված քրեական գործ, բայց նրանց կողմից արարքը կատարվել է մեկ օրը մեկ օրվա դիմաց հաշվելու կարգավորման ժամանակահատվածում : Այս առումով կարծում ենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող կարգավորումն անհրաժեշտ է խմբագրել հետեւյալ կերպ՝«Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Սույն օրենքն ունի հետադարձ ուժ, որը տարածվում է այն բոլոր անձանց վրա, որոնք արարքը կատարել են 2004 թվականից մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելու օրը:»:

Նախագիծը համապատասխանում է այլ օրենքների պահանջներին:

Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝նախատեսվող փոփոխության կիրառումն այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը, դեռ չեն քննվել կամ քննվել են, սակայն դատական ակտերն օրինական ուժի մեջ չեն մտել, ինչպես նաեւ այն անձանց նկատմամբ, ում հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել կամ պատժի կրումը հետաձգվել է՝ ապահովում են առաջին ատյանի եւ վերաքննիչ քրեական դատարանները: Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածումանդրադառնալ նաեւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձանց նկատմամբ քննարկվող օրենքի կիրառմանը՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի Վլադիմիր Կոթոլյանի վերաբերյալ գործով (ԵԿԴ/0039/15/13) արտահայտված այն իրավական դիրքորոշման լույսի ներքո, համաձայն որի՝ անձի մեղքի եւ (կամ) պատժի հետ կապված հարցերը ենթակա են լուծման բացառապես գործի դատական քննության փուլում , իսկ անհստակությունների լուծման իրավասության շրջանակներում դատարանի կողմից դրանց անդրադառնալը հակասում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտի որոշակիության սկզբունքին՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձանց նկատմամբ քննարկվող օրենքի կիրառումը վերապահելով ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների պետերին: Միաժամանակ, առաջարկում ենք այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերով վճռաբեկ բողոքներն ընդունվել են Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարույթ, սույ ն օրենքի կիրառումը վերապահել Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանին, իսկ կարգապահական գումարտակում իրենց պատիժը կրող անձանց նկատմամբ օրենքի կիրառումը վերապահել կարգապահական գումարտակի հրամանատարին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

          ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                         Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)

ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                                                          Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)