ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքայինօրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-011-08.02.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ ՝ Գեւորգ Պետրոսյանի, Իվետա Տոնոյանի, Նորա Առուստամյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը առաջարկվում է շարադրել նոր խմբագրությամբ՝ գործատուին իրավունք վերապահելով աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, աշխատողի՝ անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատանքի չներկայանալու կամ աշխատանքային պայմանագրով (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով) սահմանված պարտականությունները ամբողջ աշխատանքային օրվա ընթացքւմ առանց հարգելի պատճառի չկատարելու դեպքում: Այդ առումով՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն ՝ գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաեւ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, նախքան դրա գործողության ժամկետի լրանալը ՝ աշխատողի կողմից աշխատանքային պայմանագրով կամ ներքին կարգապահական կանոններով իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում: Ստացվում է, որ օրենսգրքի գործող իրավանորմն արդեն իսկ կարգավորում է աշխատողի կողմից իրեն վերապահված պարտականությունները առանց հարգելի պատճառի պարբերաբար չկատարելու դեպքում գործատուի կողմից աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ կապված հարաբերությունները: Ավելին ՝ աշխատանքային օրենսգրքի 121-րդ հոդվածով հստակ սահմանված է աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված հիմքով աշխատանքային պայմանագիրը լուծելու կանոնները: Հետեւաբար՝ աշխատանքային պարտականությունները պարբերաբար չկատարելն արդեն իսկ իրենից ենթադրում է նաեւ աշխատողի սահմանված պարտականությունների չկատարելը: Այսինքն ՝ նախագծով առաջարկվող փոփոխությունը բովանդակային առումով կրկնում է աշխատանքային օրենսգրքում առկա կարգավորումները: Ուստի, հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասի պահանջները, առաջարկում ենք վերանայել նախագծով առաջարկվող փոփոխությունը ՝ արդեն իսկ առկա աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի համատեքստում:

2. Նախագծի 1-ին հոդվածի համաձայն ՝ օրենսգրքի 113-րդ հոդվածի 9-րդ մասը շարադրվում է նոր խմբագրությամբ, մինչդեռ օրենսգրքի 113-րդ հոդվածում 9-րդ մասը բացակայում է (առկա չէ): Հետեւաբար` անհրաժեշտ է «9-րդ մասը» բառերը փոխարինել «1-ին մասի 9-րդ կետով» բառերով, քանի որ նախագծով առաջարկվող փոփոխությունը վերաբերում է 113-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետին:

Նախագծի վերաբերյալ այլդիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                   Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության աշխատանքայինօրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-011-08.02.2019-ԱՍ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283)