ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-014-18.02.2019-ՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-0141 -18.02.2019-ՄԻ-011/0),«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-0142 -18.02.2019-ՄԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ ՝ Արթուր Դավթյանի, Ալեն Սիմոնյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությանօրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին»,«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (ակուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1.«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությանօրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «2018 թվականի փետրվարի 9-ի» բառերն առաջարկում ենք հանել ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը եւ 18-րդ հոդվածի 5-րդ մասը:

2.«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածի «1998 թվականի հուլիսի 1-ի» բառերն առաջարկում ենք հանել ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը եւ 18-րդ հոդվածի 5-րդ մասը:

3.«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի1-ին հոդվածի «2013 թվականի դեկտեմբերի 5-ի» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը եւ 18-րդ հոդվածի 5-րդ մասը:

4.Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը: Նույն խնդիրը առկա է նաեւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի1-ին հոդվածում եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի1-ին հոդվածում:

5.Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 3-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101.2-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի կամ վերաքննիչ դատարանի որոշումները բողոքարկելու գործիքակազմ: Ավելին ՝ նշված դրույթներով նախատեսվում է նաեւ, որ բողոքարկումը կասեցնում է դատարանի որոշման կատարումը:

Միաժամանակ 1990թ.-ին, ՄԱԿ-ի 8-րդ համագումարում ընդունված՝ «Իրավաբանների դերակատարության հիմնական սկզբունքների մասին» փաստաթուղթը սահմանում է հասարակության եւ պետության մեջ իրավաբանների հիմնական դերակատարությունը, պարտականությունները, իրավաբանական էթիկան, ինչպես նաեւ պետության կողմից իրավաբանների գործունեությունն ապահովող հիմնական երաշխիքները: Նշված Փաստաթղթի համաձայն՝ Կառավարությունները պետք է ապահովեն իրավաբանների մասնագիտական պարտականությունների կատարումը, առանց խոչընդոտելու եւ անհարկի միջամտության: Բացի այդ, կառավարությունները պետք է բացառեն իրավաբանների կողմից մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու նպատակով, նրանց նկատմամբ քրեական, տնտեսական ու վարչական հետապնդում կամ այլ տեսակի պատժամիջոցների կիրառումը կամ դրանց կիրառման սպառնալիքները:

Իրավաբանները պետք է ունենան քաղաքացիական եւ քրեական անձեռնամխելիություն իրենց կողմից բարեխղճորեն արված՝ բանավորկամ գրավոր հայտարարությունների համար, կամ դատարանում մասնագիտական պարտականությունները կատարելիս:

Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը ՀՀ սահմանադրական օրենքի 47-րդ հոդվածի համաձայն.

1.Դատական սանկցիան կիրառվում է դատական իշխանության հեղինակությունը պաշտպանելու, ինչպես նաեւ դատական նիստի բնականոն ընթացքն ապահովելու նպատակով:

2.Դատարանը դատական սանկցիա կարող է կիրառել, երբ անձը ՝

1)չարաշահում է իր դատավարական իրավունքները կամ չարամտորեն չի կատարում իր դատավարական պարտականությունները.

2)չի ենթարկվում դատարանի կարգադրություններին կամ որեւէ այլ կերպ խախտում է դատական նիստի կարգը.

3)դատական նիստի դահլիճում անհարգալից վերաբերմունք է դրսեւորում դատարանի նկատմամբ:

Հիշյալ նորմերի համաձայն՝ իրավաբանների (փաստաբանների) նկատմամբ դատական տուգանքի կիրառումը պայմանավորված է դատական իշխանության հեղինակությունը պաշտպանելու, ինչպես նաեւ դատական նիստի բնականոն ընթացքն ապահովելու անհրաժեշտությունից: Ընդ որում՝ դատական տուգանք նշանակելու հիմքերը սպառիչ սահմանված են նշված հոդվածով, այն է փաստաբանի կողմից իր դատավարական իրավունքները չարաշահելը կամ իր դատավարական պարտականությունները չարամտորեն չկատարելը, դատարանի կարգադրությունները չկատարելը կամ դատական նիստի բնականոն ընթացքը խախտելը կամ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսեւորումը: Այս տեսանկյունից եւ հաշվի առնելով վերոնշյալ միջազգային փաստաթղթի եւՀայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքը, ՀՀ սահմանադրական օրենքի կարգավորումները գտնում ենք, որ փաստաբանների նկատմամբ դատական տուգանքի կիրառման ինստիտուտի կիրառումը համահունչ է դատական իշխանության հեղինակությունը պաշտպանելուն, ինչպես նաեւ դատական նիստի բնականոն ընթացքն ապահովելու հետ: Հատկանշանական է, նաեւ որ մի շարք երկրների քրեական օրենսգրքերով (Ալբանիա, Իսպանիա, Ֆրանսիա, Լիտվա եւ այլն) նախատեսվում է պատիժ դատավորի, դատական համակարգի այլ անդամների տվյալ դատական գործի շրջանակներում իրականացվող գործունեության համար վիրավորանք (բառացի) հասցնելու, վարքագծի վրա ազդեցություն ունենալու մտադրությամբ արված որեւէ սպառնալիքի, դատավորի մասնագիտական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու համար:

Փաթեթիվերաբերյալ այլդիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                 Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)

Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283)


ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարությանօրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-014-18.02.2019-ՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-0141-18.02.2019-ՄԻ-011/0), «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-0142-18.02.2019-ՄԻ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքներինախագծերի փաթեթինառնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծերի փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                 Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)

Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283)