ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումներիվերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-016-21.02.2019-ՊԻ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գեւորգ Պետրոսյանի, Նորա Առուստամյանի, Արայիկ Աղաբաբյանի եւ Արթուր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումներիվերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքումլրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը՝

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել Կառավարության անդամների, ինչպես նաեւ Կառավարության, վարչապետի, նախարարությունների ենթակա պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարների, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների, համայնքի ղեկավարների եւ հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերությունների ղեկավարների կողմից պատգամավորի օրինական գործունեությանը խոչընդոտելու համար, որն արտահայտվել է ՀՀ օրենսդրությամբ պատգամավորին վերապահված իրավունքներն ապահովելուց հրաժարվելով, դրանք ապահովելուց խուսափելով կամ այդ իրավունքների ապահոման ուղղությամբ խելամիտ գործողություններ չձեռնարկելով կամ պատգամավորի գործունեությանը ցանկացած այլ եղանակով խոչընդոտելով: Նախատեսվող կարգավորմամբ ստացվում է, որ ՀՀ օրենսդրությամբ պատգամավորին վերապահված իրավունքներն ապահովելուց հրաժարվելու, դրանք ապահովելուց խուսափելու կամ այդ իրավունքների ապահոման ուղղությամբ խելամիտ գործողություններ չձեռնարկելու կամ պատգամավորի գործունեությանը ցանկացած այլ եղանակով խոչընդոտելու համար վարչական պատասխանատվության են ենթակա են նաեւ հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերությունների ղեկավարները : Մինչդեռ՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով հստակ եւ սպառիչ սահմանվում են պատգամավորի իրավուքները, իսկ դրանց իրականացման կարգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով: Գործող կարգավորումներով պատգամավորը չունի հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերությունների ղեկավարների մոտ ընդունելության, հարցումներով կամ առաջարկներով նրանց դիմելու, ինչպես նաեւ վերջիններից հետ կապված օրենքով սահմանված որեւէ այլ իրավունք, հետեւաբար, հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերությունների ղեկավարներն էլ չունեն պատգամավորին վերապահված իրավունքներն ապահովելու պարտականություն: Ստացվում է, որ հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերությունների ղեկավարները չեն կարող հանդիսանալ նախատեսվող իրավախախտման սուբյեկտներ:

Միաժամանակ, հարկ ենք համարում նշել նաեւ, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ տեղեկատվության տնօրինող են հանդիսանում տեղեկություններ ունեցող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմանարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունները եւ դրանց պաշտոնատար անձինք : Այս առումով, հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերությունները չեն հանդիսանում տեղեկատվություն տնօրինող սուբյեկտներ: Միաժամանակ, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի կարագավորումը, համաձայն որի՝ նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նորմատիվ իրավական ակտերով սահմանված կամ հանրածանոթ հասկացություններ կամ տերմիններ, առաջարկում ենք հստակեցնել վերոնշյալ հասկացությունը:

2. Նախատեսվող կարգավորմամբ, իրավախախտման օբյեկտիվ կողմըդրսեւորվում է նաեւ «իրավունքների ապահովման ուղղությամբ խելամիտ գործողություններ չձեռնարկելով», նշված հասկացությունը, կարծում ենք, խիստ գնահատողական հասկացություն է եւ, հիմք ընդունելով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի կարգավորումներնունի հստակեցման կարիք:

3. Նախագծի վերնագրում «լրացում» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացումներ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները:

4. Նախագծի 1-ին հոդվածում առաջարկում ենք նշել իրավական ակտի լրիվ անվանումը՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի եւ 18-րդ հոդվածի 3 -րդ մասի կարգավորումները:

5. Նախագծի 1-ին հոդվածում «լրացնել 422 հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ՝» բառերն առաջարկում ենք փոխարինել «լրացնել նոր 422 հոդվածով՝» բառերով՝հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները:

6. Նախագծի 1-ին հոդվածում «ՀՀ» բառերն առաջարկում ենք փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումները:

7. Նախագծի 2-րդ հոդվածում «ավելացնել» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացնել»բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ կամ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                                    Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)


ՏԵՂԵԿԱՆՔ

«Վարչական իրավախախտումներիվերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-016-21.02.2019-ՊԻ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                              Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)