ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասինօրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-017-21.02.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ՝ Գեւորգ Պետրոսյանի, Շաքե Իսայանի, Արտյոմ Ծառուկյանի, Ջանիբեկ Հայրապետյանի, Տիգրան Ստեփանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի համաձայն՝ պատգամավորը ընդունելության իրավունք ունի հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերությունների ղեկավարների մոտ: Այդ առումով՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածով սպառիչ նշված են պատգամավորի լիազորությունները, որտեղ ՝ հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերությունների ղեկավարների մոտ ընդունելության լիազորություն պատգամավորի համար նախատեսված չէ: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պատգամավորի իրավունքների իրականացման կարգը սահմանվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով եւ «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքով: Այսինքն՝ «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքում նշված լիազորությունների իրականացումը պետք է բխի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով պատգամավորի համար սահմանված լիազորություններից: Հետեւաբար հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծով առաջարկվող կարգավորումը հակասում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածին:

2.Նախագծի 1-ին հոդվածով կիրառվում է «հանրային ծառայություն մատուղոց մասնավոր ընկերությունների ղեկավարների» հասկացությունը: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 3-րդ հոդվածի պահանջը, որի համաձայն հանրային նշանակության կազմակերպություն է համարվում՝ ապրանքային շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող, ինչպես նաեւառողջապահության, սպորտի, կրթության, մշակույթի, սոցիալական ապահովության տրանսպորտի եւ կապի, կոմունալ ոլորտներում հանրությանը ծառայություններ մատուցող ոչ պետական կազմակերպություններ:

Հետեւաբար՝ առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածով կիրառվող՝ «հանրային ծառայություն մատուցող մասնավոր ընկերության ղեկավարների» հասկացությունը համապատասխանեցնել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի պահանջներին՝ նկատի ունենալով, որ նշված օրենքի համաձայն տեղեկատվության տնօրինող է համարվում տեղեկություններ ունեցող պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունները եւ դրանց պաշտոնատար անձինք:

3.Նախագծի 1-ին հոդվածի «կետի» բառն առաջարկում ենք փոխարինել «մասի» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասը:

4.Նախագծի 1-ին հոդվածը առաջարկում ենք խմբագրել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ մասը:

5.Նախագծի 1-ին հոդվածի «ավելացնել» բառը առաջարկում ենք փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը եւ 18-րդ հոդվածի 5-րդ մասը:

Նախագծիվերաբերյալ այլդիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                          Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283 )

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասինօրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-017-21.02.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                          Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283)