ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կենդանական աշխարհի մասին»

Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»

(փաստաթղթային կոդ՝ Պ-058-14.03.2019-ՏՏԳԲ-011/0)

Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ ՝ Օրենք) կարգավորում է ՀՀ տարածքում կենդանական աշխարհի վայրի տեսակների պահպանության, պաշտպանության, վերարտադրության եւ օգտագործման պետական քաղաքականությունը: Նախագծով առաջարկվող լրացումը կտարածվի նաեւ Օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված բացառիկ դեպքերում (բնակչության, վայրի եւ ընտանի կենդա նիների համաճարակային հիվանդություններ, անասնապահության զարգացմանը վտանգի սպառնում, էկոլոգիական հավասարակշռության խախտման վտանգ)՝ իրականացվող միջոցառումների իրականացման վրա: Նախագծի հիմնավորման համաձայն՝ նախագծով առաջարկվող լրացումները վերաբերում են բնակավայրերում կենդանիների, մասնավորապես, թափառող շներին զենքով ոչնչացման դեպքերին, սակայն Նախագծով առաջարկվող լրացումների դեպքում նշված արգելքըկվերաբերի ընդհանրապես զենքի կիրառումով վայրի կենդանիների ոչնչացմանը: Մասնավորապես՝ Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ՝ բացառիկ դեպքերում (բնակչության, վայրի եւ ընտանի կենդանիների համաճարակային հիվանդություններ, անասնապահության զարգացմանը վտանգի սպառնում, էկոլոգիական հավասարակշռության խախտման վտանգ) անցկացվում են վայրի կենդանիների առանձին տեսակների քանակը կարգավորող միջոցառումներ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Բացի դրանից, Օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված է կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը սոցիալական նպատակներով (սիրողական որս եւ ձկնորսություն, ձկնորսության եւ որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս), իսկ «Որսի եւ որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի համաձայն ՝ որսի ընթացքում կարող են օգտագործվել օրենքով սահմանված կարգով որսորդական ողորկափող եւ ակոսավոր հրազեն, որսորդական սառը զ ենք: Միեւնույն ժամանակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը (այսուհետ ՝ ՎԻՎՕ) պատասխանատվություն է սահմանում կենդանիների նկատ մամբ դաժան վերաբերմունքի համար (92-րդ հոդված): Հետեւաբար ՝ ՎԻՎՕ-ով օրենսդիրն արդեն նախատեսել է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի կանխարգելիչ կարգավորումներ, իսկ Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող դրույթի նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է, քան ի որ կենդանիների քանակը կարգավորող միջոցառումները սահմանվում են Կառավարության որոշմամբ, իսկ կենդանական օբյեկտների պաշտպանության նպատակով Օրենքի 19-րդ հոդվածով նախատեսված են արգելող իմպերատիվ դրույթներ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                               Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Ք. Գեովշանյան (հեռ. 011-513-636)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                    Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Ք. Գեովշանյան (հեռ. 011-513-636)