ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-080-01.04.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը ( այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի ( այսուհետ՝ Կանոնակարգ) 35-րդ հոդվածը լրացնել նոր 3-րդ մասով, այն է՝ «Հերթական նստաշրջանի ընթացքում գումարվում է առնվազն մեկ արտագնա նիստ ՀՀ մարզերից մեկում: Արտագնա նիստի գումարման վայրը, ժամը, նիստի անցկացման կարգը եւ օրակարգը հաստատվում եւ հրապարակվում է արտագնա առաջիկա նիստից առնվազն տասը աշխատանքային օր առաջ: »

Անհրաժեշտ ենք համարում նշել, որ թեեւ Սահմանադրությամբ սահմանված չէ Ազգային ժողովի նիստերի անցկացման վայրը, սակայն Սահմանադրության 22-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Երեւանն է, որը ենթադրում է, որ Երեւանը Հայաստանի Հանրապետության վարչաքաղաքական կենտրոնն է, որտեղ էլ պետք է մասնավորապես գտնվի, ընդ որում՝ նիստեր գումարի Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինը՝ Ազգային ժողովը:

Ազգային ժողովի աշխատակարգով (այսուհետ՝ Աշխատակարգ) սահմանվում է, որ Ազգային ժողովի նիստերը գումարվում են Երեւան քաղաքում՝ Ազգային ժողովի նստավայրում՝ Մարշալ Բաղրամյան պողոտա 19 հասցեում:

Բացի այդ, Աշխատակարգով սահմանվում է նաեւ, որ այլ վայրում նիստ կարող է գումարվել Ազգային ժողովի խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ), իսկ դրա անհնարինության դեպքում՝ Ազգային ժողովի նախագահի որոշմամբ: Հիմք ընդունելով վերոգրյալը, կարծում ենք, որ որոշակի դեպքերում՝ ըստ անհրաժեշտության, որը կարող է պայմանավորված լինել ինչպես քննարկվող հարցի բովանդակությունից, այնպես էլ Ազգային ժողովի նիստերը Ազգային ժողովի նստավայրում գումարելու անհնարինությամբ, Ազգային ժողովի նիստերը կարող են գումարվել այլ վայրում:

Ի նչ վերաբերվում է այլ վայրում գումարվող Ազգային ժողովի նիստի օրակարգին, ապա հերթական նիստերի օրակարգերի ձեւավորման եւ հաստատման կարգը հստակ սահմանված է Կանոնակարգով: Մասնավորապես ՝ Կանոնակարգի 39-րդ հոդվածի համաձայն հերթական նիստերի օրակարգում կարող են ընդգրկվել միայն հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկված հարցերը, այդ թվում՝ պարտադիր քննարկման ենթակա, ինչպես նաեւ նախորդ հերթական նիստերում անավարտ մնացած հարցերը: Հ երթական նիստերի օրակարգի նախագիծը, ինչպես նաեւ դրա առնչությամբ ընդունվելիք մյուս նախագծերն Ազգային ժողովի նախագահի ներկայացմամբ Խորհրդի նիստում քննարկվում են ոչ ուշ, քան հերթական նստաշրջանի առաջին հերթական նիստերին նախորդող շաբաթվա ուրբաթ, ինչպես նա և մյուս հերթական նիստերի շաբաթվա երկուշաբթի օրը: Հերթական նիստերի օրակարգի նախագիծը, ինչպես նաեւ դրան առնչվող մյուս նախագծերը քվեարկության են դրվում Խորհրդի անդամների բոլոր առաջարկները քվեարկելուց, ինչպես նաեւ ընդունված առաջարկներընախագծերումներառելուց հետո: Հերթական նիստերի օրակարգի նախագիծը Խորհրդի կողմից հաստատվելուց հետո ներկայացվում է Ազգային ժողովի քննարկմանը:

Ելնելով վերոգրյալից, գտնում ենք, որ Աշխատակարգով ՝ ըստ անհրաժեշտության, այլ վայրում Ազգային ժողովի նիստ գումարելու հարցը կարգավորված է:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

Նախագծի 1-ին հոդվածից առաջարկում ենք հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը, իսկ «հետեւյալ բովանդակությամբ» բառերը փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասը եւ 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                              ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

ՏԵՂԵԿԱՆՔ

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-080-01.04.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                     ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան