ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-102-12.04.2019-ՊԱ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից հայտնում ենք հետեւյալը .

1. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետի կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է օրենքով սահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ միաժամանակ այլ երկրի քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության քաղաքացին կրում է նույն պարտականությունները, ինչպես Հայաստանի Հանրապետության քաղաքացին: Հետեւաբար, հաշվի առնելով, որ Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերը հակասում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը՝ առաջարկում ենք Նախագծից հանելվերոգրյալը կետերը:

2. Նախագծի 6-րդ հոդվածի 2-րդ նախադասության «համապատասխան ենթաօրենսդրական» բառերից հետո առաջարկում ենք լրացնել «նորմատիվ իրավական» բառերը՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 153-րդ հոդվածի 3-րդ մասը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՕՐԵՆՔՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

2. Նախագծի 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք)» բառերն առաջարկում ենք փոխարինել ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող փոփոխության արդյուքնում ստացվում է, որ Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելությանը կարող են մասնակցել նաեւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա մինչեւ 27 տարեկան քաղաքացիները, մինչդեռ Օրենքի գործող դրույթը սահմանում է մինչեւ 23 տարեկանը: Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները` մինչեւ 27 տարին լրանալը, ինչպես նաեւ …., իսկ նույն մասի վերջին պարբերության համաձայն՝ հայտարարված զորակոչին պարտադիր զինվորական ծառայության ենթակա են նաեւ այն քաղաքացիները եւ պահեստազորի սպայական կազմը, որոնց համապատասխանաբար 27 եւ (կամ) 35 տարին լրանում է տվյալ զորակոչի ընթացքում:

4. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետի վերջին պարբերության համաձայն՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որը` ունի երկու կամ ավելի երեխա, բացառությամբ որդեգրված երեխաների: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ն մասի համաձայն՝ որդեգրման դատական ակտով որդեգրվողը ձեռք է բերում կենսաբանական կապերին համարժեք ընտանեկան կապեր, որոնց շնորհիվ որդեգրողները եւ որդեգրվածները ձեռք են բերում ծնողների եւ զավակների համար օրենքով նախատեսված իրավունքներ եւ պարտականություններ: Այսինքն, որդեգրված երեխան ունի օրենքով սահմանված նույն իրավունքները եւ պարտականությունները: Հետեւաբար, առաջարկում ենք վերը նշված պարբերությունից հանել «բացառությամբ որդեգրված երեխաների» բառերը:

5. Նախագծի 4-րդ հոդվածն ունի խմբագրման անհրաժեշտություն, մասնավորապես՝ 1-ին կետի «1-ին մասի» բառերն առաջարկում ենք փոխարինել «1-ին մասում» բառերով, իսկ «3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել» բառերը շարադրել Նախագծի 4-րդ հոդվածի որպես 1-ին կետ, այնուհետեւ, նույն հոդվածի 2-րդ կետից հանել «Նույն հոդվածը» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը եւ 3-րդ մասը: Նույն հիմնավորմամբ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 2րդ հոդվածը:

6. Գտնում ենք, որ Նախագծի 5-րդ հոդվածով լրացվող Հավելվածով առաջարկվող կարգավորումներն անհրաժեշտ է նախատեսել «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում :

Նախագծի վերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                 Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                           Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)