ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-111-18.04.2019-ՊԻ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայսատանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության վերաբերյալ նշենք հետեւյալը.

1. Քրեական օրենսգրքի 3323 -րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում պաշտոնատար անձի կողմից փաստաբանի կամ նոտարի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու համար: Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է քննարկվող հոդվածում հատուկ սուբյեկտը փոխարինել հասարակ սուբյեկտով՝ հոդվածից հանելով «պաշտոնատար անձի կողմից» բառերը: Հարկ ենք համարում նշել, որ քրեական օրենսգրքի 3325 -րդ հոդվածը պատասխանատվություն է սահմանում նոտարի գործունեությանը միջամտելու համար, որի սուբյեկտը եւս հասարակ սուբյեկտ է: Նշված երկու հանցակազմերի օբյեկտիվ կողմերը՝ լիազորությունների իրականացմանը խոչընոտելը եւ գործունեությանը միջամտելը, հիմնականում դրսեւորվում են նույն կերպ, այն է՝ պահանջելով, հարկադրելով, տարբեր ձեւերով ճնշում գործադրելով, ծառայություններ մատուցելու խոստումներ տալով եւ այլն: Ստացվում է, որ քրեական օրենսգրքի 3323 -րդ հոդվածում հատուկ սուբյեկտը հասարակով փոխարինելու դեպքում՝ նոտարի նկատմամբ կատարված հակաիրավական արարքի՝ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով որակման խնդիր կառաջանա:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսված կարգավորման համաձայն՝ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածն առաջարկվում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի փոխարեն քրեական պատասխանատվություն սահմանել արդարադատության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար, որը դրսեւորվում է դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով՝ պայմանավորված իրենց դատավարական կարգավիճակով: Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախատեսված հանցակազմով քրեական պատասխանատվության ենթարկվելու համար անհրաժեշտ է երկու պայմանների միաժամանակյա առկայություն, որ անձը հանդիսանա դատավարության մասնակից եւ նրա գտնվելու վայրը պայմանավորված լինի տվյալ գործի առնչությամբ : Այսինքն՝ եթե անձը հանդիսանում է որեւէ գործով դատավարության մասնակից, սակայն այդ պահին այդ գործի անչությամբ չի հայտնվել այդ վայրում, ապա այդ անձին հասցրած վիրավորանքը չի կարող համարվել քրեորեն պատժելի արարք: Մինչդեռ, նման հետեւության նախատեսված կարավորմամբ չենք կարող հանգել: Նախատեսված կարգավորմամբ ստացվում է, որ հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ դատավարությանը մասնակցող անձանց հասցված վիրավորանքը լինի պայմանավորված միայն իրենց դատավարական կարգավիճակով: Օրինակ՝ կարող է ստացվել իրավիճակ, երբ հասարակական որեւէ վայրում փաստաբանի նկատմամբ վիրավորանք հնչեցվի՝ կապված իր դատավարական կարգավիճակի հետ, այս դեպքում կարծում ենք խնդրահարույց կլինի արարքի՝ սույն հոդվածով չորակելու հարցը:

3. Նախագծի վերնագրում «փոփոխություններ» բառից հետո առաջարկում ենք լրացնել «լրացումներ» բառը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումները:

4. Նախագծի 1-ին հոդվածում « ( Համարը՝ ՀՕ-528-Ն ) » բառերն առաջարկում ենք փոխարինել «ՀՕ-528-Ն» բառերով

5. Նախագծի 2-րդ հոդվածով կատարվող լրացման 3-րդ կետում «ավելացնել» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                               Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-111-18.04.2019-ՊԻ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին (այսուհետ՝ Նախագիծ) առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                               Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող` Լ. Մակարյան (հեռ. 011-513-283)