ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-136-16.05.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի « Բարգավաճ Հայաստան » խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշ ենք հետեւյալը:

Նախագծով նախատեսվում է սահմանել քրեական պատասխանատվություն ոչ ավանդական սեռական կողմնորոշում քարոզելու համար, որը դրսեւորվել է ոչ ավանդական սեռական հարաբերությունների վերաբերյալ նյութեր, նկարներ, հրապարակումներ տարածելով, մեկնաբանելով, դրանց ներգրավվելու առաջարկ, հորդոր կատարելով կամ դրանցում ներգրավվելը խրախուսելով, կամ այդպիսի հարաբերությունների մեջ ներգրավելու նկատմամբ հետաքրքրություն հարուցելով, կամ ավանդական եւ ոչ ավանդական սեռական կողմնորոշումների սոցիալական հավասարությունը խեղաթյուրված ներկայացնելով, ինչպես նաեւ համացանցի եւ զանգվածային տեղեկատվության ընդհանուր միջոցներով ցանկացած եղանակով:

Այս առումով գտնում ենք, որ նախագծով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքն ամրագրված է ՀՀ քրեական օրենսգրքի՝ «Անառակաբարո գործողությունները» վերտառությամբ 142-րդ հոդվածով, համաձայն որի.

1) Տասնութ տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ կամ տասնվեց տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2) Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1. տասնվեց տարին լրացած անձի կողմից՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով,

2. քսանմեկ տարին լրացած անձի կողմից ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ,

3. տասնութ տարին լրացած անձի կողմից տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ,

4. միեւնույն անձի նկատմամբ՝ պարբերաբար,

5. մի խումբ անձանց կողմից,

6. էլեկտրոնային հաղորդակցության ցանցի կիրառմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

3) Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1. տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, որի վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն,

2. տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որաշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Միեւնույն ժամանակ անհրաժեշտ ենք համարում փաստել, որ ՀՀ քրեական օրենսգրքում բացահայտված չէ «անառակաբարո գործողություն» հասկացության բովանդակությունը, ուստի, քրեական վարույթ իրականացնող մարմինների համար անձի արարքում որեւէ հանցակազմի առկայության կամ բացակայության, ինչպես նաեւ նրա արարքին ճիշտ քրեաիրավական գնահատական տալու առաջնային հիմքը համապատասխան գրականության ուսումնասիրությունն է:

Երեւանի պետական համալսարանի 2012 թվականի հրատարակչությամբ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք հատուկ մաս» վերտառությամբ դասագրքում բացահայտված եւ մանրամասն ներկայացված են ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի, այսինքն «անառակաբարո գործողություն» հանցակազմի տարրերը:

Տվյալ հանցագործության օբյեկտը 16 տարին չլրացած երեխաների սեռական նորմալ զարգացումն ապահովող հասարակական հարաբերություններն են: Խիստ բացասաբար ազդելով երեխաների հոգեբանության վրա՝ վտանգավոր այս արարքը նրանց մղում է սեռական այլասերվածության :

Հանցագործության օբյեկտիվ կողմն արտահայտում է անառակաբարո, այսինքն՝ այնպիսի գործողություններ կատարելու մեջ, որոնք ուղղված են 16 տարին չլրացած երեխայի սեռական բնազդը գրգռելուն, նրա մոտ անառողջ սեռական հետաքրքրություն առաջացնելուն, եթե բացակայում են ՀՀ ՔՕ 140-րդ հոդվածով /Սեռական հարաբերություն կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելը/ կամ 141-րդ հոդվածով /Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ/ նախատեսված հանցանքների հատկանիշները:

ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունից տուժող կարող են հանդիսանալ 16 տարին չլրացած տղաներն ու աղջիկները :

Անառակաբարո գործողությունները կարող են լինել ֆիզիկական կամ ինտելեկտուալ բնույթի: Դրանից առաջինի օրինակ կարող է համարվել 16 տարին չլրացած երեխայի ներկայությամբ ուրիշի հետ կենակցելը, կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելը, այդ երեխային անպարկեշտ ձեւով հպվելը, նրա ներկայությամբ մերկանալն ու սեռական օրգանները ցուցադրելը եւ այլն: Ինտելեկտուալ բնույթի անառակաբարո գործողություններ են համարվում սեռական կյանքին վերաբերող հարցերի շուրջ երեխայի հետ լկտի զրույց տանելը, պոռնկագրական առարկաներ, նկարներ կամ տեսաֆիլմեր ցուցադրելը, սեռական ակտի ժամանակ տեղի ունեցող հեւոցներ, ծանր շնչառություն, խենեշ բացականչություններ վերարտադրելը, պոռնկագրական բովանդակությամբ գրականությանը ծանոթացնելը եւ նման այլ արարքները:

Քննարկվող հանցավոր արարքի որակման համար նշանակություն չունի անառակաբարո գործողություններ կատարելու վերաբերյալ տուժողի համաձայնությունը:

Նշված հանցագործության սուբյեկտ կարող է լինել 16 տարին լրացած յուրաքանչյուր մեղսունակ ֆիզիկական անձ:

Սուբյեկտիվ կողմից տվյալ արարքը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ : Ընդ որում, հանցավորը տվյալ դեպքում պարտադիր պետք է գիտակցի, որ անառակաբարո գործողություններ է կատարում այնպիսի անձի նկատմամբ, ում 16 տարին դեռ չի լրացրել:

Հանցագործության շարժառիթները կարող են տարբեր լինել: Օրինակ՝ սեփական սեռական պահանջմունքների բավարարման, տուժողի մոտ սեռական կյանքի վերաբերյալ այլասերված հետաքրքրությունների առաջացման դրդումները եւ այլն * :

Նախագծի 1-ին հոդվածի «ավելացնել» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը

Նույն հիմնավորմամբ նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ խմբագրությամբ» բառերը առաջարկում ենք հանել:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                   Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող`        Հ. Բաբայան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-136-16.05.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                              Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող`        Հ. Բաբայան (հեռ. 011-513-360)



* Տես՝ Գ.Ս.Ղազինյան «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք», Հրատ. ԵՊՀ հրատարակչություն 2012թ., 242-243 էջեր.