ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին(փաստաթղթային կոդ՝ Պ-141-20.05.2019-ԱՀ-011/0 ) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ՝ Ռուբեն Ռուբինյանի եւ Արման Բաբաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսվում է խմբագրել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասը, որի 2-րդ կետով կսահմանվի, որ դիվանագիտական ներկայացուցչին վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ հետ է կանչում Հանրապետության նախագահը՝ արտաքին քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված ՝ այլ անձանց շրջանակից: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ դիվանագիտական ներկայացուցչին այլ անձանց շրջանակից նշանակումը, որը պայմանավորված կլինի արտաքին քաղաքական նպատակահարմարությամբ՝ տվյալ ձեւակերպմամբ հակասում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված որոշակիության սկզբունքին եւ վերոնշյալ իրավունքի կրողը կարող է դրսեւորել հայեցողական վարքագիծ, քանի որ պարզ չէ, թե որ դեպքում նշվածը կհամարվի նպատակահարմար: Բացի դրանից Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի խմբագրման արդյունքում ստացվում է, որ դիվանագիտական ներկայացուցչին ներկայացվող Նախագծի 1-ին հոդվածով նախատեսված չափանիշները վերաբերվում են նրանց եւ նշանակման եւ հետ կանչման դեպքերին: Հետեւաբար, հաշվի առնելով վերոգրյալը ՝ առաջարկում ենք խմբագրել Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող վերոնշյալ դրույթները:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը՝

1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է լրացում կատարել օրենքի 14-րդ հոդվածում, համաձայն որի՝ այլ անձանց շրջանակից դիվանագիտական ներկայացուցիչ նշանակելու դեպքում նշանակման առաջարկը Հանրապետության նախագահին ներկայացնելուց առաջ վարչապետը կարող է իր առաջարկած անձի թեկնածությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողով, որը կարող է ներկայացնել թեկնածուի վերաբերյալ խորհրդակցական եզրակացություն : Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Աժ մշտական հանձնաժողովների լիազորությունները սահմանված են «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Կանոնակարգ) 12-րդ հոդվածով, որովդիվանագիտական ներկայացուցչի թեկնածուի վերաբերյալ եզրակացության տրամադրման որեւէ լիազորություն սահմանված չէ: Բացի դրանից Կանոնակարգի 10-րդ հոդվածի համաձայն՝ ԱԺ մշտական հանձնաժողովներն ստեղծվում են օրենքների նախագծերի, Ազգային ժողովի իրավասության մեջ մտնող այլ հարցերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություններ ներկայացնելու, ինչպես նաեւ խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու համար: Այսինքն, ստացվում է, որ Նախագծով նախատեսված խորհրդակցական եզրակացություն տալու լիազորությունը, այն էլ վարչապետին ներկայացնելը՝ դուրս է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 10-րդ եւ12-րդ հոդվածների շրջանակներից:

Ինչ վերաբերվում է Նախագծին կից ներկայացված հիմնավորման մեջ նշված այն հանգամանքին, որ Նախագծով նախատեսված վերոշնյալ դրույթը բխում է Աժ մշտական հանձնաժողովների կողմից խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների կիրառման լիազորությունից՝ ապա հայտնում ենք, որ Կանոնակարգի 122-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված է մշտական հանձնաժողովների խորհրդարանական վերահսկողության շրջանակը, համաձայն որի՝ ԱԺ մշտական հանձնաժողովները Կանոնակարգի 112-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված իրենց իրավասության շրջանակում՝

1) խորհրդարանական վերահսկողություն են իրականացնում օրենքների կատարման ընթացքի նկատմամբ .

2) կարող են տեղեկություններ պահանջել Կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ :

Այսպիսով՝ նշված դրույթով ուղղակի եւ հստակ սահմանված է մշտական հանձնաժողովների խորհրդարանական վերահսկողության շրջանակը: Հետեւաբար, ստացում է, որ Հիմնավորման մեջ նշված դիվանագիտական ներկայացուցչի թեկնածուի նշանակման կապակցությամբ խորհրդակցական եզրակացության տրամադրումը չի բխում Կանոնակարգով մշտական հանձնաժողովներին տրված խորհրդարանական վերահսկողության շրջանակներից:

2. Նախագծի վերնագրի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» բառերնառաջարկում ենք փոխարինել «ՕՐԵՆՔՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

3. Նախագծի 1-ին հոդվածի «2001 թվականի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել, իսկ «14-րդ հոդվածի» բառերն առաջարկում ենք փոխարինել «14-րդ հոդվածում» բառերով, այնուհետեւ որպես Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մաս՝ նոր պարբերությամբ շարադրել «1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ» բառերը՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը, 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը եւ 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը:

4. Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «15-ամյա» բառերն առաջարկում են փոխարինել «15 տարվա» բառերով, իսկ որպես չափանիշ նշված «ղեկավար պաշտոն զբաղեցնելու» դրույթի կապակցությամբ սահմանել ժամանակաշրջան:

5. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի «Նույն հոդվածը լրացնել նոր 1.1-ին մասով՝» բառերն առաջարկում ենք փոխարինել «Լրացնել նոր՝ 1.1-ին մաս» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

6. Նախագծի 2-րդ հոդվածի «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից» բառերը առաջարկում ենք փոխարինել «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:

7. Առաջարկում ենք Նախագծում սահմանել անցումային դրույթներ, որով կնախատեսվի նաեւ գործող այն դիվանագիտական ներկայացուցիչների կարգավիճակի մասին դրույթները, որոնք չեն համապատասխանում Նախագծով նախատեսվող չափանիշներին, սակայն օտարերկրյա պետությունում սահմանված կարգով գտնվում են դիվանագիտական ծառայության մեջ՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետը:

Նախագծի վերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ 

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                             Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարողներ՝ Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)

                         Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283) (120)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                               Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարողներ՝ Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)

                        Գ. Տոնոյան (հեռ. 011-513-283) (120)