ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-153-23.05.2019-ԳԿ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» բառերնառաջարկում ենք փոխարինել «ՕՐԵՆՔՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «1996 թվականի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը, իսկ «16-րդ մասով» բառերն առաջարկում ենք փոխարինել «17-րդ մասով» բառերով, քանի որ «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածն արդեն իսկ ունի 16-րդ մաս (հիմք՝ «Գովազդի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» 2019 թվականի մայիսի 8-ի ՀՕ-29-Ն օրենք):

3. Հաշվի առնելով, որ Նախագծի 1-ին հոդվածի եւ՛ 1-ին, եւ՛ 2-րդ մասերը վերաբերվում են «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածում լրացումներ կատարելուն՝ առաջարկում ենք, Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «15-րդ հոդվածի» բառերը փոխարինել «15-րդ հոդվածում՝» բառերով, այնուհետեւ որպես 1-ին մաս շարադրել 15-րդ մասում նախատեսվող նշված լրացումը, իսկ 2-րդ մասի «Նույն հոդվածը լրացնել նոր 16-րդ մասով.» բառերն առաջարկում ենք փոխարինել «լրացնել նոր՝ 17-րդ մաս.» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը, 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածում նախատեսվող լրացման կապակցությամբ հայտնում ենք, որ նշված դրույթն իրավական բովանդակության առումով հստակեցման կարիք ունի, մասնավորապես՝ պարզ չէ «Հայաստանի Հանրապետության համայնքներում (բացառությամբ Երեւան քաղաքի) Հայաստանի Հանրապետության գրանցում ունեցող տոտալիզատորի կողմից» ձեւակերպումը, քանի որ «Վիճակախաղերի մասին» օրենքի համաձայն՝ տոտալիզատորը՝ դա հրապարակային միջոցառում է՝ խաղ, որի կազմակերպիչը հնարավորություն է ստեղծում մասնակիցների համար կանխագուշակելու խաղային, սպորտային, սոցիալական եւ այլ նշանակալից իրավիճակի հնարավոր տարբերակը ընդ որում, շահումը պայմանավորված է կանխագուշակման մասնակի կամ լրիվ համընկնումից, իսկկազմակերպիչը այդ գործունեության իրականացման միջոցով եկամուտ (շահույթ) ստանալու նպատակ հետապնդող` համապատասխան գործունեություն իրականացնելու լիցենզիա ստացած առեւտրային կազմակերպությունն է: Այսինքն, ստացվում է, որ գրանցում կարող է ունենալ ոչ թե տոտալիզատորը, այլ դրա կազմակերպիչը (ինտերնետ կամ նմանօրինակ ցանկացած գլոբալ համակարգի եւ ցանկացած համակարգված ցանցային կապուղիների միջոցով իրականացվելու դեպքում՝ ինտերնետ տոտալիզատորը, իսկ առեւտրային միջնորդ հանդիսացող կամ որեւէ ձեւով լիազորված ցանկացած անձի կողմից հրապարակային կամ այլ պայմանագրերով կամ առանց դրանց մասնակցին տոտալիզատորի մասնակցելու հնարավորության ստեղծողը՝ ինտերնետ տոտալիզատորի կազմակերպիչ): Բացի դրանից «Վիճակախաղերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում վիճակախաղերի կազմակերպման գործունեություն կարող են իրականացնել միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ (կամ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ հանդիսացող հիմնադիրներ ունեցող Հայաստանի Հանրապետությունում գրանցված առեւտրային կազմակերպությունները` համապատասխան լիցենզիայի հիման վրա: Հետեւաբար, առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության գրանցում ունեցող տոտալիզատորի» բառերը փոխարինել Հայաստանի Հանրապետությունում գրանցված եւ համապատասխան լիցենզիայի հիման վրա տոտալիզատորի կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց» բառերով: Իրավական բովանդակության տեսանկյունից պարզ չէ նաեւ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում նախատեսված «սպորտային ենթակառուցվածք» եզրույթը, քանի որ օրենսդրական ակտով չկա վերջինիս նշանակության,սահմանման կամ ձեւակերպման մասին որեւիցե դրույթ: Բացի դրանից՝ վերը նշված լրացման բովանդակության մաս է կազմում նաեւ կոմունալ վճարների վճարման տեսքով ներդրում կատարելը: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ վերլուծելով ներդրումների հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրությունը եւ ելնելով դրա իրավական կարգավորման բովանդակությունից՝ պարզ է դառնում, որ ներդրումը՝ դա գույքի ցանկացած տեսակ, այդ թվում` ֆինանսական միջոցներ եւ մտավոր արժեքներ ներդնելու հետ կապված գործողությունն է, որը ներդրողի կողմից անմիջականորեն ներդրվում է որոշակի տարածքում իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության ոլորտում` շահույթի (եկամտի) ստացման կամ այլ օգտակար արդյունքի հասնելու նպատակով: Այսինքն, ստացվում է, որ առաջարկվող կարգավորումը չի բխում գործող օրենսդրությամբ սահմանված «ներդրում» հասկացության իրավական բովանդակությունից:

Միաժամանակ հարկ ենք համարում նշել, որ «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածի վերջին պարբերության համաձայն՝ Արգելվում է գովազդ տեղադրել թանգարաններում, պատմական եւ ճարտարապետական հուշարձանների ներսում, ինչպես նաեւ պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում եւ նրանց տարածքում : Այսինքն, հաշվի առնելով, որ Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված «սպորտային ենթակառուցվածքները» (քանի որ անորոշէ դրա իրավական բովանդակությունը) կարող են հանդիսանալ եւ/կամ գտնվել նաեւ պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմինների իրավասության կամ պատկանել վերջիններիս՝ գտնում ենք, որ Նախագծի վերը նշված 2-րդ մասը հակասում է «Գովազդի մասին» օրենքի 11-րդ հոդվածով սահմանված` վերոնշյալ պարբերությանը:

5. Նախագծի 2-րդ հոդվածի «պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից» բառերն առաջարկում ենք փոխարինել «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:

Նախագծի վերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                              Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                             Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)