ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-157-24.05.2019-ՏՏԳԲ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը.

1. Նախագծի վերնագրի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ» բառերնառաջարկում ենք փոխարինել «ՕՐԵՆՔՈՒՄ» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

2. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «2008 թվականի» բառերից առաջ նշված «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 8-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

3. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում է լրացում կատարել «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետում, համաձայն որի՝ Երեւանի ավագանին տեղական հանրաքվե անցկացնելու մասին որոշում է ընդունում նաեւ ավագանու խմբակցության անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ: Այս կապակցությամբ հայտնում ենք, որ «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ տեղական հանրաքվե անցկացնելու նախաձեռնության իրավունք ունեն տվյալ համայնքում տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձինք, տվյալ համայնքի ավագանու անդամների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը եւ համայնքի ղեկավարը: Հետեւաբար, հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ Օրենքում Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվող լրացումն հակասում է «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի 6-րդ հոդվածին: Նույն հիմնավորմամբ գտնում ենք, որ Նախագծի 7-րդ հոդվածը եւս հակասում է «Տեղական հանրաքվեի մասին» օրենքի 6-րդ հոդվածին:

4. Նախագծի 2-րդ եւ 4-րդ հոդվածներում նախատեսված մասերը համարակալել տեքստից բաժանելով միջակետով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ եւ 7-րդ մասերը:

5. Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվում է լրացում կատարել Օրենքի 21-րդ հոդվածում, համաձայն որի ավագանու անդամը դիտորդի կարգավիճակով կարող է մասնակցել Երեւանի քաղաքապտարանի աշխատակազմի ամենշաբաթյա գործակարգավարական նիստերին: Նշենք, որ նշված դրույթը հիմնավորոված է այն հանգամանքով, որ ավագանու խմբակցություններին տրամադրվումէ խիստ սահմանափակ տեղեկատվություն, ինչը բավարար չէ Երեւան քաղաքին վերաբերող քննարկվող հարցերին բազմակողմանի տիրապետելու համար: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ ավագանու անդամի իրավունքները սահմանված են Օրենքի 18-րդ հոդվածով, մասնավորապես՝ 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ավագանու անդամն իրավունք ունիստանալու ավագանու իրավական ակտերը, ինչպես նաեւ քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկություններ, բացառությամբ օրենքով նախատեսված գաղտնիք համարվող տեղեկությունների: Հետեւաբար, գտնում ենք, որ Օրենքում նշված լրացման նորմատիվային անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն ավագանու անդամն իրավունք ունի քաղաքապետարանի աշխատակազմից ստանալու ցանկացած ոչ գաղտնի տեղեկատվություն եւ երկրորդ՝ վերը նշված Հիմնավորման տեսանկյունից՝ գտնում ենք, որ նշված լրացումը պետք է կատարել Օրենքի 18-րդ, այլ ոչ, թե 21-րդ հոդվածում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը:

6. Նախագծի 8-րդ հոդվածով նախատեսվում էլրացում կատարել Օրենքի 50-րդ հոդվածում, համաձայն որի՝ քաղաքապետը համայնքի աշխատակազմի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է քաղաքապետարանի աշխատակզմի ամենշաբաթյա գործակարգավարական նիստերի միջոցով: Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքապետարանի աշխատակազմի գործունեության կազմակերպումն ու ղեկավարումն իրականացնում է քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը: Հետեւաբար, ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ նախագծի 8-րդ հոդվածը հակասում էՕրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասին:

7. Նախագծի 9-րդ հոդվածով նախատեսվող փոփոխության արդյունքում ուժը կորցրած կճանաչվի Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, որտեղ սահմանված է, որ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը հայեցողական պաշտոն է եւ Նախագծի նշված հոդվածի հիմնավորումը բխում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասից՝ ըստ որի Երեւանի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը ոչ թե հայեցողական, այլ՝ համայնքային վարչական պաշտոն է: Հետեւաբար ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Նախագծի 9-րդ հոդվածով Օրենքի նշված դրույթը, ոչ թե ուժը կորցրած պետք է ճանաչել, այլ համապատասխանեցնել «Հանրային ծառայության մասին» օրենքի6-րդ հոդվածի 5-րդ մասին:

8. Նախագծի 10-րդ հոդվածի «դրա պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերն առաջարկում ենք փոխարինել «պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասը:

Նախագծի վերաբերյալայլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)


ՏԵՂԵԿԱՆՔ

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                              Ս. ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Գ. Մամյան (հեռ. 011-513-675) (108)