ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-174-05.06.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ՝ Գեւորգ Պետրոսյանի, Նորա Առուստամյանի, Շաքե Իսայանի, Իվետա Տոնոյանի եւ Հրանտ Մադաթյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշ ենք հետեւյալը:

Նախագծով նախատեսվում է սահմանել քրեական պատասխանատվություն՝ աշխատանքից /հանրային ծառայության պաշտոնից/ ազատվելու կամ այլ աշխատանքի /պաշտոնի/ փոխադրվելու վերաբերյալ դիմում տալուն հարկադրելու համար:

Հեղինակների կողմից Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորվել է նաեւ այն հանգամանքով, որ ««ՀՀ Սահմանադրության եւ Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի դրույթները չեն ընդգրկում այն դեպքերը, երբ առերեւույթ չեն խախտվում աշխատողի իրավունքները, բայց, փաստացի, աշխատողը հարկադրված է ներկայացնում աշխատանքից ազատման դիմում: Գործատուները տարբեր եղանակներով ճնշում են գործադրում աշխատողների վրա, որպեսզի պարտադրեն նրանց «իրենց կամքով» գրել աշխատանքից ազատման դիմումներ, ինչին աշխատողները ենթարկվում են մի քանի դրդապատճառներից ելնելով՝ այդ թվում չեն ցանկանում վատացնել իրենց հարաբերությունները գործատուների հետ, գործատուները պարզապես սպառնում են ազատել աշխատանքից այլ հիմքերով: Նման վարքագծի դրսեւորումներ տեղի ունեցան 2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային Ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ, սակայն օրենքում նման դրույթի բացակայության պատճառով ոչ ոք պատասխանատվության չենթարկվեց կատարած հակաօրինական գործողության համար»:

Վերոշարադրյալ հիմնավորման արդյունքում եկել ենք այն համոզման, որ Նախագծով առաջարկվել է սահմանել քրեական պատասխանատվություն՝ գործատուի կողմից հանրային ծառայող հանդիսացող աշխատակցին աշխատանքից /պաշտոնից/ ազատվելու կամ այլ աշխատանքի /պաշտոնի/ փոխադրվելու վերաբերյալ դիմում տալուն հարկադրելու համար, որպիսի հանցագործության սուբյեկտ կարող են լինել միայն ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասում նշված պաշտոնատար անձինք :

Այս առումով, գտնում ենք, որ նախագծով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքի կատարման համար արդեն իսկ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն: ՀՀ քրեական օրենսգրքի՝ «Պաշտոնեական լիազորություններն անցնելը» վերտառությամբ 309-րդ հոդվածը սահմանում է.

1. Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրիանական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին /գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը/՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

3. Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Երեւանի պետական համալսարանի 2012 թվականի հրատարակչությամբ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք հատուկ մաս» * վերտառությամբ դասագրքում մանրամասն մեկնաբանված է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի, այսինքն՝ «Պաշտոնեական լիազորությունները անցնելը» հանցագործության հանցակազմը:

Մասնավորապես.

Պաշտոնեական լիազորությունների անցման հիմնական օբյեկտը պետական ապարատի կոնկրետ օղակի նորմալ գործունեությունն է: Դրա հետ միաժամանակ այս հանցագործությունն ունի նաեւ լրացուցիչ օբյեկտ, որպիսին կարող են հանդիսանալ մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, քաղաքացիների, կազմակերպությունների, պետության գույքային, տնտեսական եւ այլ շահերը: Պաշտոնատար անձի լիազորությունները սահմանվում են համապատասխան օրենքներով եւ ենթաօրենսդրական ակտերով, որոնցում կարգավորվում են նրանց իրավունքներն ու պարտականությունները: Դրա համար էլ պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների անցման փաստը հավաստելու համար անհրաժեշտ է պարզել, թե կոնկրետ որ իրավական ակտով են կարգավորվում կոնկրետ պաշտոնատար անձի լիազորությունները եւ կոնկրետ ինչում են դրսեւորվել այդ ակտի պահանջների խախտումները: Պաշտոնեական լիազորությունների անցման օբյեկտիվ կողմը հիմնականում դրսեւորվում է պաշտոնատար անձի կողմից այնպիսի գործողությունների կատարմամբ՝ որոնք՝ 1/ մտնում են այլ պետական ծառայողի լիազորությունների շրջանակի մեջ, 2/ մտնում են կոլեգիալ մարմնի լիազորությունների մեջ, 3/ կարող էր կատարել պաշտոնատար անձը, բայց հատուկ պայմանների առկայությամբ, 4/ ոչ ոք իրավասու չէ կատարել: Պաշտոնեական լիազորությունների անցման հանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է հանրորեն վտանգավոր հետեւանքների առաջացումը: Դրանց բովանդակություը նույնն է, ինչ որ պաշտոնեական լիազորությունների չարաշահման հանցակազմում: Քննարկվող հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է նաեւ, որ պաշտոնատար անձի կողմից կատարված գործողություններն անմիջականորեն կապված լինեն նրա ծառայողական գործունեության հետ, երբ նա հանդես է գալիս որպես պաշտոնատար անձ: Հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է մեղքի դիտավորյալ ձեւով: Հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրող կարեւոր հատկանիշ է ակնհայտությունը, ինչը ենթադրում է, որ պաշտոնատար անձը պետք է գիտակցի, որ դուրս է գալիս օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակից: Դիտավորությունը կարող է դրսեւորվել ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի դիտավորությամբ:

Հարկ է նկատել, որ գործատուի կողմից ոչ հանրային ծառայող հանդիսացող իր աշխատակցին աշխատանքից /պաշտոնից/ ազատվելու կամ այլ աշխատանքի /պաշտոնի/ փոխադրվելու վերաբերյալ դիմում տալուն հարկադրելու համար նույնպես ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված է պատասխանատվություն:

Այսպես. ՀՀ քրեական օրենսգրքի «Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը» վերտառությամբ 214-րդ հոդվածը սահմանում է.

1. Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ եւ իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելություններ ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով օգտագործելը, եթե անձանց կազմակերպությունների կամ պետության օրինական շահերին էական վնաս է պատճառվել՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

2. Նույն արարքը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Երեւանի պետական համալսարանի 2012 թվականի հրատարակչությամբ՝ «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք հատուկ մաս» վերտառությամբ դասագրքում մանրամասն մեկնաբանված է նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի, այսինքն՝ «Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը» * հանցագործության հանցակազմը:

Մասնավորապես. տվյալ հանցագործության անմիջական օբյեկտը առեւտրային կամ այլ կազմակերպությունների գործունեության կարգի ու դրանցում ծառայության օրինական շահերի պաշտպանության ապահովմանն ուղղված հասարակական հարաբերություններն են: Հանցագործության օբյեկտիվ կողմը բնութագրվում է հետեւյալ երեք պարտադիր հատկանիշներով.

1/ առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելը,

2/ անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառելը,

3/ ծառայողի արարքի եւ նշված հետեւանքի միջեւ պատճառական կապի առկայությունը:

Ծառայողի կողմից իր լիազորությունների իրականացում ասելով՝ պետք է հասկանալ այնպիսի գործողության /անգործություն/ կատարումը, որն օրենքով կամ այլ նորմատիվ ակտով սահմանված իր լիազորությունների շրջանակներում իրականացնում է առեւտրային կամ այլ կազմակերպության ծառայողը: Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների լիազորությունները ամրագրված են համապատասխան իրավական ակտերով: Քրեական պատասխանատվություն է առաջացնում այդ լիազորությունները տվյալ կազմակերպության շահերին հակառակ օգտագործելը: Քննարկվող հանցակազմի առկայության առկայության համար անհրաժեշտ է նաեւ, որ համապատասխան ծառայողի կողմից իր լիազորությունները չարաշահելու հետեւանքով անձանց, կազմակերպությունների կամ պետության իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառվի: Էական վնասը արժեքավորվող հասկացություն է: Տվյալ հետեւանքի՝ որպես հանցակազմի հատկանիշի հարցը լուծվում է իրավակիրառողի կողմից՝ ելնելով կատարված արարքի կոնկրետ հանգամանքներից՝ պատճառված վնասի չափից եւ բնույթից, տուժողների թվից եւ առանձնահատկություններից, վնասը վերականգնելու համար պահանջված միջոցների ծավալից եւ այլն: Քննարկվող հանցակազմի սուբյեկտիվ կողմը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ: Այդ մասին է վկայում քրեական օրենսգրքի հոդված 214-ով նախատեսված արարքի եւ հետեւանքի միջեւ պատճառական կապի առկայությունը: Մասնավորապես, հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ առեւտրային կամ այլ կազմակերպության ծառայողի կողմից իր կարգադրիչ կամ այլ լիազորությունները օգտագործվեն այդ կազմակերպության շահերին հակառակ՝ իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու կամ առավելությունների ձեռք բերելու կամ այլ անձանց վնաս պատճառելու նպատակով:

Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

 ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                             Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող`        Հ. Բաբայան (հեռ. 011-513-360)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-174-05.06.2019-ՊԻ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                    Ս.ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող`        Հ. Բաբայան (հեռ. 011-513-360)



* Տես՝ Գ.Ս.Ղազինյան «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք», Հրատ. ԵՊՀ հրատարակչություն 2012թ., 794-796 էջեր.

* Տես՝ Գ.Ս.Ղազինյան «Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք», Հրատ. ԵՊՀ հրատարակչություն 2012թ., 479-481 էջեր.