ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-182-07.06.2019-ՏՀ-011/0)եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-1821 -07.06.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին» եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը ( այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Սահմանադրության 147-րդ հդվածի 2-րդ մասի համաձայն. «Նախարարությունների ցանկը եւ Կառավարության գործունեության կարգը Կառավարության ներկայացմամբ սահմանվում են օրենքով:..»:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն. «Խմբակցության կամ պատգամավորի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ քաղաքացիական նախաձեռնության կարգով չեն կարող ներկայացվել Սահմանադրության 110-րդ հոդվածի 1-ին մասով, 116-րդ հոդվածի 2-րդ մասով, 117-րդ հոդվածով, 121-րդ հոդվածով, 147-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 189-րդ հոդվածի 1-ին մասով Կառավարության բացառիկ իրավասությանը վերապահված օրենքների նախագծեր:»: Մինչդեռ, Փաթեթում ներառված է ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որով առաջարկվում է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածի 15-րդ կետըշարադրել նոր խմբագրությամբ:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ ) առաջին էջի վերեւի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառի բոլոր տառերն առաջարկում ենք գրել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը: Նույնը վերաբերում է նաեւ Փաթեթում ներառված ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի «պետական կառավարման մարմինների» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների» բառերով՝ հիմք ընդունելով Սահմանադրության 159-րդ հոդվածը, «Պետական կառավարման համակարգի մասին» օրենքի 2-րդ հոդվածը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը:

3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի «օրենքի 2-րդ հոդվածով» բառերից առաջ լրացնել «սույն» բառը, այլապես պարզ չէ, թե ո ՞ ր օրենքի 2-րդ հոդվածին է հղում կատարվում: Նշենք նաեւ, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հղումները կատարվում են հստակ եւ ուղղակի:

4. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «Սույն օրենքի կարգավորման առարկան օրենքի 2-րդ հոդվածով սահմանված չափորոշիչներին բավարարող ներդրումային ծրագրի իրականացման գործընթացում ներգրավված պետական մարմինների, ինչպես նաեւ այդ ծրագիրն իրականացնող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ տվյալ ներդրումային ծրագրի շրջանակներում հարաբերություններն են:»: Այդ կապակցությամբ նշենք, որ Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասում չափորոշիչ կարող է համարվել միայն 50 մլն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ներդրումային ծրագրերը, իսկ օրինակ «արժույթով, շարժական ու անշարժ գույքով, բաժնետոմսերով, պարտատոմսերով...» ներդրումային ծրագրերը ոչ թե չափորոշիչներ են, այլ ներդրումների տեսակներ:

5. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է. «1. Սույն օրենքի պահանջների կատարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը օրենքի ընդունումից հետո մեկամսյա ժամկետում:»: Նախագծի նույն հոդվածի 2-րդ մասով սահմանվում է. «2. Սույն օրենքի պահանջների կատարումը պետական լիազոր մարմինն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:», մինչդեռ Նախագծից պարզ չէ, թե որո՞նք են օրենքի պահանջները (Նախագծով նախատեսված է միայն ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության լիազոր մարմնի գործառույթները) , որոնց կատարման կարգը պետք է սահմանի Կառավարությունը եւ Կառավարության սահմանած կարգով օրենքի պահանջների կատարումը իրականացնի պետական լիազոր մարմինը, այն է՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

6. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասն իր բնույթով անցումային դրույթ է: Այդ կապակցությամբ ա ռաջարկում ենք Նախագիծը լրացնել «Անցումային դրույթներ» վերտառությամբ հոդվածով եւ Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասը տեղափոխել այդ հոդված՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ մասը:

7. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասի « Հայաստանի Հանրապետությանկառավարությունը » եւ 2-րդ մասի « Հայաստանի Հանրապետության կառավարության » բառերն առաջարկում ենք համապատասխանաբար փոխարինել «Կառավարությունը» եւ «Կառավարության» բառերով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի դեկտեմբերի 6-ի փոփոխությունները, որտեղ կիրառվում է «Կառավարություն» եւ «Կառավարության» եզրույթները:

8. Նախագծի 3-րդ հոդվածի 2- րդ մասի «պետական լիազոր մարմինն» բառերն եւ Նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի «լիազոր մարմնի» բառերն առաջարկում ենք համապատասխանաբար փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինն» եւ «պետական կառավարման համակարգի մարմնի» բառերով՝ հիմք ընդունելով Սահմանադրության 159-րդ հոդվածը, «Պետական կառավարման համակարգի մասին» օրենքի 2-րդ հոդվածը եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը: Նույնը վերաբերում է նաեւ Փաթեթում ներառված ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 1-ին հոդվածով առաջարկով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի հավելվածի 15-րդ կետին:

9. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 4-րդ հոդվածի վերնագիրը նոր խմբագրությամբ՝ «Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության պետական կառավարման համակարգի մարմինը եւ նրա գործառույթները» շարադրելու եւ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը Նախագծի 4-րդ հոդվածում ներառելու հարցը:

10. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք ) 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օ րենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Հոդվածների մասերը կարող են բաժանվել միայն համարակալված կետերի, կետերը` միայն համարակալված ենթակետերի: Օրենքի նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտի հոդվածները, մասերը եւ կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Այդ կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի մասի եւ կետերի համարակալումը համապատասխանեցնել վերը նշված Օրենքի պահանջներին ( Նախագծի 4-րդ հոդվածը բաղկացած է մեկ մասից եւ չորս կետերից ) :

Նկատի ունենալով Նախագծին կից ներկայացված հիմնավորումը, կ արծում ենք, որ Նախագիծը չի ապահովվում լիակատար կարգավորում եւ լրամշակման կարիք ունի, մասնավորապես՝ սահմանված չեն ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մերժման հիմքերը, Կառավարության գործունեությունը, որեւէ պատասխանատվություն պետական մարմինների ներկայացուցիչների նկատմամբ, մինչդեռ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է օրենքով պետական մարմինների ներկայացուցիչների պատասխանատվության ինստիտուտի սահմանմամբ:

11. «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) վերնագրված է «ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», մինչդեռ, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք ) հավելվածի 15-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ, (ըստ Նախագծի՝ շարադրել հետեւյալ խմբագրությամբ), այսինքն, Նախագծով առաջարկվում է Օրենքի հավելվածի 15-րդ կետը ենթարկել փոփոխության: Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծի վերնագիրը եւ բովանդակությունը համապատասխանեցնել միմյանց՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասը, որի համաձայն. «Նորմատիվ իրավական ակտը ունենում է վերնագիր, որը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտի բովանդակությանը:»:

12. Նախագծի 1-ին հոդվածի «հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:

Փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                         ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Ներդրումային ծրագրերի իրականացման պետական աջակցության մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-182-07.06.2019-ՏՀ-011/0)եւ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»(փաստաթղթային կոդ՝ Պ-1821 -07.06.2019-ՏՀ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթինառնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Փաթեթին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                        ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)