ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-184-11.06.2019-ՊԻ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծիվերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի եւ Նազելի Բաղդասարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի առաջին էջի վերեւի աջ անկյունում գրված «Նախագիծ» բառի բոլոր տառերն առաջարկում ենք գրել մեծատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 7-րդ մասը:

2. Նախագծի վերնագիրը առաջարկում ենք գրելմեծատառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի2-րդ մասը:

3. Նախագծի ամբողջ տեքստում «շարադրել հետեւյալ խմբագրությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը:

4. Նախագծի 1-ին հոդվածում՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի անվանումը առաջարկում ենք համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի18-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին:

5.Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերի «հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք հանել՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

6. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի «չորրորդ նախադասության մեջ «արձանագրությունում:» բառից հետո» բառերը փոխարինել «չորրորդ նախադասության «արձանագրությունում:» բառից հետո» բառերով, քանի որ առաջարկվում է լրացում կատարել ոչ թե «չորրորդ նախադասության մեջ», այլ չորրորդնախադասությունից հետո:

7. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 29-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, այն է՝ «1. Դատավարական գործողությունների ընթացքը եւ արդյունքներն արտացոլվում են արձանագրությունում (բացառության սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-րդ մասով նախատեսված դեպքերի), որը կազմվել է դատավարական գործողության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապես հետո»: Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով առաջարկվում է Օրենսգրքի 209-րդ հոդվածը լրացնել նոր 3.1-րդ մասով, որով սահմանվում է. «3.1. Հարցաքննության ընթացքի ձայնագրման եւ (կամ) տեսագրման դեպքում, եթե քննչական գործողության մասնակիցները չեն առարկում, ապա ցուցմունքները, այդ թվում՝ հարցերը եւ պատասխանները հարցաքննության արձանագրության մեջ չեն արտացոլվում:»: Նախագծի նման տեսքով ընդունվելու դեպքում հակասություն կառաջանա Օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին եւ Օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-րդ մասերի միջեւ:Ստացվում է, որ եթե քննչական գործողության մասնակիցները չեն առարկում, ապա ցուցմունքները, հարցերը եւ պատասխանները չեն արտացոլվում արձանագրության մեջ: Միեւնույն ժամանակ, Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող Օրենսգրքի 29-րդ հոդվածի 1-ին մասի նոր խմբագրությամբ շարադրանքի՝ նշված դեպքերը համարվում են բացառություն եւ կարող է արձանագրություն չկազմվել: Նման պայմաններում առաջ է գալիս քննչական գործողության երկու մասնակիցների « չառարկելը » փաստելու անհրաժեշտություն, որի միակ հնարավոր եղանակը դա արձանագրության կազմելն է: Հետեւաբար, առաջարկվող փոփոխությունը կարող է իրագործվել բացառապես նման կամարտահայտությունը արձանագրելու օրենսդրական պահանջ նախատեսելու դեպքում:

8. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասով արգելվում է կատարել շրջանաձեւ հղումներ, երբ նորմը, որին հղում է կատարվում, իր հերթին հղում է կատարում նախորդ նորմին: Մինչդեռ, Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվող Օրենսգրքի 209-րդ հոդվածի նոր 3.1-րդ մասով հղում է կատարվում Օրենսգրքի 337-րդ եւ 342-րդ հոդվածներին, իսկ Նախագծի 3-րդ եւ 4-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխություններով՝ Օրենսգրքի 337-րդ հոդվածի 2-րդ մասըեւ 342-րդ հոդվածի 2-րդ մասը իրենց հերթին հղում են կատարում Օրենսգրքի 209-րդ հոդվածի նոր 3.1-րդ մասին: Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Օրենսգրքի վերը նշված հոդվածներըքննարկել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 5-րդ մասի համատեքստում եւ շարադրել նոր խմբագրությամբ:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՝                                                                          ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)

ՏԵՂԵԿԱՆՔ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-184-11.06.2019-ՊԻ-011/0)Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծինառնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                       ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝ Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)