ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-219-09.07.2019-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պահանջներին:

Այլ օրենքների պահանջներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Ն ախագծի վերնագրում եւ 1-ին հոդվածում «Հայաստանի Հանրապետության» բառերն առաջարկում ենք հանել, հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ եւ 18-րդ հոդվածի 3-րդ մասերը:

2. Առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի մասերը Նախագծում վերաշարադրել առանձին հոդվածներով եւ հղումները կատարել հստակ եւ ուղղակի՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 4-րդ մասը: Օրինակ «Նույն մասի» բառերը փոխարինել «Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի» բառերով, իսկ «Նույն հոդվածը լրացնել» բառերը՝ «Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել» բառերով:

3. Ն ախագծի 1-ին հոդվածում «ավելացնել» բառն առաջարկում ենք փոխարինել «լրացնել» բառով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասը:

4. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենսդրական ակտերում հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների : Հիմք ընդունելով վերոգրյալը, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասի «1.1-ին կետով» բառերը փոխարինել «1.1-րդ մասով» բառերով, նկատի ունենալով, որ առաջարկվող լրացումը ««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածում կատարվում է որպես հոդվածի «1.1-րդ մաս»:

5. Չնայած, որ Օրենքը վերնագրված է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» , այնուամենայնիվ, առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածի 4-րդ մասով առաջարկվող Օրենքի 3-րդ հոդվածի նոր 1.1-րդ մասում (ըստ Նախագիծ՝ 1.1-ին կետ) «ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք» բառերն «ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ավանդատուներ» բառերով փոխարինելու հարցը տես՝ օրինակ Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը :

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ եւ դիտողություններ չկան:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                    ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)

ՏԵՂԵԿԱՆՔ

««Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Խ-219-09.07.2019-ՖՎ-011/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտության բացակայությանմասին

Նախագծին առնչվող այլ օրենքի կամ Ազգային ժողովի որոշման ընդունման անհրաժեշտությունըբացակայում է:

ԻՐԱՎԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                        ՍՊԱՐՏԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Կատարող՝Ս. Համբարձումյան

(հեռ. 011-513-360) (119)