ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

ՊԱՐՈՆ Գ.ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆԻՆ

ԻՎ-ե- 99

«01» հունիսի 2011թ.

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
(փաստաթղթային կոդ` Կ-1167-17.05.2011-ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջներին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից անհրաժեշտ է նշել հետեւյալը.

Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է «Ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. մարտի 24-ի ՀՕ-40 օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել: Նշված մասերում արտացոլված են ՀՀ ներմուծվող եւ ՀՀ-ում արտադրվող ծխախոտի արտադրանքի համար հաստատագրված վճարի ընդհանուր գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծությունները` համապատասխանաբար 15 եւ 20 տոկոս: ՈՒժը կորցրած ճանաչելու համար հաշվի է առնվել այն հանգամանքը, որ վերոհիշյալ տոկոսային դրույքաչափերի թվերը պարզապես հաշվարկային մեծություններ են եւ չեն արտացոլում հարկման իրական թվային չափերը: Նախագծի հիմնավորման մեջ միաժամանակ նշվում է, որ տվյալ տոկոսային դրույքաչափերի թվերը նախատեսված են այդ գումարները բյուջետային համապատասխան դասակարգման համար: Փաստորեն, վերոնշյալ մասերը ուժը կորցրած ճանաչելու դեպքում ծխախոտի հաստատագրված վճարների գումարները բյուջետային դասակարգմամբ ներկայացնելու խնդիրներ կառաջանան:

Նշված տրամաբանությամբ հարցի լուծման դեպքում ուժը կորցրած պետք է ճանաչել նաեւ «Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը, որտեղ նույպես խոսվում է հաստատագրված վճարի գումարի մեջ ավելացված արժեքի հարկի հաշվարկային մեծության մասին (60 տոկոս):

Ելնելով վերոգրյալից առաջարկվում է վերանայել ներկայացված Նախագիծը եւ անհրաժեշտության դեպքում ներկայացնել լրացուցիչ հիմնավորում:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                     Ս.ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող`Ա.Սարգսյան, հեռ. 513-425