«30» օգոստոսի2011 թ.                                                                                                       ԻՎ-ե-134

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ (փաստաթղթային կոդ` Կ-1220-20.08.2011-ՏՀ-010/0)

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:

2. «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) 11-րդ հոդվածով առաջարկվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 1-ին մասի համաձայն «Անշարժ գույքի գնահատման գործունեություն իրականացնող անձը պատվիրատուի պահանջի դեպքում, որպես գույքային պատասխանատվության ապահովման միջոց, պարտավոր է իր հաշվին ապահովագրել պատվիրատուին հնարավոր դրամական վնասից, ….»: Տվյալ դրույթը, մեր կարծիքով, հակասում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի, ինչպես նաեւ «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 983-րդ հոդվածում սահմանված է, որ պարտադիր ապահովագրության տեսակները, պայմաններն ու իրականացման կարգը կարգավորվում են «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքովեւպարտադիր ապահովագրության մասին համապատասխան օրենքներով: «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված է, որ «Պարտադիր ապահովագրության իրականացման դեպքերը, կարգը եւ պայմանները սահմանվում են օրենքով»: Ինչպես երեւում է վերոհիշյալ սահմանումներից պարտադիր ապահովագրության առանձին տեսակները պետք է կարգավորվեն համապատասխան օրենքով:

3. Նախագիծ 15-րդ հոդվածով առաջարկվել է Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն անշարժ գույքի գնահատողների որակավորման կարգը հաստատում է լիազոր մարմինը: Նման մոտեցման դեպքում ստացվում է, որ լիազոր մարմինը միաժամանակհսկող, վերահսկող, ինչպես նաեւ որակավորման կարգ հաստատող մարմին է:

Բոլոր գործառույթները մեկ մարմնի ձեռքում չկենտրոնացնելու նպատակով առաջարկում ենք քննարկել անշարժ գույքի գնահատողների որակավորման կարգը ՀՀ կառավարության կողմից հաստատելու հարցը:

4. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) հետ կապված Նախագծերի փաթեթի բոլոր նախագծերի ուժի մեջ մտնելու հոդվածները անհրաժեշտ է համապատասխանեցնել Օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին:

Փաթեթում կան նաեւ խմբագրական եւ այլ բնույթի թերություններ, բացթողումներ, անհարկի կրկնություններ որոնց վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ կներկայացվեն Նախագծերի փաթեթը աշխատանքային կարգով քննարկելու ժամանակ:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                        Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ա.Սարգսյան, հեռ.513-425