«22» դեկտեմբերի2011 թ.                                                                                                ԻՎ-ե-210

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1312-20.12.2011-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող փոփոխություններն ու լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին: 2. Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվել է « Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 9-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ.

«Բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հաշվառումն իրականացնում են խնամակալության եւ հոգաբարձության մարմինները` Հայաստանի Հանրապետության Կառավարության սահմանված կարգով»: 

Այդ կապակցությամբ առաջարկում ենք`

ա) օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից` «Բնակարան» բառից առաջ լրացնել «4.» թվանշանը այն համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին. համաձայն որի «.... Հայաuտանի Հանրապետության oրենքների հոդվածները բաժանվում են «մաuեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների:......»:

բ) քննարկել լրացվող մասից «թվին պատկռանող անձանց» բառերը հանելու հարցը, նկատի ունենալով,որ Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն« Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց» բառերի փոխարեն Օրենքի ամբողջ տեքստում, դրանից հետո, օգտագործվում է«առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ» բառերը: Հակառակ դեպքում ստացվում է, որ խնամակալության եւ հոգաբարձության մարմիններըպետք է հաշվառեն միայան բնակարանի կարիք ունեցող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող 18-23 տարեկան այն անձանց,որոնց ծնողները (կամ միակ ծնողը) մինչեւ 18 տարին լրանալը մահացել են, զրկվել են ծնողական իրավունքներից, ճանաչվել են անգործունակ, խուuափել են երեխաների դաuտիարակությունից կամ նրանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունից, ինչպեu նաեւ oրենքով uահմանված կարգով ճանաչվել են մահացած, անհայտ բացակայող կամ անհայտ են:

3. Չնայած այն հանգամանքին, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ «Նորմատիվ իրավական այն ակտը, որում ուժի մեջ մտնելու ժամկետ նախատեuված չէ, ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը:», այնուամենայնիվ առաջարկում ենք քննարկել ուժի մեջ մտնելու վերաբերյալ դրույթը Նախագծով սահմանելու հարցը:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                      Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ա. Մխիթարյան հեռ.513-636

Հ. Սարդարյան