« 05 » սեպտեմբերի 2012 թ.                                                                                                   ԻՎ-ե-50

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-056-24.08.2012-ՏՀ-010/0), «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0561 -24.08.2012-ՏՀ-010/0) եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-0562 -24.08.2012-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 2012 թվականի փետրվարի 17-ին (Կ-1339-17.02.2012-ՏՀ-010/0) փաստաթղթային կոդով պաշտոնական շրջանառության մեջ դրված եւ Նախագծերի փաթեթի վերաբերյալ2012 թվականի փետրվարի 27-ին մեր կողմից տրված եզրակացությունը, նկատի ունենալով, որ շրջանառության մեջ դրված նոր նախագծով որեւէ փոփոխություն կամ լրացում չի կատարվել:

Ն ախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան:

1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (այսուհետ` Նախագիծ).

1.1. Նախագծի ընդունման հիմնավորման մեջ նշված է, որ «Ներկայումս հանրապետության ներքին շուկայի առեւտրի ոլորտում գործող տնտեսավորող սուբյեկտները իրենց գործունեության օբյեկտները եւ վայրերը հանրապետության բնակավայրերում եւ Երեւանի վարչական շրջաններում տեղակայում (վերակառուցում) են սեփական հայացողությամբ, ինչի արդյունքում հանրապետության բնակավայրերում, մասնավորապես` Երեւանում առկա են դրանց, այդ թվում ` խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի, սահմանափակ տարածքներում կուտակումներ: Արդյունքում` դժվար կացության մեջ են հայտնվում ոլորտում գործող փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչները, որոնք չդիմանալով մրցակցությանը, հիմնականում դադարեցնում են իրենց գործունեությունը»: Քանի որ Նախագծով առաջարկվող օրենքը հետադարձ ուժով օժտված չէ եւ կարգավորելու է օրենքի ընդունումից հետո ծագող հարաբերությունները, ապա, փաստորեն, օրինականացվում են կատարված ապօրինությունները, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրության 8-րդ եւ 33.1-րդ հոդվածների պահանջներին, այն է` «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են տնտեսական գործունեության ազատությունն ու ազատ տնտեսական մրցակցությունը», «Շուկայում մենաշնորհ կամ գերիշխող դիրքի չարաշահումը եւ անբարեխիղճ մրցակցությունն արգելվում են»:

1.2. Նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ մասում նշված է, որ «Եթե խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի տեղակայման (վերակառուցման) թույլտվության համար նույն օրը հայտերով ներկայացրած առեւտրական տարածքների մակերեսների արդյունքում Հայաստանի Հանրապետության բնակավայրերում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նորման (խոսքը առեւտրական տարածքով բնակչության ապահովվածության նորմայի մասին է ) կգերազանցվի, ապա տեղակայման (վերակառուցման) թույլտվությունը բնակավայրում տալիս է համայնքի ղեկավարը, Երեւանում` քաղաքապետը` օրենսդրությամբ սահմանված կարգով»: Նշված դրույթը հակասում է Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին, այն է`«Հայաստանի Հանրապետության բնակավայրերում խոշոր առեւտրի օբյեկտների եւ խոշոր առեւտրի իրականացման վայրերի տեղակայումը (վերակառուցումը) թույլատրվում է, եթե չի ապահովված սույն հոդվածի 1-ին մասով սահմանված նորման»: Բացի դա, հարց է ծագում 4-րդ հոդվածի նույն 3-րդ մասի «նույն օրը հայտերով ներկայացրած առեւտրական տարածքների մակերեսների» հասկացության վերաբերյալ` իսկ եթե ոչ նույն օրը ներկայացրած հայտերով առեւտրական տարածքների մակերեսների արդյունքում գերազանցվում է սահմանված նորման, ապա ինչ կարգով է տրվում տեղակայման թույլտվությունը: Առաջարկվում է Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի դրույթները համապատասխանեցնել միմյանց եւ հստակեցնել «նույն օրը» արտահայտությունը:

1.3. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքին համապատասխանության տեսանկյունից առաջարկում ենքՆախագծի 1-ին հոդվածի 2) կետի «հետեւյալ խմբագրությամբ» բառերը փոխարինել «նոր խմբագրությամբ» բառերով` համապատասխանեցնելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջներին, այն է` «Իրավական ակտում փոփոխություններ կատարում են նրա առանձին բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով»:

2. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

2.1. Առաջարկում ենք քննարկել Նախագծի վերնագրի «լրացումներ» բառը «լրացում» բառով փոխարնելու հարցը, նկատի ունենալով, որ Նախագծով առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը լրացնել ընդամենը մեկ կետով:

3.«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) վերաբերյալ.

3.1. Առաջարկվում է Նախագծի 1-ին հոդվածում «առեւտրի իրականացման» բառերից առաջ լրացնել «խոշոր» բառը, քանի որ ամբողջ տեքստում խոսքը գնում է «խոշոր առեւտրի օբյեկտների» եւ «խոշոր առեւտրի իրականացման վայրերի» մասին:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

Նախագծերի փաթեթի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                               Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարողներ` Ա.Սարգսյան,հեռ. 513-659

Ռ.Կազումյան, հեռ. 513-65 0