«13 » նոյեմբերի 2012 թ.                                                                                                         ԻՎ-ե-116

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-140-08.11.2012-ՊԻ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-1401 -08.11.2012-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթիվերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը(այսուհետ` Նախագծերի փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծերի փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1. Նախագծերի փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխություններն ու լրացումը համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2.Առաջարկում ենք քննարկել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) փոփոխություն եւ լրացումկատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծ ի (այսուհետ՝ Նախագիծ) 3-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ պարբերությունները Նախագծի 2-րդ հոդվածում ամրագրելու հարցը՝ որպես 5-րդ եւ 6-րդ մասեր, նկատի ունենալով, որ Նախագծով առաջարկվող լրացում Օրենսգրքում ներառելու (ինկորպորացիա) առումով կարող են ստեղծվել դժվարություններ:

Առաջարկությունն ընդունվելու դեպքում Նախագծի 3-րդ հոդվածի «Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո» բառերն առաջարկում ենք փոխարինել «Սույն հոդվածն ուժի մեջ մտնելուց հետո» բառերով:

Որպես տարբերակ առաջարկում ենք քննարկել նաեւ Նախագծի 3-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ վերախմբագրված պարբերությունները Օրենսգրքի 228-րդ հոդվածում ներառելու հարցը:

3. Անհրաժեշտ է Նախագծի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում հայերեն փոքրատառերով գրված «Նախագիծ» բառը համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջին, համաձայն որի` «Իրավական ակտերի նախագծերի առաջին էջի ամենավերեւի աջ անկյունում պետք է գրվի «ՆԱԽԱԳԻԾ» բառը:

4. Տարաբնույթ մեկնաբանություններից զերծ մնալու նպատակով առաջարկում ենք քննարկել «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «աշխատանքային ստաժ:» բառերը «աշխատանքային ստաժ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:» բառերով փոխարինելու հարցը, քանի որ, մեր կարծիքով, այս դեպքում Նախագծի 75.1-րդ հոդվածով կարող է կենսաթոշակ նշանակվել մինչեւ 63 տարին լրանալը՝ չունենալով առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ:

5. Նախագծերի փաթեթում ներառված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրքն ուժի մեջ մտնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի Նախագծի վերաբերյալ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                              Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Ա. Քոչարյան հեռ. 513-248