«14» դեկտեմբերի 2012 թ.                                                                                                     ԻՎ-ե-150

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-176-11.12.2012-ՊԻ-010/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Ռուբիկ Հակոբյանի, Զարուհի Փոստանջյանի եւ Թեւան Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները :

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ Նախագծով առաջարկվող լրացումները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին:

2. Առաջարկում ենք քննարկել Նախագծի 1-ին հոդվածից «(այսուհետ՝ օրենք)» բառերը հանելու հարցը՝ նկատի ունենալով, որ Նախագծում այն այլեւս չի օգտագործվում:

3. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետով առաջարկվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ կետը (ըստ Նախագծի «3-րդ մասը») լրացնել զ) ենթակետով (ըստ Նախագծի «զ) կետով»)հետեւյալ բովանդակությամբ՝«զ) օրենքով սահմանված կարգով հանցագործության մասին հաղորդում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին:»:

Նկատի ունենալով, որ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 45-րդ հոդվածի 3-րդ կետը վերաբերվում է բացառապես կարգազանց պատգամավորների նկատմամբ կարգապահական միջոցներ ձեռնարկելուն եւկարգապահական միջոցների կիրառման կարգին, ուստի առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածից հանել 2-րդ կետը կամ համապատասխան առաջարկություն ներկայացնել Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ կետը փոփոխելու մասին, որը հավասարապես կվերաբերվի նշված կետի ենթակետերին եւ պարբերություններին: Առավել եւս, երբ կարգազանցությունն ունի որոշակի հետեւանքներ (տե/ ս Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ կետի ենթակետերը եւ պարբերությունները), իսկ ի՞նչ հետեւանքներ կարող է ունենալ կատարված հանցագործության մասին հաղորդում չներկայացնելը:

Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան հանցագործության մասին հաղորդում կարող են ներկայացնել հավասարապես ֆիզիկական եւ իրավաբանական անձինք, ինչպես նաեւ լրատվության միջոցները, որը կարող է հանդիսանալ քրեական գործ հարուցելու առիթ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                           Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Գ.Հովսեփյան հեռ. 513-650