«28»հունիսի 2013 թ.                                                                                                                 ԻՎ-ե-235

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի» նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-084-14.09.2012,10.06.2013-ՊԻ-010/0 ) լրամշակված տարբերակի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի» նախագծի լրամշակված տարբերակը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաս տանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմիիրավաբանականվարչությունում:

Չնայած Նախագծի նախնական տարբերակի (փաստաթղթային կոդ` Կ-084-14.09.2012-ՊԻ-010/0) վերաբերյալ դեռեւս 2012 թվականի հոկտեմբերի 15-ին ներկայացվել է եզրակցություն՝ համապատասխան դիտողություններով եւ առաջարկություններով, այնուամենայնիվ նկատի ունենալով, որ Նախագծի լրամշակված տարբերակում կատարվել են բազմաթիվ լրացումներ եւ փոփոխություններ՝ այդ թվում հանվել են այլ օրենքի կարգավորման առարկա հանդիսացող մի շարք գլուխներ, ուստի ստորեւ ներկայացնում ենք Նախագծի լրամշակված տարբերակի վերաբերյալ մեր կողմից կատարված լրացուցիչ փորձաքննության արդյունքները:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան :

2. Նախագծի 7-րդ հոդվածում, 38-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ, 15-րդ կետերում, 41-րդ հոդվածի 26-րդ կետում, 43-րդ հոդվածի 21-րդ կետում ամրագրված են «մեղադրական ակտ» եւ «եզրափակիչ ակտ» եզրույթները, մինչդեռ Նախագծում, մասնավորապես Նախագծի «Սույն օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները» վերտառությամբ 6-րդ հոդվածում, տրված չեն այդ հասկացությունների սահմանումները:Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծում ամրագրել նշված հասկացություների սահմանումները, նկատի ունենալով, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն. «Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները»:

3. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի «Դատարանի կողմից կիրառվող սանկցիաները» վերտառությամբ 63-րդ հոդվածի 6-րդ մասում եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվում է «ամբաստանյալ» բառը՝ այսինքն մեղադրյալ, որի վերաբերյալ գործը նշանակված է դատական քննության, մինչդեռ Նախագծի ամբողջ տեքստում նշված բառը առավել եւս ամբաստանյալը, որպես սուբյեկտ բացակայում է: Այդ կապակցությամբ առաջարկում ենք կամ Նախագծի 6-րդ հոդվածը լրացնել եւ սահմանել «ամբաստանյալի» հասկացությունը որպես քրեական դատավարության առանձին սուբյեկտ, այդ կերպ խմբագրելով նաեւ Նախագծի 6-րդ հոդվածի «մեղադրյալ» հասկացությունը կամ համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում:

4. Նախագծի 119-րդ հոդվածում ամրագրված են մինչդատական վարությում կալանքի ժամկետները սահմանափակող նորմեր, մինչդեռ բացակայում են դատաքննության փուլում կալանքի ժամկետների վերաբերյալ սահմանափակումները: Քանի որ Նախագիծը սահմանում է վարույթի ողջամիտ ժամկետների սկզբունքը, ուստի կարծում ենք, որ վերը նշված սահմանափակման բացակայության դեպքում հակասություն կարող է առաջանալ նշված սկզբունքի եւ դատաքննության փուլում անձին անժամկետ կալանքի տակ պահելու հնարավորության միջեւ:

5. Նախագծի 409-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում, 410 հոդվածի 4-րդ , 5-րդ, 6-րդ մասերում օգտագործվում է «դատապարտյալ» բառը, մինչդեռ Նախագծի 6-րդ հոդվածում ամրագրված է «դատապարտված մեղադրյալ» բառերը: Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի ողջ տեքսում «դատապարտված մեղադրյալ» բառերը փոխարինել «դատապարտյալ» բառով, նկատի ունենալով նաեւ, որ ՀՀ քրեական օրենսգրքում այն օգտագործվում է շուրջ 40, իսկ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում՝ շուրջ 500 տեղում՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն որի. «Նորմատիվ ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները … :»:

5.Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածը քրեական պատասխանավություն էնախատեսում քրեական գործով վկայի կամ տուժողի կողմից սուտ ցուցմունք տալու համար, մինչդեռ Նախագծի 228-րդ հոդվածի 3-րդ մասի նախավերջին նախադասությունից (Եթե մեղադրյալը ցուցմունք տալու ցանկություն է հայտնում, ապա քննիչը նրան տեղեկացնում է ճիշտ ցուցմունք տալու պարտականության եւ նախազգուշացնում է սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին:) բխում է, որ սուտ ցուցմունք տալու դեպքում մեղադրյալը նույնպես պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Մեր կարծիքով նման մոտեցումը կարող է սահմանափակել մեղադրյալի պաշտպանության իրավունքը: Այնուամենայնիվ այդպիսի նորմի նախատեսումը անհրաժեշտություն է առաջացնում լրացում կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածում այդ նորմի պահանջի կատարումն ապահովելու համար:

6. Նախագծի 415-րդ հոդվածի 2-րդ մասը՝ «Բացառիկ վերանայում իրականացնող դատարանն իրավասու է չբեկանել եւ չփոփոխել բողոքարկվող դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 409-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել վարույթի արդյունքի վրա:» առաջարկում ենք համապատասխանեցնել ՀՀ սահմանադրական դատարանի 2011թվականի հուլիսի 15-ի ՍԴՈ-984 եւ2013 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1099 որոշումների պահանջներին:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                          Ս. ՅՈՒԶԲԱՇՅԱՆ

Կատարող` Գ. Հովսեփյան հեռ. 513-650