«0 9 »հոկտեմբերի 2013 թ.                                                                                             ԻՎ-ե-284

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-342-30.09.2013-ՏՀ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-3421 -30.09.2013-ՏՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գ. Սահակյանի, Խ. Հարությունյանի, Հ. Սահակյանի, Մ. Մնացականյանի, Ա. Մխիթարյանի եւ Հ. Հակոբյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` Փաթեթ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքննության վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, իսկ առաջարկվող փոփոխությունները համահունչ են ՀՀ Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենքներին:

2. «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքինախագծով առաջարկվում է հարկի դրույքաչափի բարձրացում նախատեսող օրենքները ուժի մեջ մտցնել ֆինանսական տարվա սկզբից, բայց ոչ շուտ քան 6 ամսից: Կարծում ենք, նման մեխանիզմը, որն ուղղված է հարկ վճարողների համար օրենսդրական փոփոխություններով պայմանավորված նոր պահանջներին ադապտացվելու հնարավորության ընձեռնմանը, պետք է վերաբերի ոչ միայն դրույքաչափի բարձրացում, այլ ընդհանրապես հարկային բեռի ավելացում ենթադրող բոլոր նախագծերին: Ընդ որում, վերջինս կարող է տեղի ունենալ ինչպես դրույքաչափի բարձրացման, այնպես էլ հարկման բազայի փոփոխության դեպքում: Միաժամանակ, կարծում ենք, որ հարկային դրույքաչափի բարձրացման վերաբերյալ հնարավոր չէ միանշանակ եզրակացության հանգել, հատկապես երբ խոսքը վերաբերում է պրոգրեսիվ դրույքաչափերին: Հետեւաբար, առնվազն 6 ամսից ուժի մեջ մտնելու պայմանը պետք է տարածվի հարկատուի գործունեության պայմանները խստացնող բոլոր իրավական ակտերի վրա:

3. Բավականաչափ վիճահարույց է եւ ոչ տրամաբանական հարկի դրույքաչափի իջեցում, հարկատուի գործունեությանպայմանների մեղմացում եւ հարկի վերացում նախատեսող օրենքներն առնվազն 30 օր հետո ուժի մեջ մտցնելու`«Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվող դրույթը: Ներկայումս նման դրույթները, որպես կանոն, ուժի մեջ են մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից, եւ այդ ժամկետը եւս 20 օրով ավելացնելը ոչ միայն համեմատաբար կվատացնի հարկատուների գործունեության պայմանները, այլեւ ըստ էության հիմնավորված չէ, ուստի առաջարկում ենք այն հանել նախագծից:

4. Փաթեթում ընդգրկված մյուս՝ «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերնագրում անհրաժեշտ է «Բյուջետային» բառից առաջ ավելացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը,«փոփոխություններ» բառը փոխարինել «փոփոխություն» բառով, իսկ «նախագիծ» բառը գրել մեծատառով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27- րդ հոդվածի 6-րդ մասի:

5. «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետը, համաձայն որի. «եթե պետական բյուջեի նախագծով նախատեսվում է բյուջեի կատարումն ապահովող օրենքների ընդունում, ապա բյուջեի մասին օրենքի նախագիծը քվեարկության է դրվում դրանց ընդունումից հետո »: Հարկ ենք համարում նշել, որ նույն օրենքի հոդված 21-ով սահմանվում է, որ. «եթե պետական բյուջեի նախագծով նախատեսվում է բյուջեի կատարումն ապահովող օրենքների ընդունում, ապա կառավարությունը ապահովում է այդ օրենքների նախագծերի ներկայացումը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով՝ պետական բյուջեի նախագծի հետ միասին կամ մինչեւ պետական բյուջեի նախագծի ներկայացումը »: Քանի որ առաջարկվող փոփոխության ընդունման պարագայում «բյուջեի կատարումն ապահովող օրենքներ» հասկացությունը դադարում է գոյություն ունենալուց, կարծում ենք, որ 21-րդ հոդվածի 15-րդ մասը եւս պետք է ուժը կորցրած ճանաչել:

6. Քանի որ 2014 թվականի պետական բյուջեի նախագիծն արդեն իսկ դրված է պաշտոնական շրջանառության մեջ Ազգային ժողովում եւ այն կազմված է գործող օրենսդրության պահանջներին համապատասխան, կարծում ենք, Փաթեթում ընդգրկված նախագծերի ուժի մեջ մտցնելու դրույթները ենթակա են վերանայման:

ՀՀ ԱԺ աշխատակազմի փորձաքննության

վարչության խորհրդատու`                                                                    Գ. Կիրակոսյան

09.10.2013թ.