«11» դեկտեմբերի 2013 թ.                                                         ՓՎ-ե-333

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ( փաստաթղթային կոդ`Պ -396-26.11.2013-ԳԲ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Սեւանա լճի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքումփոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմիփորձաքննության վարչությունում:

Նախագիծը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

Նախագիծը միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխանության տեսանկյունից հիմնախնդիրներ չի առաջացնում:

Նախագիծը համապատասխանում է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին:

Նախագիծը համապատասխանում է օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Նախագծի վերաբերյալ հարկ ենք համարում ներկայացնել հետեւյալ նկատառումները:

1. Նախագծի 2-րդ հոդվածով «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետով առաջարկվող լրացումը, ըստ որի. «ձկների ձվադրման ընթացքում, ինչպես նաեւ մանրաձկան ձեւավորման ու զարգացման փուլում, կասեցնել Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների աշխատանքը՝ չխոչնդոտելով ջրի բնականոն հոսքին եւ ձկների ու ջրային այլ կենդանիների տեղաշարժին» վերանայման կարիք ունի: Խնդիրը կայանում է նրանում, որ համաձայն «Սեւան ազգային պարկ»-ի եւ ՀՀ բնապահպանության նախարարության տվյալների` «Գեղարքունի» ձկան տեսակը ձվադրման համար բարձրանում է գետեր նոյեմբերից մինչեւ հունվար ամիսները, իսկ «Ամառային բախտակը»` մարտից մինչեւ մայիս ամիսները, ձեւավորման փուլը հաշվարկվում է ձվադրումից հետո եւ տեւում է 55-ից 60 օր, իսկ զարգացման փուլը՝ 8 ամսից մինչեւ 1 տարի, ուստի Նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների աշխատանքը ընդանրապես կասեցնել, ինչը փաստացի նշանակում է արգելել այդ հիդրոէլեկտրակայանների գործունեությունը:

2. Առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» ենթակետը վերախմբագրել, քանի որ առաջարկվող լրացման արդյունքում կստացվի, որ ձկների ձվադրման եւ մանրաձկան ձեւավորման ընթացքում արգելվում է կասեցնել Սեւանա լիճ թափվող գետերի վրա կառուցված հիդրոէլեկտրակայանների աշխատանքը (այսինքն՝ բովանդակային առումով կսահմանվի Նախագծի հեղինակի հետապնդած հակառակ նպատակը, այն է՝ «կասեցնելու» փոխարեն կսահմանվի «կասեցման արգելք»): Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվող լրացումները ձեւակերպել որպես Օրենքի 10-րդ հոդվածի նոր՝ 3-րդ մաս:

3. Նախագծի 2-րդ հոդվածով առաջարկվող` Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «է» ենթակետի լրացումը, որը վերաբերում է շահագործվող հիդրոէլեկտրակայաններին «նոր լիցենզիաներ» տալու արգելքին, լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, քանի որ Նախագծի 2-րդ հոդվածից անհայտ է մնում, թե նախատեսված նոր լիցենզիաները վերաբերում են գործող լիցենզիաների վերաձեւակերպմա՞նը (երկարացմա՞նը), թե՞ նոր տեսակի լիցենզիաների տրամադրմանը (այս դեպքում անհրաժեշտ է նշել նաեւ դրանց տեսակները):

ՀՀ ԱԺ աշխատակազմի

փորձաքննության վարչության

տնտեսական եւ սոցիալական փորձաքննության

բաժնի գլխավոր մասնագետ`                                             Գ. Նազարյան

առաջատար մասնագետ`                                                   Ա. Դերմոյան

11.12.2013