« 04 » դեկտեմբերի 2013 թ.                                                                                                   Փ Վ-ե- 326

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի»
նախագծի (փաստաթղթային կոդ` Կ-084-14.09.2012,29.11.2013-ՊԻ-010/0 )
լրամշակված տարբերակի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի» նախագծի լրամշակված տարբերակը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի փորձաքնության վարչության իրավախորհրդատվական բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Հարկ է նշել, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում պաշտոնական շրջանառության մեջ դրված նույնանուն օրենքի նախագծի (փաստաթղթային կոդ՝ Կ-084-14.09.2012,10.06.2013-ՊԻ-010/0) վերաբերյալ Վարչության կողմից 2013 թվականի հունիսի 28-ին ներկայացվել է N: ԻՎ-ե-235 եզրակացությունը, որի որոշ դրույթներ անհրաժեշտ ենք համարում կրկին ներկայացնել:

1. Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխան :

2. Նախագծի 38-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ, 15-րդ կետերում, 41-րդ հոդվածի 26-րդ կետում, 43-րդ հոդվածի 21-րդ կետում ամրագրված են «մեղադրական ակտ» եւ «եզրափակիչ ակտ» եզրույթները, մինչդեռ Նախագծում, մասնավորապես Նախագծի «Սույն օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունները» վերտառությամբ 6-րդ հոդվածում, տրված չեն այդ հասկացությունների սահմանումները: Այդ կապակցությամբ, առաջարկում ենք Նախագծում ամրագրել նշված հասկացություների սահմանումները, նկատի ունենալով, որ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ պարբերության համաձայն՝ «Եթե նորմատիվ իրավական ակտում կիրառվում են նոր կամ բազմիմաստ կամ այնպիսի հասկացություններ կամ տերմիններ, որոնք առանց պարզաբանման միանշանակ չեն ընկալվում, ապա այդ իրավական ակտով պետք է տրվեն դրանց սահմանումները»:

3. Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի «Դատարանի կողմից կիրառվող սանկցիաները» վերտառությամբ 63-րդ հոդվածի 6-րդ մասում եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասում օգտագործվում է «ամբաստանյալ» բառը ՝ այսինքն մեղադրյալ, որի վերաբերյալ գործը նշանակված է դատական քննության, մինչդեռ Նախագծի ամբողջ տեքստում նշված բառն առավել եւս ամբաստանյալը, որպես սուբյեկտ բացակայում է: Այդ կապակցությամբ առաջարկում ենք կամ Նախագծի 6-րդ հոդվածում լրացնել եւ սահմանել «ամբաստանյալ» հասկացությունը որպես քրեական դատավարության առանձին սուբյեկտ, այդ կերպ խմբագրելով նաեւ Նախագծի 6-րդ հոդվածի «մեղադրյալ» հասկացությունը կամ համապատասխան փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում:

4. Նախագծի 119-րդ հոդվածում ամրագրված են մինչդատական վարույթում կալանքի ժամկետները սահմանափակող նորմեր, մինչդեռ բացակայում են դատաքննության փուլում կալանքի ժամկետների վերաբերյալ սահմանափակումները: Քանի որ Նախագիծը սահմանում է վարույթի ողջամիտ ժամկետների սկզբունքը, ուստի կարծում ենք, որ վերը նշված սահմանափակման բացակայության դեպքում հակասություն կարող է առաջանալ նշված սկզբունքի եւ դատաքննության փուլում անձին անժամկետ կալանքի տակ պահելու հնարավորության միջեւ:

5. Նախագծի 409-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում, 410 հոդվածի 4-րդ , 5-րդ, 6-րդ մասերում օգտագործվում է «դատապարտյալ» բառը, մինչդեռ Նախագծի 6-րդ հոդվածում ամրագրված է «դատապարտված մեղադրյալ» բառերը: Այս կապակցությամբ առաջարկում ենք Նախագծի ողջ տեքստում «դատապարտված մեղադրյալ» բառերը փոխարինել «դատապարտյալ» բառով, նկատի ունենալով նաեւ, որ ՀՀ քրեական օրենսգրքում այն օգտագործվում է շուրջ 40, իսկ ՀՀ քրեակատարողական օրենսգրքում ՝ շուրջ 500 տեղում ՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ մասը, համաձայն որի՝ «Նորմատիվ ակտում միեւնույն հասկացությունը սահմանելիս կամ միեւնույն միտքն արտահայտելիս պետք է կիրառվեն միեւնույն բառերը, տերմինները կամ բառակապակցությունները … :»:

6. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածը քրեական պատասխանավություն է նախատեսում քրեական գործով վկայի կամ տուժողի կողմից սուտ ցուցմունք տալու համար, մինչդեռ Նախագծի 228-րդ հոդվածի 3-րդ մասի նախավերջին նախադասությունից (Եթե մեղադրյալը ցուցմունք տալու ցանկություն է հայտնում, ապա քննիչը նրան տեղեկացնում է ճիշտ ցուցմունք տալու պարտականության եւ նախազգուշացնում է սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին:) բխում է, որ սուտ ցուցմունք տալու դեպքում մեղադրյալը նույնպես պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Մեր կարծիքով նման մոտեցումը կարող է սահմանափակել մեղադրյալի պաշտպանության իրավունքը: Այնուամենայնիվ այդպիսի նորմի նախատեսումն անհրաժեշտություն է առաջացնում լրացում կատարել ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածում այդ նորմի պահանջի կատարումն ապահովելու համար:

7. Նախագծի 415-րդ հոդվածի 2-րդ մասը ՝ «Բացառիկ վերանայում իրականացնող դատարանն իրավասու է չբեկանել եւ չփոփոխել բողոքարկվող դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 409-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել վարույթի արդյունքի վրա», առաջարկում ենք համապատասխանեցնել ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի հուլիսի 15-ի ՍԴՈ-984 եւ 2013 թվականի մայիսի 31-ի ՍԴՈ-1099 որոշումների պահանջներին:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ

ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ`                                                                                              Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ա. Քոչարյան, հեռ. 513-428