«23» հունիսի 2014 թ.                                                                                                   ԻՎ-ե-97

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագծի (փաստաթղթային կոդ` Պ-542-16.06.2014-ՏՀ-011/0) վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանի կողմից ներկայացված «Հայաստանի Հանրապետության գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը (այսուհետ` Որոշման նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավախորհրդատվական բաժնում:

Ստորեւ ներկայացնում ենք Որոշման նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

1. Որոշման նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 52-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

2. Որոշման նախագծով նախատեսվում է կատարել համապատասխան փոփոխություն՝ հիմնվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի ՀՕ-308 օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված դրույթի վրա:

Սակայն, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 25-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է մշտական հանձնաժողովների կազմում ընդգրկված խմբակցությունների, պատգամավորական խմբերի եւ դրանց կազմում չընդգրկված պատգամավորների թվական հարաբերակցություններն ամրագրող դրույթ, մինչդեռ Որոշման նախագծով նախատեսվող փոփոխությունը վերաբերվում է ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետին, որը կարգավորվում է Օրենքի «Ժամանակավոր հանձնաժողովը եւ նրա գործունեությունը» վերտառությամբ 22-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ելնելով վերոգրյալից, առաջարկում ենք քննարկել Որոշման նախագծի նախաբանից «օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`» բառերը «օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝» բառերով փոխարինելու հարցը:

ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ
ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ`                                                                                   Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ՝ Ա. Քոչարյան, հեռ. 513-248

Ա. Մանուկյան, հեռ. 513-616