«17» հուլիսի2014 թ.                                                                                                      ԻՎ-ե-112

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-562-03.07.2014-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Հերմինե Նաղդալյանի,Արփինե Հովհաննիսյանի, Կարինե Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված « Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մասնագիտական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան:

1.Նախագծի վերաբերյալ առաջարկում ենք.

1.1. Նախագծի՝«անհատական իրավական ակտը կայացվել է դրա ընդունման լիազորությունը չունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից» ձեւակերպումը փոխարինել «անհատական իրավական ակտն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը կամ պաշտոնատար անձը» ձեւակերպմամբ: Սույն առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տարբեր իրավական ակտերում անհրաժեշտ է ապահովել միեւնույն հասկացությունների օգտագործումը միատեսակ խմբագրությամբ: Տվյալ դեպքում նախագծում առկա ձեւակերպումը, այն է ՝ «անհատական իրավական ակտը կայացվել է դրա ընդունման լիազորությունը չունեցող մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից» առ ոչինչ վարչական ակտի տեսակ է: Սակայն «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում օգտագործվող առչինչ վարչական ակտի ձեւակերպումն այլ է ՝ ակտն ընդունել է ոչ իրավասու վարչական մարմինը:

1.2. Լրացվող 5.1-ին կետում «օրենքի կամ նորմատիվ իրավական ակտի պահանջներին» ձեւակերպումը փոխարինել «օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի պահանջներին» բառերով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օրենքը նորմատիվ իրավական ակտի տեսակ է, հետեւաբար՝ նախագծով առաջարկվող խմբագրությունը պետք է փոխվի:

1.3. Լրացվող 5.1-ին կետում «անվավեր է ճանաչվել» բառերը փոխարինել «ճանաչվել է ոչ իրավաչափ » բառերով: Նման առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալ կետում խոսվում է ոչ իրավաչափ վարչական ակտի մասին, որպիսին կարող է լինել ոչ միայն անվավեր վարչական ակտը, այլ նաեւ առոչինչ վարչական ակտը:

1.4. Լրացվող 5.1-ին կետում օգտագործվում է հետեւյալ ձեւակերպումը ՝ «դատական կամ օրենքով սահմանված կարգով տվյալ ակտը անվավեր է ճանաչվել»:«Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի վերլուծությունից բխում է, որ վարչական ակտը կարող է անվավեր ճանաչվել երկու եղանակով ՝ կամ դատական կարգով կամ վարչական կարգով:Հետեւաբար՝ առաջարկում ենք «դատական կամ օրենքով սահմանված կարգով տվյալ ակտը անվավեր է ճանաչվել» ձեւակերպումը փոխարինել «օրենքով սահմանված կարգով տվյալ ակտը անվավեր է ճանաչվել» կամ «վերադասության կամ դատական կարգով տվյալ ակտն անվավեր է ճանաչվել» բառակապակցությամբ:

1.5. Լրացվող 5-րդ եւ 5.1-ին կետերում առաջարկում ենք «իրավունքը կամ սահմանափակումը սահմանող անհատական իրավական ակտը» բառերը փոխարինել «իրավունքը կամ սահմանափակումը կիրառող անհատական իրավական ակտը» բառերով, քանի որ տվյալ դեպքում խոսքը գնում է ոչ թե անհատական ակտով իրավունք կամ սահմանափակում սահմանելու, այլ օրենքով նախատեսված իրավունքները եւ սահմանափակումները անհատական ակտով կիրառելու մասին: Սահմանադրության83.5-րդ հոդվածի համաձայն՝ բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները: Ինչպես նշել է նաեւ սահմանադրական դատարանը իր ՍԴՈ-1137 որոշմամբ, այլ նորմատիվ, ինչպես նաեւ անհատական իրավական ակտերով չեն կարող ամրագրվել կամ սահմանվել իրավունքներ կամ իրավունքի սահմանափակումներ, իսկ անհատական իրավական ակտերով՝ որպես իրավունքի կիրառման ակտեր, կարող են ընդամենը կիրառվել իրավունքի սահմանափակումները:

1.6. Առաջարկվող փոփոխության հիման նախատեսվում է իրավունքների պետական գրանցումը մերժելու նոր հիմք՝ անհատական վարչական ակտը դատական կամ օրենքով սահմանված այլ կարգով անվավեր ճանաչված լինելը:

Սակայն օրենսդրական գործող կարգավորումների պարագայում բացակայում է այն սուբյեկտը, որն իրավասու կլինի վիճարկելու անհատական վարչական ակտի իրավաչափությունը:

Մասնավորապես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարան դիմելու իրավունք ունեն իրավաբանական կամ ֆիզիկական անձինք, եթե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտ ո նատար անձի վարչական ակտով խախտվել են կամ կարող են խախտվել իրենց իրավունքները եւ ազատությունները, ինչպես նաեւ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները եւ պաշտոնատար անձինք՝ ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով: Ինչպես տեսնում ենք, դատական կարգով վարչական ակտ ի իրավաչափությունը բողոքարկելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակը եւ համապատասխան հինքերը սպառիչ կերպով թվարկված են ՀՀ վարչական դատավարության օրեն ս գրքով:

Ինչ վերաբերում է օրենքով սահմանված այլ կարգով, այսինքն՝ վերադասության կարգով վարչական ակտը բողոքարկելու իրավական հնարավորությանը, ապա «Վ արչարարության հիմունքների եւ վարչական վարույթի » մասին ՀՀ օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված է, որ անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, ...... ինչպես նաեւ վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը (այսուհետ` ակտ): Այստեղ եւս ընդգծված է անհատական վարչական ակտի բողոքարկման նպատակը, այն է՝սեփական իրավունքների պաշտպանությունը:

Վարչական ակտի իրավաչափության վիճարկման գործերով դատավարական եւ արտադատական իրավասուբյեկտությանը գործող օրենսդրությամբ առաջադրվող պահանջների պարագայում կարող ենք առնչվել այնպիսի իրավիճակի հետ, երբ համապատասխան սուբյեկտը, որի օգտին կայացված է տվյալ իրավունքը նախատեսող անհատական վարչական ակտը, շահագրգռված չէ վերջինիս իրավաչափությունը դատական կամ վարչական կարգով վիճարկելու հարցում: Ինչ վերաբերում է համապատասխան պետական մարմնի կողմից կոնկրետ վարչական ակտը վիճարկելու հնարավորությանը, ապա գործող օրենսդրության համաձայն՝ նման հնարավորությունը պայմանավորված է տվյալ մարմնի գործունեության հիմնական ուղղություններով, նպատակներով եւ խնդիրներով:

Օրենսդրական նման կարգավորման պարագայում առաջարկվող փոփոխություններին զուգահեռ անհրաժեշտություն է առաջանում ապահովել նաեւ դատական կամ վարչական կարգով անհատական վարչական ակտն անվավեր ճանաչելու համար համապատասխան ատյաններին դիմելու իրավունք ունեցող սուբյեկտի եւ համապատասխան հիմքների օրենսդրական ամրագրումը:

Հետեւաբար՝ միայն « Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու միջոցով տվյալ օրենսդրական խնդիրը չի կարող լուծվել եւ անհրաժեշտ են համապատասխան փոփոխություններ կատարել ինչպես ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում, այնպես էլ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆԺՈՂՈՎԻԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԽՈՐՀՐԴԱՏՈՒ`                                                                                             Ս. ԹԵՎԱՆՅԱՆ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ԻՐԱՎԱԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՎԱՐԻՉ՝                                                   Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան, հեռ. 513 618