«19» օգոստոսի2014թ.                                                                                                                ԻՎ-ե-122


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝Պ-569-25.07.2014-ՊԻ-010/0) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները.

1.Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 283-րդ հոդվածը սահմանում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշումների հանձնման ընդհանուր կարգ: Օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասը, որպես ընդհանուր կանոն, սահմանում է, որ որոշման պատճենը երեք օրվա ընթացքում հանձնվում կամ ուղարկվում է այն անձին, որի վերաբերյալ այն ընդունվել է, ինչպես նաեւ տուժողին` նրա խնդրանքով: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն որոշման պատճենը հանձնվում է ստորագրությամբ:

Օրենսգրքի 283-րդ հոդվածի 6-րդ պարբերությամբ սահմանվում է որոշումների հանձնման հատուկ կարգ, որիհամաձայն. «Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետում նշված հոդվածներով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշումները համարվում են հանձնված (ստացված) նաեւ, եթե անձը, որին ուղարկվել է որոշումը, չի եղել տրանսպորտային միջոցի գրանցման (հաշվառման) կամ վարորդական վկայական ստանալու կամ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ժամանակ իր կողմից նշված հաշվառման (գտնվելու) կամ բնակության վայրում կամ ճիշտ չի նշել հասցեն կամ հրաժարվել է ստանալ ուղարկված (հանձնվող) որոշումը»:

Նախագծով նախատեսվում է 283-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ. «Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետում նշված հոդվածներով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշումները պետք է հանձնվեն անձամբ հասցեատիրոջը: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը որոշումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է որոշումը ստանալուց հրաժարվելու մասին: Եթե անձը, որին ուղարկվել է որոշումը, տրանսպորտային միջոցի գրանցման (հաշվառման) կամ վարորդական վկայական ստանալու կամ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ժամանակ ճիշտ չի նշել հասցեն կամ նրա հայտնած հասցեով ուղարկված որոշումը վերադարձվել է կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ ուղարկված (հանձնվող) որոշումը եւ ստորագրել հրաժարվելու մասին, ապա որոշումը ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաեւ տեղադրվում է Հայստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում»:

Այս փոփոխության արդյունքում օրենսգրքի224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանված վարչական իրավախախտումներով սահմանվում է ծանուցման նոր կարգ, որը տարբերվելու է մյուս բոլոր վարչական իրավախախտումներով վարչական իրավախախտում կատարած անձին ծանուցելու կարգից:

Հաշվի առնելով ընդհանուր եւ հատուկ նորմերի մրցակցության վերաբերյալ կանոնները ՝ նման կարգավորումն իրավակիրառ պրակտիկայում կարող է հանգեցնել նրան, որ վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարչական ակտն անձին անձանբ հանձնելու վարչական մարմնի պարտականությունը կվերաբերի միմիայն ճանապարհային երթեւեկության կանոններին: Այսինքն` 224-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված հոդվածներով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշումների պատճենները կհանձնվեն անձամբ հասցեատիրոջը, իսկ մյուս իրավախախտումների դեպքում՝ ոչ:

Ելնելով այն հանգամանքից, որ առաջարկվող փոփոխությունը միանշանակ ընդունելի է եւ ըստ էության հանդիսանում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված վարչական ակտի մասին իրազեկման կարգի ներդնում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում, առաջարկում ենք այն սահմանել ոչ միայն ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման արդյունքում առաջացող վարչական իրավախախտումների համար, այլ տարածել բոլոր վարչական իրավախախտումների վրա:

Ելնելով վերը շարադրայլից ՝ առաջարկում ենք փոփոխություններ կատարել ոչ թե 283-րդ հոդվածի 6-րդ պարբերությունում, այլ 3-րդ պարբերությունում ՝ այն շարադրելով հետեւյալ խմբագրությամբ. «Որոշումները պետք է հանձնվեն անձամբ հասցեատիրոջը, ինչպես նաեւ տուժողին: Որոշումը համարվում է անձամբ հանձնված, եթե դրա ստացման մասին անդորրագիրը ստորագրված է անձամբ հասցեատիրոջ կողմից, կամ հասցեատերը որոշումը ստանալու անդորրագրի վրա ստորագրել է որոշումը ստանալուց հրաժարվելու մասին: Եթե անձը, որին ուղարկվել է որոշումը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու ժամանակ ճիշտ չի նշել հասցեն կամ նրա հայտնած հասցեով ուղարկված որոշումը վերադարձվել է կամ հասցեատերը հրաժարվել է ստանալ ուղարկված (հանձնվող) որոշումը եւ ստորագրել հրաժարվելու մասին, ապա որոշումը ուղարկվում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաեւ տեղադրվում է Հայստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում»:

3.Սույն եզրակացության 2-րդ կետով առաջարկվող կարգավորման պարագայում օրենսգրքի 283-րդ հոդվածի 6-րդ մասը առաջարկում ենք շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Սույն օրենսգրքի 224-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետում նշված հոդվածներով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերով ընդունված որոշումները համարվում են անձամբ հասցեատիրոջը հանձնված (ստացված) նաեւ, եթե անձը, որին ուղարկվել է որոշումը, չի եղել տրանսպորտային միջոցի գրանցման (հաշվառման) կամ վարորդական վկայական ստանալու ժամանակ իր կողմից նշված հաշվառման (գտնվելու) կամ բնակության վայրում»:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարողներ` Ա. Մանուկյան

Ս. Առաքելյան

Գ. Հովսեփյան