«09» սեպտեմբերի 2014 թ.                                                                                                       ԻՎ-ե-133

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-580-28.08.2014-ՖՎ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հ. Բագրատյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ իրականացված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին, ՀՀ օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից հայտնում ենք հետեւյալը.

1. Նախագծի 1-ին հոդվածում նշված «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-79» բառերից հետո անհրաժեշտ է լրացնել «(այսուհետ ՝ Օրենք)» բառերը, իսկ Նախագծի 2-րդ, 3-րդ. 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ 7-րդ հոդվածներում նշված «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 2000 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-79» բառերն անհրաժեշտ է հանել:

2. Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն ՝ օրենքի լրիվ անվանումը հիշատակելիս ներառվում են օրենքի ընդունման տարին, ամիսը, ամսաթիվը ՝ Նախագծի 1-ին հոդվածում նշված «27» թիվն անհրաժեշտ է փոխարինել «7» թվով, քանի որ «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է 2000 թվականի հուլիսի 7-ին:

3. Նախագծի 2-րդ, 4-րդ եւ 7-րդ հոդվածներում նշված «շարադրել հետեւյալ բովանդակությամբ» բառերն անհրաժեշտ է փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով ՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն` իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                             Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան