«11» մարտի 2015 թ.                                                                                                        ԻՎ-ե-19

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Կամավոր աշխատանքի մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-713-05.02.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գագիկ Մելիքյանի, Վահրամ Մկրտչյանի, Ռուզաննա Մուրադյանի եւ Կարինե Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կամավոր աշխատանքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օրենքը սահմանում է կամավոր աշխատանքի ոլորտները:

Նախագծում չկա որեւէ դրույթ, որտեղ սահմանվում են կամավոր աշխատանքի ոլորտները: Սակայն անհրաժեշտ է նշել, որ կամավոր աշխատանքի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման համար աշխատանքի ոլորտները նշելը կարեւոր նշանակություն ունի, քանի որ օրենքում այդպիսի դրույթի առկայությունը պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպիսին կարող է լինել կամավոր աշխատանքն իր բնույթով:

Առաջարկում ենք սահմանել կամավոր աշխատանքի ոլորտների ոչ սպառիչ ցանկ` ընդգրկելով դրանցից կարեւորները:

2. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` օրենքի գործողությունը չի տարածվում կուսակցությունների, առեւտրային եւ կրոնական կազմակերպությունների օգտին եւ (կամ) նրանց նախաձեռնությամբ, ինչպես նաեւ ոչ առեւտրային կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեության օգտին իրականացվող կամավոր աշխատանքի վրա:

Նշված ձեւակերպումից պարզ է, որ օրենքի գործողությունը չի տարածվի առեւտրային իրավաբանական անձանց օգտին կամ նախաձեռնությամբ եւ ոչ առեւտրային կազմակերպությունների ձեռնարկատիրական գործունեության օգտին կատարվող աշխատանքի վրա: Նույն տրամաբանությամբ նշված օրենքի գործողությունը չպետք է տարածվի անհատ ձեռնարկատեր ֆիզիկական անձանց վրա, որոնք եւս իրականացնում են ձեռնարկատիրական գործունեություն:

Առաջարկում են Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում նշված սուբյեկտների շարքում լրացնել նաեւ անհատ ձեռնարկատերերին:

3. Նախագծի 2-րդ հոդվածն ունի «Կամավոր աշխատանքի իրավական կարգավորումը» վերտառությունը, իսկ նշված հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կամավոր աշխատանքը կարգավորվում է Հայաuտանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, uույն oրենքով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով: Հարկ ենք համարում նշել, որ ՀՀ Սահմանադրությամբ կամավոր աշխատանքի մասին դրույթներ անմիջականորեն նախատեսված չեն, այլ հարց է, որ կամավոր աշխատանքային հարաբերությունների կարգավորումը պետք է համապատասխանի ՀՀ Սահմանադրությանը, այդ թվում՝ աշխատանքային հարաբերություններին վերաբերող դրույթներին: Ուստի՝ առաջարկում ենք հոդվածի վերնագրում «կամավոր աշխատանքի» բառերը փոխարինել «կամավոր աշխատանքային հարաբերությունների» բառերով, իսկ 1-ին մասում «կամավոր աշխատանք» բառերը փոխարինել «կամավոր աշխատանքային հարաբերությունները» բառերով:

4. Նախագծի 3-րդ հոդվածում սահմանված են օրենքում օգտագործվող հասկացությունները:

Անհրաժեշտ է նշել, որ նշված հոդվածում օրենքում օգտագործվող ոչ բոլոր հասկացություններն են տեղ գտել: Մասնավորապես՝ նշված հոդվածում պետք է սահմանվեր նաեւ «կամավոր աշխատանք կազմակերպող կազմակերպություն» հասկացությունը, որը տրված է Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասում:

Առաջարկում ենք հիշյալ հասկացության սահմանումը Նախագծի 5-րդ հոդվածի 4-րդ մասից տեղափոխել 3-րդ հոդված:

5. Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին մասում տրված է «կամավոր» հասկացությունը, որի համաձայն՝ կամավորն այն անձն է, ով կատարում է սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսվող աշխատանքը: Նման ձեւակերպումից պարզ չէ, թե ո՞վ է կամավորը, արդյո՞ք կամավոր կարող է լինել միայն ֆիզիկական անձը, թե՞ նաեւ իրավաբանական անձը: Գտնում ենք, որ նման ձեւակերպումը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին, որի համաձայն՝ իրավական ակտի դրույթները պետք է ընկալվեն միանշանակ:

6. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Նույն մասի համաձայն՝ հոդվածների կետերի համարները տեքստից բաժանվում են փակագծերով:

Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 4-րդ հոդվածի միակ մասը համարակալել՝ «1.», իսկ դրա «1», «2» եւ «3» թվերից հետո դրված կետերը փոխարինել փակող փակագծերով:

7. Նախագծի 2-րդ գլուխը վերնագրված է «Կամավոր աշխատանքի սուբյեկտները, նրանց իրավունքները եւ պարտականությունները», իսկ 5-րդ հոդվածը վերնագրված է «Կամավոր աշխատանքի սուբյեկտները» վերտառությամբ: Գլխում եւ հոդվածում խոսք է գնում աշխատանքային հարաբերությունների սուբյեկտների մասին, այդ պատճառով առաջարկում ենք նշված վերնագրերում եւ գլխում օգտագործվող «աշխատանքի սուբյեկտներ» բառերը փոխարինել «աշխատանքային հարաբերությունների սուբյեկտներ» բառերով՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին:

8. Նախագծի 6-րդ հոդվածում թվարկված են կամավորների իրավունքները: Մեր կարծիքով, կամավորի մի քանի կարեւոր իրավունքներ թվարկված չեն: Ճիշտ է, Նախագծի համապատասխան հոդվածում թվարկված են կամավորի իրավունքներից միայն առավել կարեւորները, եւ իրավունքների ցանկը սպառիչ չէ, սակայն կան իրավունքներ, որոնք ելնում են կամավոր աշխատանքի բնույթից: Օրինակ՝ առաջարկում ենք որպես կամավորի իրավունք սահմանել՝ իր կամահայտնությամբ ցանկացած ժամանակ կամավոր աշխատանքի պայմանագիրը լուծելու իրավունքը, իր անձնական տվյալների պահպանության իրավունքը եւ այլն:

9. Նախագծի 7-րդ հոդվածում սահմանված են կազմակերպության իրավունքները: Հոդվածի 4-րդ կետով նախատեսված դրույթը, ըստ էության, ոչ թե իրավունք, այլ պարտականություն է, ուստի պետք է տեղ գտնի Նախագծի 8-րդ հոդվածում:

10. Կամավոր աշխատանքի կազմակերպման համար շատ կարեւոր է դրա կազմակերպման ընթացակարգը: Նախագծում կարգավորված չեն ընթացակարգային այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ո՞վ է այս ոլորտում պատասխանատու մարմին, որը պետք է ապահովի կամավոր աշխատանքի մասին տեղեկատվության հավաքագրումը, տարածումը, տրամադրումը ի՞նչ կարգով է կատարվում կամավորների հավաքագրում, արդյո՞ք գոյություն ունի որեւէ ռեեստր: Այսպիսի հարցերի կարգավորումը, եթե նույնիսկ սահմանված չլինի օրենքով, պետք է սահմանվի իրավական այլ ակտով, օրինակ՝ ՀՀ կառավարության որոշմամբ, եւ Նախագծով պետք է սահմանվի նման ակտի ընդունման ժամկետը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ

ՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ՝                                                                                               Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան