«14» մայիսի 2015 թ.                                                                                                     ԻՎ-ե-48

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Կ-776-04.05.2015-ՊԻ-010/0) եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին » (փաստաթղթային կոդ` Կ-7761 -04.05.2015-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) 2-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքում (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացվող 309.1-ին հոդվածի 1-ին մասում «պաշտոնատար անձ» հասկացության հետ օգտագործվում է նաեւ «ի պաշտոնե հանդես եկող այլ անձ» հասկացությունը: Նշենք, որ այդ հասկացության ձեւակերպումը չկա ոչ «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ» 1984թ. դեկտեմբերի 10-ի ՄԱԿ-ի կոնվենցիայում, որին Օրենսգրքի համապատասխանությունը Փաթեթի ընդունման հիմնավորման մեջ նշված է որպես դրա ընդունման նպատակ, ոչ Օրենսգրքում: Միաժամանակ Օրենսգրքի 3111 -ին, 3112 -րդ, 3121 -ին եւ 312.1-ին հոդվածներում օգտագործվում է «պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող» հասկացությունը: Առաջարկում ենք «ի պաշտոնե հանդես եկող այլ անձ» հասկացության փոխարեն օգտագործել «պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող» հասկացությունը, որը ներառում է այն բոլոր դեպքերը, երբ համապատասխան հանրային ծառայողը չի ներառվում Օրենսգրքի 308-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված «պաշտոնատար անձ» հասկացության մեջ: Հետեւաբար լրացվող հոդվածում «պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող» ձեւակերպումը օգտագործելու պարագայում վերանում է «ի պաշտոնե հանդես եկող այլ անձ» հասկացությունն օգտագործելու անհրաժեշտությունը: Ուստի Օրենսգիրքը չծանրաբեռնելու համար նոր այնպիսի հասկացությամբ, որի տակ մտնող անձինք ներառված են Օրենսգրքում արդեն առկա հասկացության ներքո: Սույն առաջարկը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 2-րդ մասից, որի համաձայն՝ իրավական ակտերում պետք է բացառվեն իրավական նորմերի անհիմն կրկնությունները, ներքին հակասությունները:

2. Նախագծում որպես խոշտանգման նպատակներից մեկը նշվում է այն արարքի համար պատժելը, որն այդ կամ երրորդ անձը կատարել է կամ որի կատարման մեջ կասկածվում է : Այսպիսի ձեւակերպման դեպքում քրեադատավարական իմաստով դուրս է մնում այն անձանց պատժելը, ովքեր մեղադրվում են համապատասխան արարքի կատարման մեջ: Հետեւաբար, առաջարկում ենք Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 309.1-ին հոդվածի 1-ին մասում ներառել նաեւ այն դեպքերը, երբ համապատասխան անձինք մեղադրվում են որեւէ արարքի կատարման մեջ:

3. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում որպես ծանրացնող հանգամանք է նշված «մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից» հանցագործությունը կատարելը: Անհրաժեշտ է նկատի ունենալ քրեական իրավունքի գիտության մեջ կիրառվող այն սկզբունքը, համաձայն որի՝ եթե հատուկ մասի հոդվածում որպես ծանրացնող հանգամանք նախատեսված է հանցակցության որեւէ ձեւ, ապա հանցակցության առավել վտանգավոր ձեւերով հանցանք կատարելու դեպքում արարքը պետք է որակել հոդվածի համապատասխան մասով [1] :

Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող՝ ՀՀ Օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետում հանցագործության կատարումը կազմակերպված խմբի կողմից, որը հանդիսանում է նախնական համաձայնությամբ խմբի ավելի վտանգավոր տեսակը, որպես ծանրացնող հանգամանք նախատեսելու անհրաժեշտությունը չկա, քանի որ նույն կետով, որպես ծանրացնող հանգամանք, արդեն իսկ նախատեսված է հանցագործության կատարումը մի խումբ անձանց կողմից:

4. Նախագծի 2-րդ հոդվածով լրացվող` Օրենսգրքի 309.1-ին հոդվածի 2-րդ մասում նախատեսված ծանրացուցիչ հանգամանքների շարքին է դասվում արարքն անչափահասի կամ հանցավորից նյութական կամ այլ կախվածություն ունեցող անձի, ինչպես նաեւ առեւանգված անձի նկատմամբ կատարելը: Հարկ է նշել, որ գործող Օրենսգրքի 119-րդ հոդվածում համանման ծանրացուցիչ հանգամանքը ներառում է նաեւ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ կատարված այնպիսի գործողությունը, որի միջոցով դիտավորյալ կերպով անձին պատճառվում է ուժեղ ցավ կամ մարմնական կամ հոգեկան տառապանք: Առաջարկում ենք լրացվող 309.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում ավելացնել նաեւ որպես պատանդ վերցված անձի նկատմամբ նույն հոդվածի 1-ին մասում սահմանված արարք կատարելը` որպես ծանրացուցիչ հանգամանք:

Միաժամանակ, առաջարկում ենք նաեւ դիտարկել ազատությունից ապօրինի զրկված անձի նկատմամբ նույն արարքը կատարելը որպես ծանրացուցիչ հանգամանք դիտարկելու հնարավորությունը` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենսգիրքը տարանջատում է ազատությունից ապօրինի զրկելը եւ մարդուն առեւանգելը` որպես առանձին հանցակազմ պարունակող արարքներ:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:



ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                                  Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան



[1] Տես Հայաստանի Հանրապետության քրեական իրավունք: Ընդհանուր մաս (երկրորրդ հրատարակություն՝ փոփոխություններով եւ լրացումներով). / Ս. Առաքելյան, Ա. Գաբուզյան, Հ. Խաչիկյան, Գ. Ղազինյան, Ն. Մաղաքյան - Եր.: Երեւանի համալս. հրատ., 2006, էջ 287: