«27» մայիսի 2015 թ.                                                                                                     ԻՎ-ե-59

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անշարժ գույքի գույքահարկի գծով առաջացած ապառքների եւ տույժերի մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-793-21.05.2015-ՏՏ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գագիկ Մելիքյանի, Ռուզաննա Մուրադյանի, Ռոբերտ Սարգսյանի, Կարինե Աճեմյանի, Հայկ Գրիգորյանի, Կարեն Բոթոյանի եւ Վահրամ Մկրտչյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Անշարժ գույքի գույքահարկի գծով առաջացած ապառքների եւ տույժերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին: Ուստի առաջարկում ենք նախագծի վերնագիրը դարձնել «Անշարժ գույքի գույքահարկի ապառքների գծով առաջացած տույժերի մասին» (ի դեպ, Նախագծի հիմնավորման մեջ որպես վերնագիր նշված է հենց այս տարբերակը), քանի որ Նախագիծը վերաբերում է հենց ապառքների գծով առաջացած տույժերին, այլ ոչ թե ապառքներին եւ տույժերին:

2. «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենքների հոդվածները բաժանվում են «մասեր» կոչվող միայն համարակալված պարբերությունների: Ուստի առաջարկում ենք համարակալել Նախագծի բոլոր չորս հոդվածների մասերը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ`                                                              Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան