«04» հունիսի 2015 թ.                                                                                                            ԻՎ-ե-66

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-800-29.05.2015-ՊԻ-010/0) եւ ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-8001 -29.05.2015-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Սահակյանի, Գագիկ Մելիքյանի, Վահրամ Մկրտչյանի եւ Լեւոն Մարտիրոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ՝ Փաթեթ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Փաթեթի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Փաթեթը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի դիսպոզիցիային տրվում է նոր խմբագրություն, որտեղ կրկին նշվում է «փորձագետի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալ» արտահայտությունը: Առաջարկում ենք այդ արտահայտությունից հանել «ակնհայտ» բառը, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ, 340-րդ եւ 341-րդ հոդվածներում (բացառությամբ հենց խմբագրվող մասի) օգտագործվում է «կեղծ եզրակացություն» արտահայտությունը: Անդրադառնալով ««Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ նշենք, որ դրա 2-րդ հոդվածում առաջարկված փոփոխության համար հարկավոր է նշել, որ խոսքը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի երկրորդ «ակնհայտ կեղծ» բառերի մասին է: Իսկ առաջին «ակնհայտ կեղծ» բառերից առաջարկում ենք հանել «ակնհայտ» բառը: Առաջարկում ենք «ակնհայտ» բառը հանել նաեւ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածից:

2. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 3-րդ մասում «ցուցմունք» բառը փոխարինել «ցուցմունք (սահմանադրական դատարանի նիստում՝ վկայի կողմից սուտ բացատրություն)» բառերով: Նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 3-րդ մասում կա ոչ թե «ցուցմունք», այլ «ցուցմունքի» բառ, ուստի անհրաժեշտ է «ցուցմունքի» բառը փոխարինել «ցուցմունքի (սահմանադրական դատարանի նիստում՝ վկայի կողմից սուտ բացատրության)» բառերով:

3. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 3-րդ կետով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայում «ցուցմունք» բառը փոխարինել «ցուցմունք (սահմանադրական դատարանի նիստում՝ վկայի կողմից սուտ բացատրություն)» բառերով: Քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի դիսպոզիցիայում «ցուցմունք» բառը երկու անգամ է գործածվում, առաջարկում ենք նշում կատարել այն մասին, որ խոսքը վերաբերում է առաջին «ցուցմունք» բառին այնպես, ինչպես դա կատարվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ կետում:

Փաթեթի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՊԵՏ՝                                                                          Հ. ՍԱՐԳՍՅԱՆ

Կատարող՝ Ս. Առաքելյան