«1» սեպտեմբերի2015 թ.                                                                                   ԻՎ-ե-94




ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների (փաստաթղթային կոդ՝ Ն-849-21.08.2015-ՊԻ) նախագծի վերաբերյալ


Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Նախագծի առաջին երեք գլուխների դրույթները համապատասխանում են մարդու իրավունքների ոլորտում միջազգային պայմանագրերին: Առաջին գլխում ներառված են այնպիսի դրույթներ, որոնք առկա են մի շարք առաջադեմ եվրոպական երկրների սահմանադրություններում: Երկրորդ գլուխը ներառում է հիմնարար իրավունքների եւ ազատությունների նոր եւ ժամանակակից խումբ: Ողջունելի է սոցիալական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները եւ պետության քաղաքականության հիմնական նպատակներն առանձին գլխով նախատեսելը:

Նախագծով առաջարկվող խորհրդարանական կառավարման համակարգն առավել համահունչ է ժողովրդավարության եւ իրավական պետության պահանջներին:

Նախագծում դատական իշխանությանը վերաբերող կարգավորումները պարունակում են դատական իշխանության լիարժեք անկախությունը երաշխավորող կառուցակարգեր:

Նախագծում դատախազության կազմակերպման եւ գործունեության սահմանադրական հիմքերին առնչվող հիմնադրույթներն ինքնուրույն գլխում առանձնացնելն արդարացված է, քանի որ դատախազությունը դատական իշխանության բաղադրիչ չէ:

Նախագծի «Տեղական ինքնակառավարման մարմինները» գլուխն ամրագրում է տեղական ինքնակառավարման մարմինների սահմանադրական հստակ կարգավիճակի եւ պետական իշխանության մարմինների հետ փոխհարաբերությունների որոշակի կառուցակարգեր:

Մարդու իրավունքների պաշտպանին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին, Վերահսկիչ պալատին եւ Կենտրոնական բանկին վերաբերող դրույթներն առանձին գլուխներով նախատեսելը հստակություն է հաղորդում այդ մարմինների սահմանադրական կարգավիճակին:

Նախագծի վերաբերյալ հայտնում ենք հետեւյալ առաջարկությունները:

1. Նախագծի 8-րդ հոդվածի 1-ին մասի «բազմակուսակցականությունը» բառն առաջարկում ենք փոխարինել «բազմակուսակցությունը» բառով:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կուսակցությունների կառուցվածքը եւ գործունեությունը չեն կարող հակասել Սահմանադրության 1-ին հոդվածով ամրագրված հիմնարար սկզբունքներին:

Անորոշ է, թե կուսակցության կառուցվածքն ինչպես կարող է հակասել ժողովրդավարական պետության եւ իրավական պետության սկզբունքներին: Ուստի առաջարկում ենք կուսակցությունների կառուցվածքին վերաբերող մասով Նախագծի 8-րդ հոդվածի 4-րդ մասը խմբագրել:

2. Նախագծի 9-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է տեղական ինքնակառավարումը` որպես ժողովրդավարության էական հիմքերից մեկը: Նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝Հայաստանի Հանրապետությունը խթանում է մշակույթի զարգացումը, նպատակային քաղաքականություն է իրականացնում գիտության, կրթության եւ արվեստի ոլորտներում: Նախագծի 16-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը: Ձեւակերպումների միասնականության ապահովման տեսանկյունից առաջարկում ենք կամ 14-րդ հոդվածի 1-ին մասի «Հայաստանի Հանրապետությունը խթանում է» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում խթանվում է» բառերով, կամ 9-րդ հոդվածի եւ 16-րդ հոդվածի 1-ին մասի «Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է» բառերով:

3. Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը եւ անվտանգությունը:

Հարկ է նշել, որ նշված գործառույթների իրականացումը ոչ միայն ՀՀ զինված ուժերի, այլեւ ՀՀ ազգային անվտանգության մարմինների տիրույթում է: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասը խմբագրել: Բացի այդ՝ հիշյալ հոդվածի վերնագիրը «պաշտպանությունը» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «եւ անվտանգությունը» բառերով:

4. Նախագծի 19-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետությունում» բառերով:

5. Առաջարկում ենք Նախագծի 1-ին գլխով ամրագրել դրույթներ յուրաքանչյուրի կողմից շրջակա միջավայրի բարելավման պարտականության մասին:

6. Նախագծի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ոչ ոք չի կարող ենթարկվել խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:

Առաջարկում ենք հիշյալ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «եւ» բառը փոխարինել «կամ» բառով, որպեսզի այս դրույթը գործի նաեւ այն դեպքում, երբ անձը ենթարկվում է միայն խոշտանգման կամ միայն անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի: Բացի այդ՝ դրանով կապահովվի համապատասխանություն «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածին (Խոշտանգումների արգելում):

7. Նախագծի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, ով ձերբակալման կամ կալանավորման պատճառով զրկված է ազատությունից, իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում եւ կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկումը ոչ իրավաչափ է:

Ստացվում է, որ հիշյալ մասն անձին իրավունք է տալիս վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը միայն այն դեպքերում, երբ ազատությունից զրկումը ձերբակալման կամ կալանավորման հետեւանք է: Դա հակասում է նույն՝ 26-րդ հոդվածի 1-ին մասին, որը նախատեսում է ազատությունից զրկելու նաեւ այլ դեպքեր , 2-րդ մասին, որն ազատությունից զրկելու պատճառների, իսկ քրեական մեղադրանք ներկայացվելու դեպքում՝ նաեւ մեղադրանքի մասին իրեն հասկանալի լեզվով անհապաղ տեղեկացվելու իրավունքը տալիս է ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի , եւ Նախագծի 59-րդ հոդվածի 1-ին մասին, որի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի Սահմանադրությամբ եւ օրենքներով ամրագրված իր իրավունքների եւ ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Նախագծի 26-րդ հոդվածի 6-րդ մասի «Սույն հոդվածի խախտմամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «Ոչ իրավաչափ կերպով» բառերով:

8. Նախագծի 30-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է օրենքով մասնավոր եւ ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքի սահմանափակման նպատակները՝ չնշելով մարդկանց կյանքին, առողջությանը եւ գույքին սպառնացող վտանգը կանխելը, որն առկա է բնակարանի անձեռնմխելիությանը վերաբերող 31-րդ հոդվածում:

9. Նախագծի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հաղորդակցության գաղտնիությունը որոշակի ժամկետով կարող է սահմանափակվել միայն օրենքով, դատարանի որոշմամբ՝ հանցագործությունների կանխման կամ բացահայտման, մարդկանց կյանքին, առողջությանը եւ գույքին սպառնացող վտանգը կանխելու նպատակով:

Նախագծի 35-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը կարող է կատարվել դատարանի որոշմամբ, օրենքով սահմանված դեպքերում՝ երեխայի խնամքին եւ առողջությանն սպառնացող էական վտանգի դեպքում:

Ձեւակերպումների միասնականության ապահովման տեսանկյունից առաջարկում ենք երկու դեպքում էլ գործածել կամ « միայն օրենքով, դատարանի որոշմամբ », կամ « դատարանի որոշմամբ, օրենքով սահմանված դեպքերում » ձեւակերպումները:

10. Նախագծի 33-րդ հոդվածի վերնագրում, 4-րդ եւ 5-րդ մասերում «անհատական» բառն առաջարկում ենք փոխարինել «անձնական» բառով, քանի որ 2015 թվականի մայիսի 18-ին ՀՀ ԱԺ-ն ընդունել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որով ուժը կորցրած է ճանաչվել «Անհատական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ 2002 թվականի հոկտեմբերի 8-ի օրենքը:

11. Նախագծի 34-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ամուսնանալու ազատությունըկարող է սահմանափակվել միայն օրենքով՝ հանրային շահերի պաշտպանության նպատակով:

ՀՀ ընտանեկան օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում է ամուսնություն կնքել՝

ա) այն անձանց միջեւ, որոնցից թեկուզեւ մեկն օրենքով սահմանված կարգով գրանցված մեկ այլ ամուսնության մեջ է.

բ) մերձավոր ազգականների (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների, ինչպես նաեւ հարազատ եւ համահայր կամ համամայր եղբայրների ու քույրերի, մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր եւ մորեղբոր զավակների) միջեւ.

գ) որդեգրողների եւ որդեգրվածների միջեւ.

դ) այն անձանց միջեւ, որոնցից թեկուզեւ մեկին դատարանը ճանաչել է անգործունակ:

Ամուսնության կնքմանն արգելք հանդիսացող հանգամանքների ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դրանք ուղղված են ոչ թե ամբողջությամբ հանրային շահերի պաշտպանությանը, այլ միտված են կանխելու միայն առողջությանն ու բարոյականությանը սպառնացող վտանգները: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 34-րդ հոդվածի 4-րդ մասը խմբագրել:

12. Նախագծի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ծնողներն իրավունք ունեն եւ պարտավոր են հոգ տանել իրենց երեխաների դաստիարակության, առողջության, լիարժեք ու ներդաշնակ զարգացման եւ կրթության համար: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ չափահաս աշխատունակ անձինք պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ եւ կարիքավոր ծնողների համար:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում պետք է պահպանվեն հայոց լեզվի կանոնները: Հետեւաբար առաջարկում ենք Նախագծի 35-րդ հոդվածի 1-ին մասի «կրթության համար» բառերը փոխարինել «կրթության մասին» բառերով, իսկ 2-րդ մասի «ծնողների համար» բառերը՝ «ծնողներին» բառով:

13. Նախագծի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի պահպանելու կանոնավոր անձնական փոխհարաբերություններ եւ անմիջական շփումներ իր ծնողների հետ` բացառությամբ այն դեպքի, երբ դատարանի որոշմամբ դա հակասում է երեխայի շահերին:

Առաջարկում ենք «երեխայի» բառը փոխարինել «հանրային» բառով, քանի որ, օրինակ, կարող է արգելվել առանձնապես ծանր հանցագործություն կատարած անձի տեսակցությունն իր երեխայի հետ. դա կարող է երբեմն բխել երեխայի շահերից, բայց հակասում է հանրային շահերին:

14. Նախագծի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտադիր կրթության նվազագույն տեւողությունը տասներկու տարի է: Նման ձեւակերպմամբ հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ էքստեռն (դրսեկության) ձեւով պարտադիր կրթության տեւողությունը կարող է պակաս լինել տասներկու տարուց: Հետեւաբար հիշյալ դրույթի փոխարեն առաջարկում ենք նախատեսել կրթության տասներկուամյա ծրագրի պարտադիրության վերաբերյալ դրույթ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պետական ուսումնական հաստատություններում մրցութային հիմունքներով բարձրագույն եւ այլ մասնագիտական կրթություն ստանալու իրավունք ունի:

Առաջարկում ենք նշված մասում «կրթություն ստանալու» բառերը փոխարինել «ուսումնական հաստատություն ընդունվելու» բառերով, քանի որ մրցութային հիմունքներով է տեղի ունենում ուսումնական հաստատություն ընդունվելը, ոչ թե կրթություն ստանալը:

15. Նախագծի 39-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք ունի Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու իրավունք:

Առաջարկում ենք հանել «Յուրաքանչյուր քաղաքացի եւ» ու «օրինական հիմքերով» բառերը, քանի որ «Հայաստանի Հանրապետությունում բնակվելու իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք» արտահայտությունը ներառում է յուրաքանչյուր քաղաքացուն, բացի դա՝ բնակվելու իրավունք ունենալը կարող է լինել միմիայն օրինական հիմքերով, այնպես որ անտրամաբանական է դա շեշտելը:

16. Նախագծի 40-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ կրոնական կազմակերպությունների ստեղծման եւ գործունեության կարգը սահմանվում է օրենքով: Առաջարկում ենք «ստեղծման» բառը փոխարինել «կազմավորման» բառով, քանի որ Նախագծի՝ միավորումներին վերաբերող 44-րդ հոդվածի 2-րդ մասում խոսքը դրանց «կազմավորման», այլ ոչ թե «ստեղծման» մասին է: Սույն առաջարկի ընդունումը բխում է ձեւակերպումների միասնականության ապահովման անհրաժեշտությունից:

17. Նախագծի 42-րդ հոդվածի վերնագրից եւ տեքստից առաջարկում ենք հանել «եւ դասավանդման» բառերը, քանի որ անհասականալի է, թե ինչ է ներառում «դասավանդման ազատությունը»:

18. Նախագծի 43-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք խաղաղ հավաքների ազատորեն մասնակցելու եւ դրանք կազմակերպելու իրավունք ունի:

Առաջարկում ենք նշված մասի «հավաքների» բառը փոխարինել «հավաքներին» բառով:

Բացի այդ՝ ի տարբերություն 2005թ. կարգավորման, հանվել է «առանց զենքի» արտահայտությունը, որը կարող է որոշ տարակարծությունների տեղիք տալ. եթե անձը հավաքի է ներկայանում զենքով, սակայն այն չի գործադրում, արդյո ՞ ք հավաքը կարող է խաղաղ համարվել:

19. Նախագծի 47-րդ հոդվածի 2-րդ մասի «պետական լեզվին տիրապետող յուրաքանչյուր ոք» բառերն առաջարկում ենք փոխարինել «հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք» բառերով, քանի որ Նախագծի 19-րդ հոդվածով ամրագրվում է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու եւ ընտրվելու, տեղական հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնց տասնութ տարին լրացել է ընտրությունների կամ տեղական հանրաքվեի օրը, եւ որոնք մշտապես բնակվում են տվյալ համայնքում:

Նման ձեւակերպումը թույլ է տալիս 18 տարին լրացած անձին լինելու համայնքի ավագանու անդամ կամ ղեկավար: Կարծում ենք, որ վերջիններիս համար անհրաժեշտ է սահմանել մի փոքր ավելի բարձր տարիքային շեմ. օրինակ՝ ավագանու անդամ դառնալու համար՝ 21 տարին, իսկ համայնքի ղեկավար դառնալու համար՝ 25 տարին լրացած լինելը:

20. Նախագծի 49-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ պատշաճ վարչարարության իրավունքը ներառում է անձի՝ իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունքը:

Առաջարկում ենք «իրեն վերաբերող» բառերը փոխարինել «իրեն առնչվող գործում առկա» բառերով:

Նույն մասը պարտավորեցնում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց՝ մինչեւ անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով լսել նրան եւ հիմնավորել ընդունված ակտը:

Առաջարկում ենք «ընդունված» բառը փոխարինել «ընդունվելիք» բառով, քանի որ հիմնավորումը տեղի է ունենում նախքան ակտն ընդունելը:

21. Նախագծի 53-րդ հոդվածի 2-րդ մասի «լուրջ սպառնալիք» բառերն առաջարկում ենք փոխարինել «հիմնավոր սպառնալիք» բառերով:

22. Նախագծի 54-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ սույն հոդվածով երաշխավորված իրավունքների իրականացումը կարգավորվում է օրենքով:

Առաջարկում ենք «երաշխավորված» բառը փոխարինել «սահմանված» բառով, քանի որ Նախագծի 54-րդ հոդվածով ոչ թե երաշխավորված, այլ սահմանված են իրավունքներ:

23. Նախագծի 56-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական եւ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք:

Առաջարկում ենք «եւ» բառը փոխարինել «կամ» բառով, որպեսզի նշված իրավունքը հնարավոր լինի իրականացնել նաեւ այն դեպքում, երբ անհրաժեշտ է պաշտպանել աշխատողների միայն տնտեսական, միայն սոցիալական կամ միայն աշխատանքային շահերը:

24. Նախագծի 58-րդ հոդվածի 2-րդ մասի «Ժառանգելու իրավունքը երաշխավորվում է» բառերն առաջարկում ենք փոխարինել «Յուրաքանչյուր ոք ունի ժառանգելու իրավունք» բառերով:

25. Նախագծի 60-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք:

Առաջարկում ենք այստեղ ամրագրել դրույթ նաեւ երրորդ անձանց իրավաչափ գործողություններով հասցված վնասի հատուցման իրավունքի մասին:

26. Նախագծի 68-րդ հոդվածի առաջին նախադասության համաձայն՝ հանցանք կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը կամ դատավճիռը վերանայվի վերադաս դատական ատյանի կողմից:

Հարկ է նշել, որ անձի դատապարտումն այլ կերպ, քան դատավճռով, տեղի ունենալ չի կարող: Հետեւաբար առաջարկում ենք այդ եւ դրույթի ընկալման պարզության եւ մատչելիության ապահովման նկատառումներով հիշյալ նախադասությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «Հանցանք կատարելու համար դատարանի կողմից դատապարտված յուրաքանչյուր ոք ունի իր նկատմամբ կայացված դատավճռի՝ օրենքով սահմանված կարգով վերա դաս դատարանի կողմից վերանայման իրավունք:»:

27. Նախագծի 73-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձի իրավական վիճակը բարելավող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

Փաստորեն, 1-ինմասում խոսվում է օրենքների եւ այլ իրավական ակտերի, իսկ 2-րդ մասում՝ միայն իրավական ակտերի մասին: Առաջարկում ենք 1-ին մասից հանել «օրենքների եւ այլ» բառերը, քանի որ օրենքը եւս դասվում է իրավական ակտերի շարքին:

28. Նախագծի 86-րդ հոդվածի 7-րդ կետով հաշմանդամության կանխարգելման, բուժման եւ վերականգնման ծրագրերի իրականացումն ամրագրվում է որպես տնտեսական, սոցիալական եւ մշակութային ոլորտներում պետության քաղաքականության հիմնական նպատակներից մեկը: Առաջարկում ենք հիշյալ կետը «վերականգնման» բառից առաջ լրացնել «առողջության» բառով, այլապես ստացվում է, որ խոսքը հաշմանդամության վերականգնման մասին է:

29. Նախագծի 90-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը հրավիրվում է ընտրության արդյունքների պաշտոնական հրապարակումից հետո՝ երրորդ հինգշաբթի օրը:

Առաջարկում ենք «երրորդ հինգշաբթի օրը» բառերը փոխարինել «նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը» բառերով: Բանը նրանում է, որ Նախագծի 91-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան վաթսուն, եւ ոչ ուշ, քան հիսուն օր առաջ: Դրանից հետո ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակմանը հաջորդող երրորդ հինգշաբթի օրը վրա է հասնում մի քանի օր շուտ, քան լրանում է նախորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտման օրը: Ստացվում է, որ տվյալ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն աշխատում են 5 տարուց պակաս ժամկետով: Իսկ մեր առաջարկի ընդունումը թույլ է տալիս, որ տվյալ գումարման Ազգային ժողովի պատգամավորներն աշխատեն ուղիղ 5 տարի:

30. Նախագծի 98-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատգամավորի լիազորությունները դադարում են Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելու կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու, օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու, դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու, մահվան, նրա հրաժարականի, ինչպես նաեւ մեկ հերթական նստաշրջանի ժամանակահատվածում քվեարկությունների առնվազն կեսին անհարգելի չմասնակցելու եւ Սահմանադրության 95-րդ հոդվածի պայմանները խախտելու դեպքերում:

Առաջարկում ենք նշված մասի «եւ» բառը փոխարինել «կամ» բառով: Դա կնշանակի, որ թվարկված պայմաններից որեւէ մեկի, այլ ոչ թե բոլորի առկայությունն է անհրաժեշտ պատգամավորի լիազորությունների դադարման համար:

Բացի դա՝ առաջարկում ենք 98-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում գործածել համապատասխանաբար «դադարեցումը» եւ «դադարեցվում են» բառերը:

31. Նախագծի 100-րդ հոդվածի 1-ին մասի «կառավարության պահանջով» բառերն առաջարկում ենք փոխարինել «կառավարության նախաձեռնությւամբ» բառերով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ արտահերթ նստաշրջանը կամ նիստն անցկացվում է նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում:

Առաջարկում ենք «ժամկետում» բառը փոխարինել «նախաձեռնելուց հետո ողջամիտ ժամկետում» բառերով: Այդ դեպքում արտահերթ նստաշրջանի կամ նիստի անցկացման ժամկետը կախված կլինի ոչ թե նախաձեռնողի կամքից, այլ պայմանավորված կլինի օբյեկտիվ իրողություններով (օրակարգում ընդգրկված հարցերի քանակ, բարդություն եւ այլն):

32. Նախագծի 101-րդ հոդվածով առաջարկում ենք ամրագրել դրույթ Ազգային ժողովի փակ նիստում քվեարկությունն արգելելու մասին:

33. Նախագծի 106-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունով ամրագրվում է, որ մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոնները խմբակցությունների միջեւ բաշխվում են խմբակցությունում ընդգրկված պատգամավորների թվաքանակի համամասնությամբ: Առաջարկում ենք նախ՝ նշված դրույթը տարածել նաեւ մշտական հանձնաժողովի նախագահների տեղակալների վրա, երկրորդ՝ նշել նաեւ յուրաքանչյուր պաշտոնի համար ստացված գործակցի մասին, որը նախատեսված է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով:

34. Նախագծի 107-րդ հոդվածի համաձայն՝ առանձին օրենքների նախագծերի, ինչպես նաեւ Ազգային ժողովի այլ ակտերի նախագծերի նախնական քննարկման եւ դրանց վերաբերյալ Ազգային ժողովին եզրակացություններ կամ տեղեկանքներ ներկայացնելու համար Ազգային ժողովի որոշմամբ կարող են ստեղծվել ժամանակավոր հանձնաժողովներ:

Այսպիսի կարգավորումը՝ ի տարբերություն 2005թ. կարգավորման, հնարավորություն չի տալիս ստեղծելու էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով եւ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողով: Ուստի առաջարկում ենք կամ Նախագծի 107-րդ խմբագրել՝ մոտեցնելով 2005թ. կարգավորմանը, որը հնարավորություն էր տալիս նշված հանձնաժողովները ստեղծելու, կամ այն լրացնել 2-րդ մասով՝ նշելով էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եւ ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի ստեղծման հնարավորության մասին:

35. Նախագծի 108-րդ հոդվածի 1-ին մասում առաջարկում ենք նախատեսել քննիչ հանձնաժողովի գործունեության առավելագույն տեւողությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ քննիչ հանձնաժողովում խմբակցություններին տեղեր են հատկացվում նրանց թվաքանակի համամասնությամբ:

Առաջարկում ենք «նրանց» բառը փոխարինել «խմբակցությունում ընդգրկված պատգամավորների» բառերով, քանի որ հակառակ դեպքում ստացվում է, որ խոսքը խմբակցությունների, այլ ոչ թե դրանցում ընդգրկված պատգամավորների թվի մասին է:

36. Նախագծի 109-րդ հոդվածի 1-ին մասն օրենսդրական նախաձեռնության սուբյեկտների շարքին է դասում նաեւ Ազգային ժողովի խմբակցությունը: Կարծում ենք, որ դրա նորմատիվ անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ Ազգային ժողովի պատգամավորն ունի օրենսդրական նախաձեռնության իրավունք, եւ եթե որեւէ խմբակցություն ցանկանա հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, ապա դա կարող է անել նախագիծը շրջանառության մեջ դնելու համար ԱԺ նախագահին ուղարկվող գրությունը խմբակցության անդամ բոլոր պատգամավորների կողմից ստորագրելու միջոցով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագիծն Ազգային ժողովն ընդունում կամ մերժում է երկամսյա ժամկետում:

Նշված մասն առաջարկում ենք հանել հետեւյալ պատճառաբանություններով՝

1) ներկայիս կարգավորմամբ այդ ժամկետը 3 ամիս է, եւ դա երբեմն խանգարում է Ազգային ժողովում հարցերի արդյունավետ քննարկմանը, ենթադրաբար նույն իրավիճակը (եթե ոչ ավելի վատ) կլինի նաեւ այն դեպքում, եթե այդ ժամկետը դառնա երկու ամիս,

2) Նախագիծը, ի տարբերություն ներկայիս կարգավորման, որը տվյալ դեպքում Նախագահին իրավունք է տալիս ԱԺ նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ արձակելու Ազգային ժողովը, որեւէ իրավական հետեւանք չի նախատեսում երկամսյա ժամկետի խախտման համար,

3)ավելի արդյունավետ կլինի, որ իր կողմից անհետաձգելի ճանաչված հարցերը քննարկման դնելու համար կառավարությունն օգտագործի ԱԺ արտահերթ նիստ կամ նստաշրջան հրավիրելու նախաձեռնության իր իրավունքը:

37. Նախագծի 110-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պետական բյուջեն ընդունվում է բյուջետային տարին սկսվելուց առնվազն երեսուն օր առաջ: Մինչեւ այդ ժամկետը պետական բյուջեի չընդունվելու դեպքում առաջիկա բյուջետային տարվա ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով:

Առաջարկում ենք նշված մասի երկրորդ նախադասության «այդ ժամկետը» բառերը փոխարինել «բյուջետային տարին սկսելը» բառերով, քանի որ հակառակ դեպքում ստացվում է, որ ընթացիկ բյուջետային տարվա վերջին 30 օրերի ծախսերը կատարվում են նախորդ տարվա բյուջեի համամասնություններով, իսկ իրականում նախորդ տարվա բյուջեի համամասնությունները պետք է օգտագործվեն այն դեպքում, եթե պետական բյուջեն չի ընդունվում մինչեւ բյուջետային տարին սկսելը:

38. Նախագծի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հերթական նստաշրջանի` տվյալ շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում կառավարության անդամները պատասխանում են պատգամավորների բանավոր հարցերին:

Առաջարկում ենք հստակեցնել «հերթական նստաշրջանի՝ տվյալ շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում» արտահայտությունը:

39. Նախագծի 116-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում եւ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝

1) որոնք վերաբերում են մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին, ազատություններին եւ պարտականություններին:

Առաջարկում ենք նշված կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«1) որոնք վերաբերում են մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւազատություններին, ինչպես նաեւ պարտականություններին.»:

Նման ձեւակերպման դեպքում «հիմնական» բառը չի տարածվի պարտականությունների վրա: Ի տարբերություն իրավունքների եւ ազատությունների՝ հիմնական պարտականություններ չեն լինում:

40. Նախագծով նախատեսվում է նոր մարմնի՝ Ազգային ժողովի խորհրդի ստեղծում, որի միակ լիազորությունը մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսին անհարգելի չմասնակցելու կամ Սահմանադրության 95-րդ հոդվածի որեւէ պայման խախտելու հանգամանքի վերաբերյալ Սահմանադրական դատարան եզրակացություն ներկայացնելն է եւ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմելը: Առաջարկում ենք Ազգային ժողովի խորհրդին վերապահել եւս մեկ լիազորություն, այն է՝ հերթական նստաշրջանի օրակարգի, դրանում լրացումներ կատարելու մասին եւ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծերը հաստատելը եւ դրանք Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնելը:

41. Ի տարբերություն 2005թ. կարգավորման՝ Նախագծում չկա մի հոդված, որը սահմանի, թե ինչպիսի հարաբերություններ կարող են կարգավորվել բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով: Մինչդեռ իրավական որոշակիության առումով այդ հոդվածի գոյությունը ցանկալի է:

42. Նախագծի 124-րդ հոդվածի 4-րդ մասն արգելում է Հանրապետության նախագահին,ի տարբերություն պատգամավորների եւ դատավորների,զբաղվել կրթական գործունեությամբ:

43. Նախագծի 126-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության, լիազորությունների կատարման անհնարինության, հրաժարականի կամ մահվան դեպքերում Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո ոչ շուտ, քան քսանհինգ, եւ ոչ ուշ, քան երեսունհինգ օրվա ընթացում անցկացվում է Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն:

Առաջարկում ենք «Հանրապետության նախագահի արտահերթ ընտրություն» բառերը փոխարինել «ընտրիչների արտահերթ ժողով» բառերով, քանի որ Նախագծի 125-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն ընտրվում է ընտրիչների ժողովի կողմից:

44. Նախագծի 129-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում եւ հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու նպատակով:

Առաջարկում եք «նպատակով» բառը փոխարինել «հարցով» բառով:

45. Նախագծի 131-րդ հոդվածի (Փոփոխություններ կառավարության կազմում) համաձայն՝ Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ փոփոխություններ է կատարում կառավարության կազմում:

Կարծում ենք, որ ավելի հաջողված է 2005թ. ձեւակերպումը, ուստի առաջարկում ենք Նախագծի 131-րդ հոդվածը վերնագրել «Կառավարության անդամների նշանակումը եւ ազատումը» վերտառությամբ, իսկ տեքստը շարադրել հետեւյալ բովանդակությամբ. «Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է կառավարության անդամներին:»:

46. Նախագծի 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հանրապետության նախագահը օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով կառավարության առաջարկությամբ կնքում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրեր:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով հաստատում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում վավերացում չպահանջող միջազգային պայմանագրերը:

Նախագծի 132-րդ հոդվածի 1-ին մասի 1-ի կետին համապատասխանության ապահովման նպատակով առաջարկում ենք նույն հոդվածի 2-րդ մասը «հայտարարում» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության՝» բառերով:

47. Նախագծի 138-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ եթե Հանրապետության նախագահը Սահմանադրությամբ սահմանված ժամկետներում կամ, եթե նման ժամկետ սահմանված չէ տասնօրյաժամկետում, իր կողմից ընդունվող իրավական ակտի հետ կապված չի ձեռնարկում անհրաժեշտ գործողություններ, այդ ակտն իրավունքի ուժով համարվում է ընդունված:

Առաջարկում ենք «սահմանված չէ» բառերից հետո դնել ստորակետ:

«Չի ձեռնարկում անհրաժեշտ գործողություններ» արտահայտությունն անորոշ է. անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ գործողությունների մասին է խոսքը, եւ որքան դրանք կարող են տեւել:

48. Առաջարկում ենք Նախագծի 143-րդ հոդվածի «նորընտիր Հանրապետության նախագահի» բառերը փոխարինել «Հանրապետության նորընտիր նախագահի» բառերով: Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ Նախագծի 208-րդ հոդվածի 3-րդ եւ 6-րդ, 209-րդ հոդվածի 4-րդ եւ 6-րդ մասերին ու 213-րդ հոդվածին:

49. Նախագծի 147-րդ հոդվածի 1-ին մասն առաջարկում ենք շարադրել հետեւյալ բովանդակությամբ.

«1. Կառավարության անդամը պետք է համապատասխանի Ազգային ժողովի պատգամավորին ներկայացվող պահանջներին:»:

50. Նախագծի 148-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասության համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին մասնակցելու իրավունք ունեն խմբակցությունների կողմից առաջարկված վարչապետի թեկնածուները:

Առաջարկում ենք «քվեարկության երկրորդ փուլ» բառերը փոխարինել «նոր քվեարկություն» բառերով:

51. Նախագծի 157-րդ հոդվածի առաջին նախադասության համաձայն՝ կառավարությունը Հանրապետության նախագահին ներկայացնում է իր հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, կառավարությանը վստահություն չհայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու եւ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:

Առաջարկում ենք «եւ» բառը փոխարինել «կամ» բառով. դա կնշանակի, որ կառավարությունը Հանրապետության Նախագահին իր հրաժարականը ներկայացնում է համապատասխան որոշակի օրը, այլ ոչ թե նշված բոլոր օրերին միաժամանակ:

52. Նախագծի 159-րդ հոդվածի երրորդ նախադասության համաձայն՝ մարզպետները համակարգում են կառավարությանը եւ նախարարություններին ենթակա պետական կառավարման մարմինների տարածքային ստորաբաժանումների գործունեությունը:

Առաջարկում ենք նախադասությունը «մարզպետները» բառից հետո լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի,» բառերով, քանի որ կառավարությանը եւ նախարարություններին ենթակա մի շարք պետական կառավարման մարմինների (ոստիկանություն, հարկային ծառայություն եւ այլն) տարածքային ստորաբաժանումների գործունեությունը մարզպետները չեն համակարգում:

53. Առաջարկում ենք Նախագծի 6-րդ գլխով ամրագրել 2005թ. այն դրույթը, որի համաձայն՝ կառավարությունը կառավարում է պետական սեփականությունը:

54. Նախագծի 163-րդ հոդվածի 9-րդ մասի «էական կարգապահական խախտում» բառերն առաջարկում ենք փոխարինել «կարգապահական կոպիտ խախտում» բառերով:

Նույն հոդվածի 10-րդ մասի «կարգավիճակին վերաբերող մանրամասները» բառերն առաջարկում ենք փոխարինել «կարգավիճակի մանրամասները» բառերով՝ նույն մասում սահմանելով նաեւ դրույթ դատավորների վարձատրության վերաբերյալ:

55. Նախագծի 167-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սահմանադրական դատարանը Սահմանադրությամբ եւ Սահմանադրական դատարանի մասին օրենքով սահմանված կարգով որոշում է օրենքների, Ազգային ժողովի որոշումների, կառավարության եւ վարչապետի որոշումների, ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի, տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների համապատասխանությունը Սահմանադրությանը:

Առաջարկում ենք տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները հանել նշված ցանկից՝ միաժամանակ Նախագծի 180-րդ հոդվածի 2-րդ մասը «ընդունում է» բառերից հետո լրացնելով «ենթաօրենսդրական նորմատիվ» բառերով: Սույն առաջարկի ընդունման դեպքում «ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր» հասկացությունը կներառի «տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները»:

56. Նախագծի 173-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ դատարանների նախագահները չեն կարող ընդգրկվել Բարձրագույն դատական խորհրդի կազմում:

Առաջարկում ենք մասը «Դատարանների» բառից հետո լրացնել «եւ Վճռաբեկ դատարանի պալատների» բառերով:

Նույն հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը նախագահում է խորհրդի նախագահը, որն ընտրվում է հաջորդաբար՝ խորհրդի դատավոր եւ իրավաբան անդամների թվից, խորհրդի անդամների կողմից՝ Դատական օրենսգրքով սահմանված կարգով:

Առաջարկում ենք «դատավոր եւ իրավաբան» բառերը փոխարինել «դատավոր եւ իրավաբան գիտնական եւ այլ հեղինակավոր իրավաբան» բառերով՝ ապահովելու համար համապատասխանություն նույն հոդվածի 1-ին մասին:

57. Առաջարկում ենք Նախագծի 175-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսել գլխավոր դատախազին ներկայացվող պահանջները:

58. Նախագծի 177-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քննչական մարմինները մինչդատական վարույթի շրջանակներում կազմակերպում են նախաքննության իրականացումը:

Հարկ է նշել, որ քրեադատավարական գործող օրենսդրության համաձայն՝ նախաքննություն իրականացնում է ոչ թե քննչական մարմինը, այլ քննիչը:

59. Նախագծի 196-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամներն ընտրվում են Ազգային ժողովի կողմից՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովն իր կազմից ընտրում է հանձնաժողովի նախագահ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ եւ անդամ կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող յուրաքանչյուր քաղաքացի, ով զանգվածային լրատվության բնագավառում հեղինակավոր մասնագետ է:

Առաջարկում ենք 3-րդ մասից հանել «նախագահ եւ» բառերը, քանի որ 2-րդ մասը սահմանում է, որ Հեռուսատատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահն ընտրվում է նույն հանձնաժողովի կազմից: Իսկ դա նշանակում է, որ հանձնաժողովի նախագահի վրա եւս տարածվում են հանձնաժողովի անդամին ներկայացվող պահանջները:

60. Նախագծի 197-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերահսկիչ պալատն իրավունք ունի իրավաբանական անձանց մոտ ստուգումներ կատարել միայն այն դեպքերում, երբ պետությունը դրանցում ունի էական մասնակցություն, կամ այն ֆինանսական միջոցների մասով, որոնք նրանք ստացել են պետության կողմից, կամ երբ նրանց պարտավորությունների համար պետությունը երաշխիքներ է տվել:

Առաջարկում ենք մասը «երբ պետությունը» բառերից հետո լրացնել «կամ համայնքը» բառերով, «ստացել են պետության» բառերից հետո՝ «կամ համայնքի» բառերով եւ «պարտավորությունների համար պետությունը» բառերից հետո՝ «կամ համայնքը» բառերով, քանի որ՝

1) իրավաբանական անձում էական մասնակցություն կարող է ունենալ ոչ միայն պետությունը, այլեւ համայնքը,

2) իրավաբանական անձը ֆինանսական միջոցներ կարող է ստանալ ոչ միայն պետության, այլեւ համայնքի կողմից,

3) իրավաբանական անձանց պարտավորությւոնների համար երաշխիքներ կարող է տալ ոչ միայն պետությունը, այլեւ համայնքը:

61. Նախագծի եզրափակիչ եւ անցումային դրույթներով անհրաժեշտ է ամրագրել դրույթ, որի համաձայն՝ Հանրապետության նորընտիր նախագահի պաշտոնի ստանձնման պահին կառավարությունը Հանրապետություն նախագահին ներկայացնում է իր հրաժարականը, որից հետո Սահմանդրության 148-րդ հոդվածով սահմանված կարգով ընտրվում եւ նշանակվում է վարչապետ, ապա Սահմանադրության 149-րդ հոդվածով սահմանված կարգով կազմավորվում է կառավարություն:

62. Նախագծի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, ընդ որում, դատավորներից երեքին՝ Հանրապետության նախագահի առաջարկությամբ, երեքին՝ կառավարության առաջարկությամբ եւ երեքին` դատավորնե րի ընդհանուր ժողովի առաջարկությամբ:

Ներկայիս կարգավորման համաձայն՝ սահմանադրական դատարանի անդամներից չորսին նշանակում է Հանրապետության Նախագահը, հինգին՝ Ազգային ժողովը:

Հետեւաբար անհրաժեշտություն է առաջանում Նախագծի եզրափակիչ եւ անցումային դրույթներով սահմանել, թե սահմանադրական դատարանի՝ գործող կարգով նշանակված անդամի պաշտոնը թափուր մնալու դեպքում ով պետք է կատարի համապատասխան առաջադրումը՝ Հանրապետության նախագա ՞ հը, կառավարությու ՞ նը, թե ՞ դատավորների ընհանուր ժողովը:

Նախագծի վերաբերյալ այլ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարողներ՝ Ս. Առաքելյան

Ք. Մանուկյան