«17» սեպտեմբերի 2015 թ.                                                                                                       ԻՎ-ե-98

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-851-16.09.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Լեւոն Դոխոլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի վերնագրի «լրացում» բառն առաջարկում ենք փոխարինել «փոփոխություն» բառով, քանի որ Նախագծով առաջարկվում է ոչ թե լրացում, այլ փոփոխություն: Նշված առաջարկությունը բխում է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասից, որի համաձայն՝ իրավական ակտի վերնագիրը պետք է համապատասխանի իրավական ակտի բովանդակությանը եւ հակիրճ տեղեկատվություն պարունակի դրա կարգավորման առարկայի մասին:

2. Նախագծի 1-ին հոդվածի «խմբագրել հետեւյալ բովանդակությամբ» բառերն առաջարկում ենք փոխարինել «շարադրել նոր խմբագրությամբ» բառերով, քանի որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ իրավական ակտում փոփոխությունները կատարվում են նրա առանձին`

1) բառեր կամ թվեր այլ բառերով կամ թվերով փոխարինելու միջոցով.

2) բառեր, թվեր կամ նախադասություններ հանելու միջոցով.

3) բաժիններ, գլուխներ, հոդվածներ, մասեր, կետեր, պարբերություններ կամ նախադասություններ նոր խմբագրությամբ շարադրելու միջոցով.

4) բաժինների, գլուխների, հոդվածների, մասերի, կետերի կամ պարբերությունների գործողությունը դադարեցնելու միջոցով:

3. Նախագծով առաջարկվող փոփոխությունն անհրաժեշտ է կատարել «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի առաջին պարբերության ոչ թե երրորդ, այլ հինգերորդ նախադասության մեջ, քանի որ առաջարկվող հարաբերությունը կարգավորվում է հենց հինգերորդ նախադասությամբ:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                     Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան