ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-854-18.09.2015-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Մհեր Շահգելդյանի եւ Լեւոն Դոխոլյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության օրենքներին:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծով առաջարկվում է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) անցումային դրույթների առաջին եւ երրորդ մասերում «վեց ամիս» բառերը փոխարինել «մեկ տարի» բառերով:

Նախագծի 1-ին հոդվածն առաջարկում ենք շարադրել հետեւյալ բովանդակությամբ. ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-249 օրենքի անցումային դրույթների 1-ին մասում «վեց ամսվա» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով, իսկ 3-րդ մասում՝ «վեց ամիս» բառերը՝ «մեկ տարի» բառերով:

Նշված առաջարկության նպատակը հստակեցնելն է, որ համապատասխան փոփոխություններն անհրաժեշտ է կատարել հենց ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-249 օրենքի անցումային դրույթներում: Բացի այդ՝ այդ անցումային դրույթների 1-ին մասում առկա է ոչ թե «վեց ամիս», այլ «վեց ամսվա» արտահայտությունը:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝                                                             Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան