«13»նոյեմբերի 2015 թ.                                                                                                        ԻՎ-ե-123

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված` ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) տալու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-872-16.10.2015-ՍՀ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված` ավանդի փոխհատուցման իրավունք ունեցող անձանց մահվան դեպքում փոխհատուցման գումարը ավանդատուի ժառանգին (ժառանգներին) տալու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածով նախատեսվում են դրույթներ, որոնց համաձայն՝ «ՀՀ 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածով հաստատված ծրագրով եւ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ հաստատված կարգով, փոխհատուցման իրավունք ունեցող անձանց տարեկան ամփոփ ցուցակում հաշվառված ավանդատուի մահվան դեպքում փոխհատուցման գումարը կարող է ստանալ նրա ժառանգը (ժառանգները): Այդ առումով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 398-րդ հոդվածի համաձայն՝ պարտատիրոջ անձի հետ անխզելիորեն կապված իրավունքների` ներառյալ ալիմենտի եւ կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման պահանջների, անցնելն այլ անձի չի թույլատրվում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է այն իրավունքների եւ պարտականությունների շրջանակը, որոնք չեն մտնում ժառանգության զանգվածի մեջ: Դրանք են՝ ժառանգատուի անձի հետ անխզելիորեն կապված իրավունքները եւ պարտականությունները, մասնավորապես` ալիմենտային պարտավորություններով իրավունքները եւ պարտականությունները, քաղաքացու կյանքին կամ առողջությանը պատճառված վնասը հատուցելու իրավունքը, անձնական ոչ գույքային իրավունքները եւ այլ ոչ նյութական բարիքները, այն իրավունքներն ու պարտականությունները, որոնց անցումը ժառանգությամբ չի թույլատրվում սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով:

«Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հավելվածի 1-ին մասի համաձայն՝ փոխհատուցման տրամադրումը պետք է կրի հասցեական բնույթ, ուստի հաշվի առնելով այս հանգամանքը եւ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 16-իN-352-Ն որոշման 28-րդ կետի պահանջները, որոնց համաձայն՝ փոխհատուցում ստանալու ավանդատուի պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 398-րդ հոդված), մտնել ժառանգության զանգվածի մեջ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի երկրորդ մաս), գտնում ենք, որ ներկայացված Նախագիծը չի բխում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 398-րդ եւ 1186-րդ հոդվածների պահանջներից:

2. Նախագծի 1-ին հոդվածում հղում է կատարվում ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 16-իN-352-Ն որոշմանը: Այդ առումով հայտնում ենք, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե իրավական ակտը ի կատարումն կամ համաձայն նույն կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի կամ դրա մասի է ընդունվում, ապա ընդունվող իրավական ակտի նախաբանում հղում է կատարվում այդ իրավական ակտին` նշելով դրա կրճատ անվանումը եւ դրա համապատասխան մասը: Հիշյալ նորմի վերլուծությունից բխում է, որ իրավական ակտը պետք է ընդունվի ի կատարումն կամ համաձայն հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի, ոչ թե ի կատարումն կամ համաձայն ավելի ցածր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտի: Հետեւաբար՝ Նախագծի 1-ին հոդվածը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի պահանջներին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                                       Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան

հեռ. 011-513-337