«26» նոյեմբերի 2015 թ.                                                                                                  ԻՎ-ե-131

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-888-30.10.2015-ՊԱ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վահե Էնֆիաջյանի, Վահան Բաբայանի եւ Թեւան Պողոսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին,օրենսդրական տեխնիկայի կանոններին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերը ճանաչվում են ուժը կորցրած, որոնցով վարչական պատասխանատվություն է սահմանված տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելու (124- րդ հոդվածի 1-ին մաս ) եւ տրանսպորտային միջոցների երթեւեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելու (124- րդ հոդվածի 2-րդ մաս ) համար:

Այդ կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում նշել, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 22-րդ հոդվածի համաձայն՝ վարչական տույժը համարվում է պատասխանատվության միջոց եւ կիրառվում է, նպատակ ունենալով վարչական իրավախախտում կատարած անձին դաստիարակել օրենքները պահպանելու, ինչպես նաեւ կանխել ինչպես իր իսկ` իրավախախտողի, այնպես էլ ուրիշ անձանց կողմից նոր իրավախախտումների կատարումը:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաեւ հիմք ընդունելով նշված արարքների բնույթը,գտնում ենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերն ուժը կորցրած ճանաչելը չի բխում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 22-րդ հոդվածով ամրագրված վարչական տույժի նպատակներից:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան

հեռ. 011-513-337