«18» նոյեմբերի 2015 թ.                                                                                                       ԻՎ-ե-126

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (փաստաթղթային կոդ` Պ-895-11.11.2015-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի եւ Հեղինե Բիշարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ` Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմիդ կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը եւ Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածով ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը շարադրվում է նոր խմբագրությամբ, որի համաձայն. «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը՝ պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով »: ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի համաձայն. «Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը` պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով» : Այսինքն՝ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար նախատեսված «առավելագույնը երեք տարի ժամկետով ազատազրկում» պատիժը հանել, այն հիմնավորմամբ, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը սահմանում է քրեաիրավական հետեւանքներ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի, ոչ թե գործողությունների համար, ուստի օբյեկտիվության առումով բավականին դժվար է ապացուցել, թե կոչը նպատակաուղղված է կոնկրետ գործողությունների, թե պարզապես համեմատականության մեջ ազատխոսք կամկարծիք է, որը որեւէ գործողություն չի հետապնդում:

Այդ առումով հայտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված արարքներն ուղղված են սահմանադրական կարգի դեմ՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն: ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմը դրսեւորվում է պետական իշխանությունը բռնությամբ զավթելու կամ սահմանադրական կարգը բռնությամբ փոխելու հրապարակային կոչեր անելով: Ընդ որում, կոչերը դրսեւորվում են այնպիսի գործողություններով, որոնց արդյունքում մարդկանց մեջ ցանկություն է առաջանում բռնությամբ զավթել իշխանությունը: Կոչերի նպատակը մեկն է՝ համախմբել մարդկանց, ուղղություն տալ նրանց գործողություններին, մղել պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողությունների կատարման: Հետեւաբար՝ Նախագծի հիմնավորման մեջ նշված այն մոտեցման համաձայն, որ կոչը «պարզապես համեմատականության մեջ ազատխոսք կամկարծիք է, որը որեւէ գործողություն չի հետապնդում », չի համապատասխանում «կոչ» տերմինի իրավական բովանդակությանը, քանի որ կոչերը դրսեւորվում են այնպիսի գործողություններով, որոնց արդյունքում մարդկանց մեջ ցանկություն է առաջանում բռնությամբ զավթել իշխանությունը: Այդպիսի գործողություններ կարող են հանդիսանալ մարդկանց դիմելը, նրանց համոզելը, հրահրելը:

Միաժամանակ, ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով նախատեսված հանցագործության օբյեկտը սահմանադրական կարգի հիմունքները եւ պետության անվտանգությունն են: Սուբյեկտիվ կողմը բնութագրվում է միայն ուղղակի դիտավորությամբ, իսկ հանցագործությունն ավարտված է համարվում հրապարակային կոչերը (գործողությունները) իրականացնելու պահից՝ անկախ հասել է հանցավորը իր նպատակին, թե ոչ:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված արարքների համար ազատազրկման ձեւովնախատեսված պատիժը՝ «առավելագույնը երեք տարի ժամկետով», հանելը չի բխում ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված համաչափության սկզբունքի պահանջներից, ինչպես նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածով ամրագրված արդարության սկզբունքի պահանջներից, որոնց համաձայն՝ հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժը եւ քրեաիրավական ներգործության այլ միջոցները պետք է լինեն արդարացի ՝ համապատասխանեն հանցանքի ծանրությանը, դա կատարելու հանգամանքներին, հանցավորի անձնավորությանը, անհրաժեշտ եւ բավարար լինեն նրան ուղղելու եւ նոր հանցագործությունները կանխելու համար:

Օրենսդրական տեխնիկային համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

2. Ելնելով այն հանգամանքից, որ ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներն ունեն նաեւ վերնագիր, առաջարկում ենք Նախագծի 1-ին հոդվածով խմբագրվող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի դիսպոզիցիայից առաջ նշել նաեւ հոդվածի վերնագիրը, իսկ Նախագծի 1-ին հոդվածի միակ մասը համարակալել՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                              Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան

հեռ. 011-513-337