«09» դեկտեմբերի 2015 թ.                                                                                                 ԻՎ-ե-137

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Պրոբացիայի մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-897-16.11.2015-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի, Հեղինե Բիշարյանի, Լեւոն Դոխոլյանի, Իշխան Խաչատրյանի եւ Մհեր Շահգելդյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան:

Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

Նախագիծը իր բնույթով լիակատար չէ, չի կարգավորում պրոբացիայի ինստիտուտին բնորոշ հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները:

Այսպես՝ Նախագծով կարգավորվում են միայն պրոբացիայի նպատակները, խնդիրները, սկզբունքները, կիրառման հիմքերը, որոնք իրենց բնույթով թերի են եւ լրամշակման կարիք ունեն: Մասնավորապես` գտնում ենք, որ պրոբացիայի հիմնական խնդիրները պետք է լինեն՝

ա. հանցագործությունների կատարման ու կրկնահանցագործությունների նվազմանը նպաստելը,

բ. քրեակատարողական հիմնարկների բեռնաթափմանը նպաստելը,

գ. առավել տեղեկացված եւ անաչառ որոշումների կայացմանը նպաստելը ՝ խափանման միջոցի ընտրության եւ պատժի նշանակման գործընթացներում,

դ. առավել տեղեկացված եւ անաչառ որոշումների կայա ցմանը նպաստելը ՝ դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման ներկայացման գործընթացներում,

ե. հանցանք կատարած անձի ուղղմանը հասարակությունում նպաստելը ,

զ. սոցիալական արդարության վերակ անգնմանը նպաստելը,

է. հանցանք կատարած անձի վերասոցիալականացումը,

ը. հասարակության անվտանգության ապահովումը ՝ հանցանք կատարած անձի կողմից նոր հանցագործությունների կատարման հավանականությունը նվազեցնելու միջոցով:

Նշված խնդիրների արդյունավետ իրականացման համար պետք է ստեղծվի համապատասխան մարմին, որի նպատակը պետք է լինի հանցագործությունների նվազեցումը ՝ վերահսկելով, ուղղորդելով ու աջակցելով հանցանք կատարած անձանց եւ նպաստելով նրանց արդյունավետ վերասոցիալականացմանը, հասարակության անվտանգությանը եւ արդարադատության իրականացմանը:

Միաժամանակ Նախագծի 3-րդ հոդվածով սահմանված «Պրոբացիայի սկզբունքները» համահունչ չեն ՀՀ քրեական օրենսգրքով, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով, ՀՀ քրեակատարողական օրենսգրքով ամրագրված սկզբունքներին:

Նախագծով կարգավորված չեն նաեւ պրոբացիայի ծառայության խնդիրները, գործունեության սկզբունքները, լիազորությունները, կառուցվածքը, պրոբացիայի ծառայության ծառայողի իրավական եւ սոցիալական ապահովման պետական երաշխիքները, ինչպես նաեւ նյութատեխնիկական ապահովման, ֆինանսավորման եւ գործունեության վերահսկման հետ կապված հարաբերությունները:

Նախագծով կարգավորված չեն պրոբացիայի ծառայության լիազորությունների եւ գործառույթների շրջանակը, որը պետք է ընդգրկի`

1. մինչդատական փուլում ՝ խափանման միջոցի ընտրության նպատ ակով մինչդատական զեկույցի պատրաստում եւ կալանավորմանն այլընտրանք խափանման միջոցներից տնային կալանքի եւ հսկողության իրականացում,

2. դատական փուլում ՝ մինչեւ պատժի նշանակելը զեկույցի տրամադրում եւ մեդիացիա,

3. պենիտենցիար փուլում ՝ այլընտրանքային պատ իժների կատարում, պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի կազմակերպում եւ իրականացում, վերականգնողական աշխատանքներ, պատժից ազատված անձի վարքի վերահսկողություն, պատիժը հետաձգված անձանց նկատմամբ վերահսկողություն, ազատազրկման տեսքով պատժի կրման ընթացքում պատժի անհատական պլանավորմանն աջակցություն, դատապարտյալի վարքի պարբերական գնահատում, պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինման նպատակով զեկույցների տրամադրում, ներման խնդրագրերով զեկույցների տրամադրում,

4. հետպենիտենցիար փուլում ՝ դատվածությունը հանելու առնչությամբ որոշում կայացնելու իրավասություն ունեցող մարմնին զեկույցի ներկայացում:

Նախագծով կարգավորված չեն անչափահասների նկատմամբ իրականացվող պրոբացիոն գործառույթների առանձնահատկությունները եւ այլն:

Բացի այդ, գտնում ենք, որ անհրաժեշտ է նախաձեռնությունը ներկայացնել փաթեթի տեսքով՝ համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ նախատեսելով ՀՀ քրեական օրենսգրքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում, ՀՀ քրեակատարողական օրենսգրքում:

Ելնելով վերոգրյալից՝ Նախագիծը չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն՝ իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված եւ լիովին կարգավորի ակտով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները:

Օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ մասում` «Հայաստանի Հանրապետության քրեական եւ քրեական դատավարության օրենսգրքով» բառերն անհրաժեշտ է փոխարինել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով» բառերով:

Նախագծի 2-րդ եւ 3-րդ հոդվածների մասերն անհրաժեշտ է համարակալել, իսկ այդ մասերի կետերի համարները տեքստից բաժանել փակագծով («Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մաս): Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ Նախագծի 5-րդ հոդվածին:

Նախագծի 4-րդ հոդվածի 2-րդ մասի կետերի համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41- րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներին, որոնց համաձայն՝ հոդվածների եւ մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Նույն առաջարկությունը վերաբերում է նաեւ Նախագծի 7-րդ հոդվածին:

Նախագծի 8-րդ հոդվածով սահմանված օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը վերանայման կարիք ունի՝ հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի պահանջները:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                         Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան

հեռ. 011-513-337