«09» դեկտեմբերի 2015 թ.                                                                                                  ԻՎ-ե-138

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (փաստաթղթային կոդ՝ Պ-899-16.11.2015-ՊԻ-010/0) Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Մարգարյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված ««Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) իրավական փորձաքննության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչությունում:

Ստորեւ ներկայացնում ենք Նախագծի վերաբերյալ մեր կողմից կատարված փորձաքննության արդյունքները:

Նախագիծը ներկայացվել է «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 47-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, չի հակասում Հայաստանի Հանրապետության Սահամանդրությանը, միջազգային իրավունքի սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին:

Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ օրենսդրական տեխնիկայի կանոններին համապատասխանության տեսանկյունից նշենք հետեւյալը:

1. Նախագծի 1-ին հոդվածի «ՀՕ-308-ն» բառերն առաջարկում ենք փոխարինել «ՀՕ-308» բառերով՝ ճիշտ նշելու համար «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի թիվը:

2. Նախագծի 1-ին հոդվածով՝ օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասում կատարվում է լրացում, որի համաձայն. «Մշտական հանձնաժողովներում օրենքների նախագծերի վերաբերյալ ոչ դրական եզրակացությամբ որոշումներն ընդունվում են, եթե որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն 1/2-ը»: Համաձայն Նախագծին կից ներկայացված հիմնավորման՝ նշված լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «ԱԺ մշտական հանձնաժողովների հիմնական գործառույթը դա օրենքների նախագծերի վերաբերյալ եզրակացություն տալն է եւ այդ եզրակացությունից է կախված, թե քննարկվող օրենքի նախագիծն ԱԺ հերթական նստաշրջանի կամ նիստի օրակարգ ընդգրկվելու է, թե ոչ, եւ, որպես կանոն, մշտական հանձնաժողովների կողմից ոչ դրական եզրակացություն ստացած օրենքների նախագծերը հիմնականում չեն քննարկվում լիագումար նիստերում , այսինքն , որպես կանոն, օրակարգից դուրս են գալիս : Փաստորեն, ըստ վերոգրյալի, ԱԺ պատգամավորները ոչ դրական եզրակացության արժանացած օրենքների նախագծերին չեն ծանոթանում, չեն քննարկում եւ զրկվում են կարծիք ու դիրքորոշում հայտնելու իրավունքից»: Այդ առումով անհրաժեշտ է նկատի ունենալ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները, որոնց համաձայն.

«Հերթական նստաշրջանի օրակարգի, ինչպես նաեւ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծերը կազմված են երեք մասից ՝

ա) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը ներկայացրել է դրական եզրակացություն.

բ) հարցեր, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել.

գ) պարտադիր եւ ըստ անհրաժեշտության քննարկվող հարցեր»:

Հիշյալ դրույթի բովանդակությունից բխում է, որ հերթական նստաշրջանի օրակարգի, ինչպես նաեւ դրանում լրացումներ կատարելու մասին նախագծերը կազմված են նաեւ այն հարցերից, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն չի ներկայացրել : Այսինքն՝ գլխադասային հանձնաժողովի կողմից ոչ դրական եզրակացություն ներկայացնելու դեպքում նախագիծը (հարցը) դուրս չի գալիս օրակարգից եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն ընդգրկվում է հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում:

3. Նախագծի 2-րդ հոդվածի «հրապարակման» բառն առաջարկում ենք փոխարինել «հրապարակման օրվան» բառով՝ ապահովելու համար համապատասխանություն «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 2-րդ մասին:

Նախագծի վերաբերյալ այլ դիտողություններ եւ առաջարկություններ չկան:

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ

ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ`                                                                 Գ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Կատարող` Ս. Առաքելյան

հեռ. 011-513-337